«Սուրբ Սարգիսը մեր ազգի սիրված սրբերից է: Դարձի եկած եւ քրիստոնեություն ընդունած զորավարն անսասան է մնացել իր հավատքում եւ հավատքի համար նահատակվել»,-այսօր «Բլից Ինֆո» մամուլի ակումբում, խոսելով Սուրբ Սարգսի տոնի խորհրդի մասին, ասաց Արարատյան հայրապետական թեմի Սուրբ Հովհաննես եկեղեցու խորհրդակատար Տեր Պարթեւ քահանա Մուրադյանը: Նա տեղեկացրեց, որ տոնն ուղեկցվում է նաեւ գեղեցիկ ազգային ավանդույթներով, որոնք ժամանակին մարդիկ մեծ շուքով են տոնել. «Այժմ էլ եկեղեցու շնորհիվ հնարավորություն ունենք այդ ավանդույթները վերակենդանացնել: Սուրբ Սարգիսը սիրո բարեխոսն է: Ավանդությունն ասում է՝ մի աշուղ պետք է արագ հասներ իր սիրելիին: Նա դիմում է Սուրբ Սարգսին, որն էլ իր ձիով աշուղին հասցնում է սիրելիի մոտ: Դրա համար նրան համարում ենք արագահաս սիրո բարեխոս»:
Տեր Պարթեւը նշեց, որ տոնի ժողովրդական ավանդույթներից են աղաբլիթ ուտելը եւ տան կտուրին կամ շեմին փոխինձով կամ ալյուրով ափսե դնելը. «Եթե պայտի հետքը գիշերը մնում է ալյուրի վրա, ուրեմն այդ տարի ընտանիքում ուրախություն է լինում: Այսօր շատ են ընտանիքները, որոնք հետեւում են այդ ավանդությանը: Էջմիածնում՝ բարեկամներիցս մեկի տանն ականատես եմ եղել, որ հետքը մնացել է: Դա հավատքի դրսեւորում է, պետք է հավատքով դիմենք սրբի բարեխոսությանը»:
Քահանայի խոսքով՝ աղի բլիթ ազգային ավանդույթ է եւ ոչինչ ավելի, դրանով պետք է հավատքը զորացնել, այլ ոչ թե սնոտիապաշտության մեջ ընկնել. «Հույսը պետք է դնել ոչ թե աղի բլիթի, այլ Աստծո վրա: Կախվածության մեջ չպետք է լինել աղի բլիթից»:
Տեր Պարթեւը նաեւ փաստեց, որ տարեցտարի երիտասարդների հոսքը եկեղեցի ավելանում է. «Տարիներ առաջ ավելի շատ շեշտը դրվում էր Սուրբ Վալենտինի վրա, բայց ուրախությամբ նշեմ, որ շատացել են Սուրբ Սարգիսը տոնող երիտասարդները: Նրանք տոնի խորհուրդն են հասկանում: Անգամ եթե չգիտեն, հարցնում են հոգեւորականին: Դա է մեզ համար կարեւորը: Հասկացել են, որ մերն ավելի գեղեցիկ է, քան օտարինը, որը չգիտես՝ ինչ է»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ