Հայտնի ուկրաինացի երգչուհի Անաստասիա Պրիխոդկոն, ով ուկրաինական Եվրատեսիլ երգի մրցույթում հանդես է գալիս Ուկրաինայում լայն ճանաչում ձեռք բերած հայ կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի նոր` «Free now» երգով, անցավ երկրորդ փակ լսումները:
Ահա թե ինչ է գրում Անաստասիա Պրիխոդկոյի պրոդյուսեր Վիտալի Պաստուխը հայ կոմպոզիտորի աշխատանքի և եվրատեսիլի այս տարվա պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեի արձագանքի մասին.
«Ընկերներ, մենք այսօր լսումների էինք: Սա արդեն Եվրատեսիլի նախընտրականի երկրորդ փուլն էր:Ամեն ինչ հիանալի անցավ:Երգը շատ դուր եկավ Կոնստանտին Մելաձեին և ժյուրիի մյուս անդամներին:Որոշումը այն մասին, թե ով է անցնում երրորդ փուլ կհրապարակվի հունվարի 25-ին և 26-ին:Շնորհակալ ենք բոլորից մեզ հավատալու և սատարելու համար:Ես անչափ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր գրել են, զանգահարել, ուղարկել սատարելու տեսանյութեր: Նրանց, ովքեր այսօր ձեռքերը բռունցք արած և մատները խաչած սպասել են, մեր ողջ կազմին, հատկապես Անաստասիյա Պրիխոդկոյին դիմացկունության և ուժեղ կամքի համար ինչպես նաև Շուշան Սարգյանին հրաշալի երգի համար:»
Հիշեցնենք, որ երգի մեջ հնչում է հայկական բլուլ, որը նվագել է Հայաստանի լավագույն բլուլահարներից մեկը`Ավագ Մարգարյանը:Երգի խոսքերի հեղինակն է հայտնի ուկրաինացի գրող Նիկոլայ Բրովչենկոն, գործիքավորումը կատարել է հայտնի գործիքավորող`Դավիթ Դավթյանը: Երգի մեջ ձայնակցել են Նելլի Պողոսյանը, Լաուրա Տիգրանյանը և Էրիկը: Ձայնագրման աշխատանքների մի մասը կատարվել են Կիևում, մյուս մասը՝ Երևանում, որոշ աշխատանքներ էլ Եվրոպայում:
Մամլո հաղորդագրություն