Հայ առաքելական եկեղեցին հունվարի 23-ին նշելու է Սուրբ Սարգսի տոնը, որն ուղեկցվելու է ավանդական տոնախմբությամբ: «Տոնը շարժական է: Այն հայտարարված է երիտասարդների օրհնության օր, որը հաստատել է Ամենայն Հայոց Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը: Երկար տարիներ այդ տոնը մեզ համար սիրելի է դարձել: Սուրբ Սարգիսը հայ ժողովրդի սիրելի սրբերից է, որին մարդիկ միշտ դիմել են բարեխոսության ակնկալիքով»,-«Նոյան տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում այսօր ասաց Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը:
Նա փաստեց, որ արդեն 11 տարի տոնը մեծ շուքով նշվում է. «Առաջին հերթին, մենք նշում ենք հոգեւոր մասը: Հունվարի 23-ի առավոտյան ժամը 11.00-ին մատուցվելու է սուրբ Պատարագ: Եկեղեցի կբերվի մասունքակիր աջը, նաեւ Ավետիս երեցի ձեռագիրը, որը պահվում է Մատենադարանում: Մինչեւ երեկոյան ժամերգությունը սրբությունները կմնան եկեղեցում եւ ժողովուրդը հնարավորություն կունենա երկրպագելու»:
Տեր Պետրոսն ասաց, որ տոնի առթիվ առաջին անգամ կպարգեւատրվեն առաջընթացում ծառայող մի խումբ զինվորներ: Նրանցից մի քանիսն արդեն զորացրվել են:
Բանախոսը տեղեկացրեց, որ հունվարի 23-ին, ժամը 14:00-ին Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց կմեկնարկի խաչերթ. «Կանցնենք Մաշտոցի եւ Բաղրամյան պողոտաներով, իսկ Սիրահարների այգում տեղի կունենա համերգ, որին կմասնակցեն նաեւ ԱՀԹ խմբերը: Խաչով-խաչվառներով երթին կմասնակցեն տարբեր թեմերի երիտասարդներ, կրթահամալիրների սաներ, սկաուտներ, պատանի երկրապահներ, եկեղեցական համայնքների անդամներ: Նրանց կուղեկցի նաեւ Սուրբ Սարգսի կերպարը մարմնավորող ձիավորը: Հիշում եմ՝ նախորդ տարիներին մարդիկ դուրս էին գալիս պատշգամբ, ողջունում, միանում երթին: Դա մեծ տոնակատարություն է, մեր ժողովուրդն արժանի է այն տոնելու եւ ուրախանալու»:
Կարդացեք նաև
ԱՀԹ երիտասարդաց միությունների ատենապետ Վահան Մարդյանի խոսքով. «Երթի գաղափարախոսությունը սերն է եւ երիտասարդության եռանդը: Յուրաքանչյուր երկրում նման երթի ամբողջ քաղաքով կարձագանքեին: Սա անձնական եւ կուսակցական երթ չէ, այլ սիրո, լավատեսության, ուրախության երթ: Տոնն իսկապես մեծ ժողովրդականություն է վայելում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Որովհետև մեկ Աստված կա և մեկ միջնորդ, Աստծո և մարդկանց միջև` Հիսուս Քրիստոս մարդը»։
1 Տիմոթեոս 2:5
«Որովհետև (Հիսուս Քրիստոսը) միշտ կենդանի է, որ նրանց (Աստծուն մոտեցողների) համար բարեխոսություն անի»։
Եբրայեցիներին 7:25
Եվ այսքանից հետո չփորձեք ինձ համոզել, որ այլ բարեխոսներ կան։