Լրահոս
Օրվա լրահոսը

Մկրտիչ Մինասյան. ՀՀԿ-ն պատրաստ է բոլորին ընդունել կոալիցիա

Հունվար 21,2016 13:42

«ՀՀԿ-ն միշտ էլ դռները բաց է պահել բոլոր նրանց առջեւ, ովքեր ցանկացել են հայրենիքի առջեւ ծառացած խնդիրները լուծել: Այսօր ՀՅԴ-ն, վաղը եթե մեկ ուրիշը կկամեն`որեւէ խնդիր չեմ տեսնում: Տնտեսական խնդիրներ լուծելու համար, անկախ քաղաքական նկրտումներից, բոլորս պարտավոր ենք համատեղել մեր ջանքերը: Այսօր այդպիսի ժամանակներ են»,-«Փաստարկ» մամուլի ակումբում խոսելով ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի հնարավոր կոալիցիայի մասին՝ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:

«Ոչինչ, թող մեր պորտֆելները վերցնեն: Եթե հիշում եք, մենք պատասխան ենք տվել ոչ միայն մեր 7, այլ 17 պորտֆելի համար»,- այսպես արձագանքեց նա լրագրողներից մեկի դիտարկմանը, որ եթե բոլորը ՀՀԿ-ի հետ կոալիցիա մտնեն՝ ՀՀԿ-ականների համար պաշտոնները չեն բավարարի, ընդդիմություն էլ չի մնա:

Ինչ վերաբերում է վերջին դիտարկմանը, բանախոսը քաղաքական մոտեցումների տարբերությունները միշտ էլ բնական է համարում ու կարծում է, որ դա նույնիսկ կարող է օգնել`ճիշտ լուծումներ գտնելու հարցում:

Ըստ բանախոսի, աշխարհաքաղաքական այս խառը իրավիճակում Հայաստանը պիտի իր քաղաքական վեկտորներն ուղղի ոչ միայն դեպի Հյուսիս, այլ նաեւ Արեւմուտք, կարողանա այնպիսի հարաբերություններ կարգավորել բոլորի հետ, որ մեր երկրի համար հնարավորինս օգուտներ քաղենք`խուսափելով մեծ կորուստներից. «Մարդկային ռեսուրսներ կան, տնտեսական եւ քաղաքական վերլուծական կարող ուժեր կան, կառավարությունն էլ ամեն ինչ անում է ՀՀ-ի տնտեսական զարգացման հնարավորությունները մեծացնելու համար»:

Նա նկատի ունի գյուղատնտեսության ամբողջական զարգացումը, հանքային ջրերի շուկայի զարգացումը, ստորգետնյա հարստությունների վերամշակումը, ոչ թե որպես առաջնային հումք արտահանելը. «Մենք ունենք հող, ջուր, ընդերք: Սրանք գլոբալ ուղղություններն են, որոնք Հայաստանի կառավարությունը, տնտեսական ինստիտուտները վերլուծում են: ՌԴ-ի հետ մեր գործընկերային հարաբերությունները կպահպանվեն, բայց մենք բազմավեկտոր քաղաքականություն պիտի վարենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031