«Ես կարծում եմ, ՀՅԴ-ն ճարահատյալ է գնում կոալիցիայի, այլապես դուրս կմնա քաղաքական կյանքից, ԱԺ-ից: ՀՅԴ-ն ստիպված հրաժարվում է իր սկզբունքներից`իշխանությունում լինելու համար, որպեսզի կարողանա իր ծրագրային դրույթները բարձրաձայնել, փորձել իրագործել»,- այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում իր կարծիքը բարձրաձայնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: «Ընդդիմությունը նույնպես նշանակովի է, ՀՅԴ-ին ընդդիմություն չեն նշանակում»,- կարծում է բանախոսը:
Հիշեցնենք, օրերս «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարել էր, որ ՀՅԴ-ին առաջարկվել է կոալիցիա կազմել, իրենք էլ սկզբունքորեն դեմ չեն:
Միաժամանակ, բանախոսն անտրամաբանական եւ անհասկանալի է համարում իր օլիգարխ պատգամավորներով վայրի կապիտալիզմի կուսակցություն ՀՀԿ-ի եւ սոցիալիստ ՀՅԴ-ի համագործակցությունը իշխանության նույն թեւում: «Այս կոալիցիաների ձեւավորումը անբնական է, դա կարկանդակ բաժանել է, պաշտոն ունենալու մարդկանց կիրքը բավարարելը, մի բանով զբաղվելը, իշխանությունում տեղ ունենալը, որ քո գործով չզբաղվես»,- ասաց նա:
Ազատ Արշակյանը հասկանում էր, երբ ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը նույն հարթակում էին. «Ես իրենց ընդդիմախոսն էի ԵԱՏՄ-ի մասով, բայց բնական էր, նրանք պետք է միանային ՀՀԿ-ին, դրանք բուրժուական կուսակցություններ են: Երբ փլուզումը եղավ ու սահմանադրության նկատմամբ տարբեր մոտեցումներ եղան, ես ենթադրեցի, որ Մոսկվայում ապակայունացման պրոցեսների արդյունքում տարբեր ազդակներ էին գալիս Հայաստան: Նրանք ամուսնանում եւ բաժանվում են առանց մոտիվացիայի»:
Կարդացեք նաև
Այժմ, ըստ բանախոսի, ՀԱԿ-ը տատանվում է, բայց նա պետք է լինի ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի հետ. «ՀԱԿ-ը նաեւ նախկին ՀՀՇ-ն է: ՀՀԿ-ն իր ազդեցությամբ երկրորդն էր ՀՀՇ-ից հետո`«Հանրապետություն» բլոկում: Նրանք նախկին ծանոթներ են, խնամի, փեսա-աներձագ, իմպերիայի նկատմամբ էլ նույն վերաբերմունքը ունեն: Բայց երեւի սցենարիստն այդպես է որոշել»:
Այն ինչ տեղի է ունենում հայաստանյան քաղաքական դաշում`ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի համագործակցությունը, Ազատ Արշակյանն արհեստական է համարում: Նա բնական է համարում, որ ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը» համագործակցեն եւ միասին գնան ընտրությունների. «ԵԺԿ-ականները պետք է միասին լինեն: Բրյուսելը նույնպես հանձնարարություններ է տալիս, միայն Մոսկվայից չեն կախված»: ՀՅԴ-ն էլ, ըստ նրա, պետք է սոցիալիստական ուժերին համախմբելով գնա ընտրությունների, լիբերալներն էլ`«Ազատ դեմոկրատներ», «Ազատություն» միասին:
Ազատ Արշակյանը կարծում է, որ նոր Սահմանադրությունն իջեցրեց Հայաստանի կարգավիճակը, քանի որ ՀՀ-ն ներկայացնող երկու պաշտոնյաները`նախագահը եւ վարչապետը ընտրովի չեն, նշանակովի են:
Ըստ նրա, Հայաստանն այնքան է զրկված իր ինքնիշխանությունից, որ չի կարողանում իր շահից բխող Սահմանադրություն ունենալ. «Բայց մենք շատ բանի ենք պատրաստ, լավ ներուժ ունենք: Մեր պետականության հիմքերը շատ թույլ են, մետրոպոլիան թույլ չի տալիս մեր շահը հետապնդենք: Արտաքին ազդեցությունները շատ են, բայց վերջին կես տարին ինձ հույս են տալիս, որ ՌԴ-ի իմպերիալիստական ծրագրերը ձախողվում են, ՌԴ-ն կգնա ժողովրդավարություն եւ մենք կդառնանք ոչ թե ՌԴ-ի վասալն այլ գործընկերը»:
Ազատ Արշակյանը լավատես է` 2017-ի ընտրություններին Հայաստանը կգնա նոր պետության ստեղծման, որը Հայաստանը կտանի դեպի ժողովրդավարություն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ