«Արամի 30-ն հասցեն մի փոքրիկ հատված է, կղզյակ է ամբողջ համալիրի կառուցապատման նախագծերի մեջ»,- հունվարի 21-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Արամի 30 հասցեի ետնամասում կառուցապատվող շինության նախագծի հեղինակ Աշոտ Ալեքսանյանը:
Նրա խոսքերով՝ Արամի փողոցն անհարմար է, նրա մայթից չեն կարող օգտվել ծերերը եւ սայլակով անձինք. «Մենք մտածելով հրապարակի հետ կապված, որ տրանսպորտը հրապարակի վրա վխտում է, որ վերջերս ապամոնտաժված տոնածառը, որը գործում էր շուրջ 1.5 ամիս, որի շուրջը վխտում էին մեքենաները, եւ ոչ մի երեխա այդպես էլ չկարողացավ մոտենալ այդ տոնածառին: Այսինքն` մենք ունենք տրանսպորտային խիստ կարիք լուծման համար: Հրապարակը պետք է շրջանցել, միակ լավագույնը տեղը Արամի փողոցն է, որը պետք է ընդլայնել եւ հեռացնել թանգարանի թիկունքից՝ թանգարանի թիկունքում ստեղծելով լրացուցիչ մայթ, սովորական թեք մայթ, որից կկարողանան օգտվել հասարակության բոլոր խավերը»:
Աշոտ Ալեքսանյանը հավելեց, որ նաեւ Արամի փողոցով պետք է անցնեն այն կոմունիկացիաները, որոնք շրջանցելու են Հանրապետության հրապարակը, որովհետեւ հրապարակի կենտրոնում պետք է իրականացվի ասֆալտի փոխարեն վերակառուցում. «Այդպիսի ծրագիր կա, դա մեծ ծրագիր է, եւ կառավարության կողմից ընդունված ծրագիր է: Եվ այդ բոլորը հաշվի առնելով, միաժամանակ հաշվի նստելով մեր պատմության հետ, հուշարձանների հետ, որ այդտեղ մենք ոչ մի հուշարձան չունենք, մենք այդ հարցով ստանում ենք ազատություն նման կոմունիկացիաները այդտեղով տանելու. տանում ենք ե՛ւ կոյուղի, ե՛ւ ջրատար, ե՛ւ էլեկտրո կաբելներ եւ այլն: Այդ բոլորն իրականացնելու համար մեզ պետք է քաղաքային երակ, տրանսպորտային երակ: Այդտեղ կառուցապատում չի նախատեսված եւ չի լինելու, քաղաքապետարանի որոշումն իսկապես այդպիսինն է, եւ ես ողջունում եմ նման հստակ կողմնորոշման համար:
Կառուցապատողը իր շենքերը Աբովյան փողոցի կողմից կարմիր գծից հետ է դրել մեր նախագծով, մասնավորապես՝ իմ, 7 մետր, հանրախանութը գտնվում է դարձյալ բավականին հետ, այդտեղ Հյուսիսային պողոտան գալիս է եւ ուղղակի դեմ է առնում այդ կառուցապատման մակերեսին: Այդ կառուցապատման մակերեսը պետք է լինի այնքան նուրբ, այնքան նկարված, այնքան ճիշտ, որովհետեւ Հյուսիսային պողոտայի մի ծայրում Օպերան է, հարավային ծայրում թանգարանի թմբուկը, եւ Աբովյանի եզրով կառուցվող պատը»:
Կարդացեք նաև
Նա ընդգծեց, որ Արամի 30 հասցեում գտնվող «տնակը» հուշարձան չի եղել, հուշարձան չի կարող համարվել. «Եվ այն մեծ մտորումները, քայլերը, որոնք անում ենք քաղաքապետարանի հանձնարարությամբ, ճարտարապետական լուրջ խնդիր է, քաղաքաշինական լուրջ խնդիր է: Եվ այդ հանրության անհանգստությունը, որ դա հուշարձան էր, ես կարծում եմ՝ ավելորդ է, դա հուշարձան երբեք չի եղել: Ես էլ եմ կողմնակից պահպանելու մեր պատմական շերտերը, առաջին կողմնակիցներից մեկը ես եմ, մենք շատ վնաս ենք տվել Երեւանին, հիմա սթափվել ենք բավականին ուշ: Ես ինչի եմ ասում մենք, որպեսզի ոչ մեկի անձն այսօր վիրավորած չլինեմ: Ես, համենայն դեպս, այն ջատագովներից մեկն եմ, որը պաշտպանում է մեր պատմական շերտերը, նրանց նշանակությունը, մեր ամբողջ պատմությունը արտահայտելու համար»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»