ԵՄ-ՀԱՅԱՍՏԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 16-ՐԴ ՆԻՍՏ
ԵԼՈՒՅԹ
• Հայաստանի նկատմամբ ԵՄ առևտրային քաղաքականության գնահատում.
Կարդացեք նաև
• Տնտեսական իրավիճակը Հայաստանում, տնտեսական համագործակցության հեռանկարները
Հարգարժա՛ն նախագահություն, հարգելի՛ ներկաներ
1991 թվականի անկախացումից հետո Հայաստանի Հանրապետությունը ձեռնամուխ եղավ անկախ տնտեսություն կառուցելու գործին:
Գաղտնիք չէ, որ տնտեսական առավել բարձր և դինամիկ ցուցանիշներ արձանագրելու համար անհրաժեշտ են օբյեկտիվ պայմաններ:
Անկասկած, Հայաստանի Հանրապետությունն ավելի մեծ տնտեսական ցուցանիշներ կարձանագրեր, եթե ունենար բաց սահմաններ և հաղորդակից լիներ Եվրոպական միության հետ:
Սակայն Հայաստանի Հանրապետությունն ապացուցեց, որ անգամ այս բարդ պայմաններում կարող է զգալի տնտեսական ցուցանիշներ գրանցել:
Մենք հասել ենք այն արդյունքին, որ մեր տնտեսական չափորոշիչները դարձել են ընկալելի միջազգային շուկայում:
Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականությունն առաջնորդվում է ժամանակակից և մրցունակ առաջնահերթություններով:
Ժամանակակից աշխարհը փոփոխվում է արագ և դինամիկ, ուստի Հայաստանի տնտեսությունը մշտապես արդիականացվում է և քայլում ժամանակին համահունչ:
Մեզ համար անթույլատրելի է արկածախնդիր գործելաոճը, և դա է պատճառը, որ տնտեսական յուրաքանչյուր մարտավարություն մշակելիս հետևում ենք միջազգային բարձր ստանդարտներին և դրանք համապատասխանեցնում մեր երկրի տնտեսական իրավիճակին և պայմաններին:
Այս համատեքստում մեր համար մշտապես կարևորվել է Եվրոպական միության հետ սերտ համագործակցությունը:
Հայաստան-Եմ համագործակցության սկիզբը դրվել է 1991-ին TACIS ծրագրի միջոցով, որին հաջորդում է 1992 թ-ին Եվրոպական համայնքի կողմից ՀՀ-ի անկախության պաշտոնական ճանաչումը:
1999 թվականին ուժի մեջ է մտնում Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը:
2006 թ. ՀՀ կառավարությունն ընդունում է Գործընկերության և համագործակցության համաձայնագրի իրականացման համար Ազգային ծրագիրը:
Հայաստանի Հանրապետության համար մեծ նշանակություն ունի նաև ԵՄ-ի գիտահետազոտական և նորարարական ծրագրում ՝ ՀՈՐԻԶՈՆ 2020-ում մասնակցությունը, որի վերաբերյալ բանակցություններն ավարտվել են 2015թ-ին, իսկ ստորագրումը նախատեսվում է 2016թ. փետրվարին ՀՀ մայրաքաղաք Երևանում:
Մեր պետության և մեր ազգի համար նշանակալի է վիզաների և ռեադմիսիայի համաձայնագրերի իրականացումը: 2015թ. ապրիլի 29-ին Բրյուսելում տեղի են ունեցել համաձայնագրերի վավերացումը դիտարկելու նպատակով ստեղծված համատեղ կոմիտեների երկրորդ նիստերը, որոնց ընթացքում Հայաստանի Հանրապետության կողմից բարձրացվել է ԵՄ հետ վիզաների ազատականացման վերաբերյալ երկխոսություն սկսելու հարցը:
Հայաստանի Հանրապետություն- Եվրոպական միություն համագործակցության մեկ այլ կարևոր փաստաթուղթ ստորագրվեց 2015 թվականի դեկտեմբեր ամսին: Խոսքը փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ-ներին) ուղղված եվրոպական COSME ծրագրի մասին է, որն ուղղված է ձեռնարկատիրության և ձեռնարկատիրական մշակույթի զարգացմանը,
ՓՄՁ-ների համար ֆինանսական միջոցների մատչելիության բարելավմանը և ՓՄՁ-ների մրցունակության բարձրացմանը։
Խոսելով Արևելյան գործընկերության ծրագրից, պետք է փաստեմ, որ ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի ներքո իրականացվող ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում ձևավորվել են բազմակողմ համագործակցության 4 հարթակներ
1.Ժողովրդավարություն, արդյունավետ կառավարում և կայունություն,
2. Տնտեսական ինտեգրում և ԵՄ քաղաքականություններին համապատասխանեցում,
3. Էներգետիկ անվտանգություն,
4. Ժողովուրդների միջև կապերի ձևավորում՝ ուղղված գործընկեր երկրների անհատական բարեփոխումների իրականացման ջանքերին:
Հայաստանը 2015թ. ընթացքում շարունակել է ԵՄ Արևելյան գործընկերության 2-րդ` «Տնտեսական ինտեգրման և ԵՄ քաղաքականություններին մոտարկման» պլատֆորմի շրջանակներում իրականացվող համագործակցությունը:
Լյուքսեմբուրգում 2015թ. հունիսի 11-ին կայացավ «Թվային տնտեսություն» խորագրով Արևելյան Գործընկերության երկրների նախարարական առաջին համաժողովը, իսկ նույն թվականի մայիսի 7-ին` ԵՄ Արևելյան գործընկերության առևտրի նախարարական առաջին հանդիպումը:
Համագործակցության մեկ այլ կարևոր ձեռքբերում ունենք ավիացիոն ոլորտում՝ 2015թ. դեկտեմբերի 7-ին Եվրոպական Հանձնաժողովը հավանության արժանացրեց ԵՄ ավիացիոն նոր ռազմավարությունը, որը ներառում է նաև Հայաստանի Հանրապետության հետ Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի բանակցման մանդատ ստանալու համար անհրաժեշտ փաթեթը:
Խոսելով այլ ծրագրերի և նախաձեռնությունների մասին՝ նշեմ, որ 2005թ. մայիսի 1-ին ստեղծվել է ԵՄ-ում ՀՀ առևտրական ներկայացուցչություն, նստավայրը՝ Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսել: Բրյուսելում ՀՀ առևտրական ներկայացուցչի ինստիտուտի հիմնումը նպաստեց ՀՀ-ԵՄ երկկողմ առևտրատնտեսական համագործակցության խորացմանը:
ԵՄ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսության կարգավիճակ շնորհելու նպատակով 2005թ. փետրվարին ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ԵՄ-ին՝ ներկայացնելով ՀՀ տնտեսության վերաբերյալ « Հայաստանի Հանրապետության ոչ շուկայական տնտեսության կարգավիճակի վերանայման հայց» փաստաթուղթը:
Ներկայումս եվրոպական կողմը, համաձայն սահմանված ընթացակարգերի, քննարկում է Հայաստանի Հանրապետությանը շուկայական տնտեսության կարգավիճակ շնորհելու հարցը:
Հայաստանի Հանրապետությունը 2009 թվականից մինչև 2013թ. վերջը օգտվել է ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ (GSP+)» արտոնյալ առևտրային ռեժիմից: Այն հնարավորություն ընձեռեց ՀՀ-ին շուրջ 6400 հայկական ծագման ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյացված կամ նվազեցված մաքսատուրքերի դրույքաչափերով:
ԵՄ-ն 2013թ. հայտարարեց 2014թ. հունվարից մեկնարկելիք նոր` վերանայված «GSP+» համակարգի մասին: Հայաստանի կողմից 2013թ. ընթացքում նախապատրաստվել և Եվրոպական հանձնաժողովին է ներկայացվել նոր ռեժիմից օգտվելու համար պահանջվող չափանիշների բավարարումը հավաստող ամբողջական փաթեթը: Արդյունքում Եվրոպական Հանձնաժողովի որոշմամբ Հայաստանն ընդգրկվեց այն 10 երկրների շարքում, որոնք հնարավորություն ստացան 2014թ. հունվարի մեկից օգտվելու նոր «GSP+» ռեժիմի նոր փուլից:
Հայաստանի կողմից «GSP+» ի օգտագործման մակարդակը շարունակում է մնալ բարձր հորիզոնական վրա:
GSP ռեժիմի արտոնությունների ներքո Հայաստանից Եվրոպական միություն հիմնականում ներկրվում են ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված ապրանքներ, տեքստիլ ապրանքներ և հագուստ , ինչպես նաև սննդամթերք։
2015թ. մարտի 25-ին արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ Բարձր ներկայացուցիչը և Եվրոպական հանձնաժողովը հրապարակել են 2014թ. Եվրոպական հարևանության քաղաքականության վերաբերյալ Համատեղ հաղորդագրությունը և Եվրոպական հարևանության քաղաքականության երկրների առաջընթացի ու հարևանության երկու տարածաշրջանների վերաբերյալ ընդհանուր զեկույցները:
Ֆինանսատնտեսական ոլորտի վերաբերյալ զեկույցում արձանագրվում է, որ Հայաստանը շարունակում է իրականացնել ողջամիտ մակրոտնտեսական քաղաքականություն` համաձայն Գործողությունների ծրագրի նպատակների, ինչպես նաև առաջընթաց է գրանցվել մակրոտնտեսական քաղաքականության, աղքատության նվազեցման և սոցիալական ներդաշնակության ուղղությամբ:
Համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո, թեև տնտեսական աճի տեմպերը զիջում են մինչճգնաժամային աճի տեմպերին, սակայն երկրի տնտեսական աճի վերաբերյալ տեղի են ունեցել որակական մի շարք տեղաշարժեր:
2015 թվականին դեպի ԵՄ երկրներ արտահանումը կազմել է ՀՀ ընդհանուր արտահանման 29.9 տոկոսը, իսկ ԵՄ երկրներից ներկրումը կազմել է ներմուծման 23.5 տոկոսը:
Փաստեմ, որ Հայաստանի Հանրապետությունում մեծ ծավալ են կազմում նաև ԵՄ անդամ երկրների ներդրումները, որոնք մեծամասամբ կատարվել են տնտեսության հետևյալ ոլորտներում՝ հեռահաղորդակցություն, էլեկտրականություն, մեծածախ առևտուր, խմիչքի արտադրություն, գազի, հանքագործական արդյունաբերություն, ջրի հավաքում, մշակում և բաշխում,հիմնային մետաղների արտադրություն:
2015 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում կատարված ԵՄ երկրների ներդրումների ծավալը կազմում է 181.3 մլն ԱՄՆ դոլար:
2015 թվականի փետրվարի 2-ի դրությամբ ԵՄ անդամ երկրների կապիտալի մասնակցությամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցված են 674 ձեռնարկություններ:
Հայաստանյան գործարար միջավայրը՝ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները ցանկություն ունեն ԵՄ–ի հետ ապրանքաշրջանառություն ունենալ, մենք կարևորում ենք երկկողմ և բազմակողմ համագործակցությունը և դրա շարունակական աճը:
Կարծում եմ շրջանակային համաձայնագրի շուրջ տարվող աշխատանքները հաջողությամբ ավարտի կհասնեն, որը պետք է արտացոլի Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընթացիկ մակարդակն ու ապագայի տեսլականները:
Մենք ընդհանուր եզրեր ունենք ոչ միայն տնտեսական համագործակցության բնագավառում, այլ նաև մեզ համար ընդունելի են մարդու իրավունքների, ժողովրդավարության, հումանիզմի և բազմաթիվ այլ բնագավառներում առկա մոտեցումներն ու ստանդարտները, որոնք առկա են Եվրոպական մեծ ընտանիքում:
Այս ամենը վկայում է, որ մենք կողմ ենք համագործակցության շարունակական զարգացմանն ու ընդլայնմանը:
Շնորհակալություն