«Մենք պահանջում ենք «Նաիրիտ» գործարանի վերագործարկում եւ նախկին աշխատակիցներին աշխատանքով ապահովում: Մեր ակնկալիքն այն է, որ կառավարությունը կփոխի իր մտածելակերպը եւ գործելաոճը»,- այս մասին այսօր Կառավարության դիմաց հայտարարեց «Նաիրիտ» գործարանի արտադրամասի նախկին պետ Արայիկ Կարեյանը:
Նաիրիտցիները կրկին հավաքվել են, որպեսզի պահանջեն «Նաիրիտի» վերագործարկումը: Արայիկ Կարեյանը նշեց, որ աշխատողներից դեռեւս կա մարդ, որը մինչ այսօր աշխատավարձը չի ստացել: «Իսկ մնացածը չեն ստացել նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների աշխատավարձը»:
Արտադրամասի նախկին պետը նշեց, որ գործարանի արտադրության վերականգնումը միանգամայն հնարավոր է: «Գործարանի վերագործարկման հետ կապված բազմաթիվ անգամներ հաշվարկներ են կատարվել: Եթե ցանկություն ունենա կառավարությունը՝ հնարավոր է 1 տարում վերագործարկել»:
Նաիրիտցիների համար հիմք չեն կառավարության պարզաբանումները, թե գործարանի վերագործարկումը հնարավոր չէ, քանի որ այն հնացել ու մաշվել. «Ես գործարանում աշխատել եմ 35 տարի: Գործարանն ի վիճակի է աշխատելու եւ արտադրանք տալու: Միայն գազի հոսքագծով եթե աշխատի՝ ամիսը 1000 տոննա արտադրանք կտա: Կան սարքավորումներ, որոնք պետք է փոխվեն: 70-80 միլիոն դոլարով գործարանը կվերագործարկվի»:
Կարդացեք նաև
«Ա1+»-ի լրագրողի հարցին, թե բյուջեի սուղ պայմաններով դա շատ մեծ ծախս չի՞ լինի, Արայիկ Կարեյանը պատասխանեց. «Սուղ պայմաններում եթե հնարավորություն ունեն դատախազներին, մարզպետներին, նրանց կանանց եւ թիկնապահներին ապահովել բնակարաններով, ավտոմեքենաներով, սրա համար էլ գումար կունենան»:
Կառավարությունից ոչ ոք չմոտեցավ «Նաիրիտի» աշխատակիցներին: Նրանք երթով շարժվեցին դեպի Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն, որտեղ այժմ ասուլիս է տալիս նախարար Երվանդ Զախարյանը: Նաիտցիները ցանկանում էին ներկա գտնվել ասուլիսին:
Այստեղ նրանց մոտեցավ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Շահվերդյանը: Նա ասաց, որ գործն ընթացքում է եւ 10 օրվա ընթացքում կասեն արդյունքների վերաբերյալ: «Նաիրիտի» աշխատակիցները որոշեցին հաջորդ հինգշաբթի օրը կրկին հավաքվել Կառավարության շենքի մոտ:
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ