Մասնագետները` մասնավորապես ճարտարապետները, կարծես թե այնքան էլ մտահոգված չեն շենքի ճակատագրով, քանի որ նրանց արձագանքը այս օրերին բացակայում է: Ճարտարապետների թվացյալ անտարբերության պատճառները ճարտարապետների միության նախագահ ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԸ համարում է այն, որ քանդված շենքն այնքան էլ մեծ արժեք չուներ, որի համար պետք էր պայքարել ու դիմադրել:
Բացի դրանից, պատմական միջավայրից դուրս եւ այլ` ժամանակակից ու առավել ծավալատարածական միջավայրում հին Երեւանից մնացած հատուկենտ շինությունները պահպանելը ճարտարապետն անիմաստ է համարում: Չնայած դրան, քաղաքաշինական խորհուրդը, քննարկելով շենքը քանդելու հարցը, իր բացասական վերաբերմունքն է արտահայտել, բայց խորհուրդը որոշում կայացնող չէ:
«Այս օրերին շատ ավելի կարեւոր ճարտարապետական ու պատմական նշանակություն ունեցող կառույցի ճակատագիր է որոշվում, ճարտարապետները փորձում են կործանումից փրկել Զվարթնոցի կլոր շենքը, որն իսկապես պետք է ժառանգել հետագա սերունդներին:
Բացի դրանից, մենք արդեն շատ պատմաճարտարապետական արժեքներ ենք կորցրել` Երիտասարդական պալատը, Փակ շուկան եւ այլն, որոնց համեմատությամբ Արամի 30 հասցեում գտնվող շենքը փոքր կորուստ է` մանավանդ եթե հաշվի առնենք, որ միջավայրից դուրս այդ շենքի պահպանումը մի տեսակ անիմաստ էր դարձել:
Տուֆակերտ մեկհարկանի այդ շենքը ինքն իրենով որեւէ արժեք չէր ներկայացնում պատմաճարտարապետական առումով եւ ոչ էլ ընդգրկված էր պետության կողմից պահպանվող կառույցների ցանկում: Շենքի պահպանությունն իմաստ կունենար, եթե քաղաքաշինական զարգացման համար ոլորտի պատասխանատուներն առաջնորդվեին հինը պահպանելու միջոցով նորը ստեղծելու սկզբունքով:
Կարդացեք նաև
Շատ կարեւոր է, թե ինչ ճանապարհ ենք ընտրում քաղաքի կենտրոնի հետագա զարգացման համար: Եթե ընտրում ենք պատմական շերտը ոչնչացնելու միջոցով նորը կառուցելու եւ քաղաքը լիովին վերափոխելու ճանապարհը, ապա նման կառույցների հատուկենտ գոյությունն անհեթեթ է դառնում։ Իսկ եթե ընտրում ենք հին շերտը կառույցներով եւ դրա շրջակա միջավայրով պահպանելով նորը կառուցելու սկզբունքը, ապա Արամի 30 հասցեում երբեմնի գտնվող կառույցի պես շենքերի պահպանությունը իմաստալից է դառնում: Մեզ մոտ որդեգրվել է առաջին մոտեցումը, ինչի պատճառով արդեն իրոք պատմամշակութային արժեք ներկայացնող շատ շինություններ ենք կորցրել: Դրանք կա՛մ հիմնահատակ քանդվել են, ինչպես Երիտասարդական պալատը, կա՛մ աղավաղվել, ինչպես Փակ շուկան:
Արամի եւ Աբովյան փողոցների հատման կետում եւ ընդհանրապես Արամի փողոցի երկարությամբ հին շենքերը ժամանակին քանդվեցին, փոխարենը կառուցվեցին նորաոճ, արդեն նոր միջավայր ձեւավորող կառույցներ: Այսօր հին շենքերից մնացել են հատուկենտները, որոնք միջավայրից դուրս այլեւս չեն արտացոլում Երեւանի հին դեմքը, ուստի դրանք պահպանելը ստեղծված նոր միջավայրում իմաստ չունի:
Այսպես թե այնպես այդ շենքերը կորչելու են մեծածավալ եւ մոդեռնիստական ոճով կառուցված շինությունների արանքներում` չինտեգրվելով նոր միջավայրին եւ ավելի աղավաղելով կենտրոնի տեսքը»,- ասում է Մկրտիչ Մինասյանը:
Այդուհանդերձ որքան էլ ճարտարապետը փորձում է հասկանալ ստեղծված իրադրությունը, անթույլատրելի է համարում քաղաքի դիմագիծն այնպես աղավաղելը, որ հին Երեւանից, պատմություն ունեցող Երեւանից շատ բան է անհետանում: Նրա խոսքով՝ անհրաժեշտ էր, որ քաղաքի պատմություն համարվող շենքերը, որոնք իրենց միջավայրն են ստեղծում, մարդկանց ցույց են տալիս հին Երեւանն ու երեւանցու ապրած կյանքը, պահպանվեին։
«Լավ կլիներ, որ քաղաքի այդ էջերը պահպանվեին, բայց ներդրողներին ո՛չ Երեւանի հին դիմագիծն է հետաքրքրում, ո՛չ պատմությունը, ոչ էլ ճարտարապետական արժեքները: Նրանց համար առաջնայինը շահույթն է, ահա ինչու մեզանում միմիայն բիզնես ծրագրեր են իրագործվում, որոնց մեջ իմ նշած արժեքները տեղ չունեն: Ներդրողը չի ցանկանում գումար ծախսել հին շենքերը վերականգնելու, ամրացնելու եւ պահպանելու համար: Նրա համար ավելի հեշտ է հնի ավերակների վրա նորը կառուցել»:
Ճարտարապետը ցավով է նշում, որ Աբովյան փողոցն իր նախկին տեսքով այլեւս չկա, այն աստիճանաբար վերափոխվում է, ուրիշ պատմության սկիզբ դնում: Ուստի հիմա աղմուկ բարձրացնելով հնարավոր չէ հին միջավայրը հետ բերել, պատմության անիվը հետ շրջել:
Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում