Հունվարի 20-ին Բերձորում՝ շրջվարչակազմի նիստերի դահլիճում, Քաշաթաղի շրջանի համայնքների ղեկավարների, շրջվարչակազմի կառույցների աշխատակիցների մասնակցությամբ կայացավ շրջխորհրդի 2016թ. անդրանիկ նիստը, որը վարեց շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը:
Ներկայացնելով օրակարգը՝ Ա. Մխիթարյանը շնորհավորեց շրջանային բուժմիավորման գործադիր տնօրեն Կարեն Գրիգորյանին, ով վերջերս է ԼՂՀ առողջապահության նախարարի կողմից նշանակվել այս պաշտոնում, և մաղթեց բեղմնավոր աշխատանք:
Գարնանացանի նախապատրաստական աշխատանքների մասին զեկուցեց շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության պետ Լևոն Սիմոնյանը: Մինչ հարցին անդրադառնալը՝ տեղեկացրեց, որ անցած տարվա աշնանը շրջանում կատարվել է 15860հա աշնանացան՝ 2014թ. 10400-ի փոխարեն: Նշեց, որ կատարվել է 8490հա ցորենի և 7370հա գարու աշնանացան՝ 2014-ի համեմատ 5460 հա ավելի (ցորեն՝ 4040հա, գարի՝ 1420հա): Ասաց, որ գարնանացանի նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռևս անցած աշնանը և շարունակվում են: Եղանակային բարենպաստ պայմանները հնարավորություն են տալիս այժմ էլ աշխատանքներ իրականացնել ցանքատարածքներում: Արդեն հերկվել է 660հա հողատարածք:
Գարնանացանի իրականացման համար համայնքներից ստացվել են հայտեր, ըստ որոնց անհրաժեշտ է 3560կգ եգիպտացորենի (180հա-ի համար), 3034կգ առվույտի (160հա-ի համար), 64400կգ կորնգանի (640հա-ի համար), 35850կգ կարտոֆիլի (12հա-ի համար), 130կգ արևածաղիկի (30հա-ի համար), 3120կգ հնդկացորենի (31հա-ի համար), 20կգ սոյայի (0,2հա-ի համար) սերմացու: Հայտերն արդեն ներկայացվել են ԼՂՀ գյուղատնտեսության նախարարություն: Բացի սերմացուից, համայնքներից ստացվել է նաև 390տ ազոտական պարարտանյութի և 3տ տերևային սնուցման նյութի հայտ:
Կարդացեք նաև
Լ. Սիմոնյանը տեղեկացրեց՝ շրջանում արդեն գործում են 35 ջերմոցային տնտեսություն, որոնք իրենց արդարացնում ու եկամտաբեր են: Այս տնտեսություններում ևս կատարվում են նախապատրաստական աշխատանքներ: Շրջանի հարավային թևում 35 հողօգտագործող ցանկություն են հայտնել 1 և ավելի հեկտար (ընդհանուր՝ 55հա) բանջարաբոստանային բույսեր մշակել: Նշված տվյալներից երևում է՝ շրջանում այս գարնանը կկատարվի շուրջ 3000հա գարնանացան:
Շրջանի գլխավոր գյուղատնտեսը նշեց նաև, որ գարնանացան մշակաբույսերի համար կարևոր է ոռոգումը, ուստի կա անհրաժեշտություն իրականացնել ոռոգման ջրատարների մոտ 90կմ հատվածի մաքրման, նորոգման աշխատանքներ: Տեղեկացրեց՝ 13500հա ցանքատարածքի վրա կատարվել է պայքար մկնանման կրծողների և այլ վնասատուների դեմ՝ հավելելով, որ կձեռնարկվեն միջոցներ՝ գարնանացանի աշխատանքները ժամանակին և ճիշտ իրականացնելու համար:
Նիստին ներկա էր նաև «Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամ»-ի տնօրեն Մարատ Հասրաթյանը, ով ներկայացրեց կազմակերպության նպատակները: Հիմնադրամը ստեղծվել է պետական ֆինանսական աջակցությամբ սոցիալական ծրագրեր իրականացնելու, մասնավորապես, արտոնյալ պայմաններով առանձին խմբերի անձանց բնակարանային պայմանների բարելավմանն աջակցելու համար:
Բանախոսը տեղեկացրեց, որ 2014թ. դեկտեմբերին ԼՂՀ կառավարության որոշմամբ հիփոթեքային վարկեր ստացած որոշակի կարգավիճակ ունեցող ընտանիքների համար կկատարվի տարեկան տոկոսադրույթների սուբսիդավորման և կանխավճարի տրամադրման ֆինանսական օժանդակության քաղաքականություն:
Նշեց նաև, որ գյուղական համայնքներում բնակվող երիտասարդ ընտանիքներին հիմնադրամն անհատույց կհատկացնի մինչև 3.000.000 (երեք միլիոն) դրամ գումար նոր բնակարան կառուցելու համար, եթե կառուցված է տվյալ բնակելի շենքի կեսը, գտնվում է տվյալ ընտանիքին սեփականություն հանդիսացող հողատարածքում, առկա են բնակարանի նախագիծը, նախահաշիվը, թույլատվությունը: Բացի այդ՝ ընտանիքի ծնողների տարիքը չպետք է գերազանցի 35-ը, տվյալ համայնքում նրանց հաշվառումն ու փաստացի բնակությունը 5 տարուց պակաս չլինի:
Այնուհետև Մ. Հասրաթյանն անդրադարձավ անհրաժեշտ փաստաթղթերին, որոնք պետք է ներկայացվեն հիմնադրամ: Սակայն ավելացրեց, որ մինչ դրանց ձեռքբերելը՝ ցանկալի է, որ բնակարան կառուցողը նախօրոք ներկայանա հիմնադրամ, ներկայացնի պայմանները, և եթե դրանք համապատասխանում են նախատեսված պայմաններին, նոր հավաքի փաստաթղթերը:
Հիմնադրամի տնօրենը նշեց նաև, որ Քաշաթաղի շրջանից դեռ իրենց չեն դիմել այս հարցով, և համայնքների ղեկավարներին հորդորեց աշխատել այս ուղղությամբ: Հաշվի առնելով Քաշաթաղի շրջանի առանձնահատկությունները՝ համայնքների ղեկավարները, շրջվարչակազմի համապատասխան կառույցների ներկայացուցիչները հարցեր ուղղեցին բանախոսին:
Հնչած հարցերին՝ բնակելի տների ու հողատարածքների սեփականաշնորհում, կիսակառույցների վիճակի ճշտում, գրանցման ժամկետ և այլն, տրվեցին պատասխաններ, որոշ հարցերի շուրջ ծավալվեցին քննարկումներ:
Շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը տեղեկացրեց, որ Քաշաթաղի շրջանում քիչ են երիտասարդ ընտանիքները, ովքեր ունեն սեփական բնակելի տուն ու հողատարածք, իսկ ղեկավարի տեղակալ Ա. Մխիթարյանը դիմեց հիմնադրամի տնօրենին՝ առաջարկելով այս ծրագիրը Քաշաթաղի շրջանում իրականացնել որոշակի փոփոխությամբ:
Մ. Հասրաթյանը գոհ մնաց հարցադրումներից, քննարկումներից՝ հավելելով, որ հիմնադրամում ևս կքննարկվեն խնդիրները: Տեղեկացրեց՝ հիմնադրամը 2016թ. սկզբից նման ծրագրեր կիրականացնի նաև հանրապետության քաղաքային համայնքներում՝ բացառությամբ Ստեփանակերտից ու Շուշիից: Քաղաքային համայնքներում ծրագրից օգտվելու իրավունք ունեն ծառայողական պարտականությունը կատարելիս զոհված զինվորականների ընտանիքները, անժամկետ հաշմանդամություն ունեցող 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամ զինվորականները, բազմազավակ ընտանիքները (4 և ավելի երեխա), միակողմանի ծնողազուրկները, փախստականները: Հիմնադրամը նաև օժանդակում է ուսանողությանը քաղաքային տրանսպորտով ուղևորվելիս:
Շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դ. Դավթյանը դիմեց Մ. Հասրաթյանին՝ նույն հարցով օժանդակել նաև Բերձորից Ստեփանակերտ մեկնող քաշաթաղցի ուսանողներին՝ հավելելով, որ շրջվարչակազմն այժմ շաբաթը 2 անգամ ուսանողներին հատկացնում է միկրոավտոբուս Ստեփանակերտ մեկնելու և վերադառնալու համար, սակայն հնարավորությունները սուղ են: «Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամ»-ի տնօրենը նշեց, որ բոլոր հարցերը կքննարկվեն, և հնարավոր է՝ որոշակի փոփոխություններ լինեն որոշումներում:
Նիստում ելույթ ունեցավ նաև Քաշաթաղի բուժմիավորման գործադիր տնօրեն Կարեն Գրիգորյանը: Անդրադարձավ համայնքներում գործող բուժկետերի աշխատանքի բարելավմանը, նշեց, որ համայնքների ղեկավարները նույնպես պետք է հետևեն բուժքույրերի աշխատանքին: Կարևորեց համայնքներին հատկացված ՈՒԱԶ մակնիշի մեքենաների առկայությունը՝ հավելելով, որ դրանք պետք է ծառայեն նաև որպես շտապօգնության մեքենաներ: Համայնքների ղեկավարներն այս և այլ հարցերով դիմեցին բուժմիավորման գործադիր տնօրենին: Քննարկվեցին բուժկետերի կահավորման, հատկացվող դեղամիջոցների, վառելիքի, անաշխատունակության թերթիկ ստանալու, գրիպով հիվանդների, այս հիվանդության պատճառով ժամանակավորապես փակված կրթօջախների և այլ հարցեր:
Այս օրերին շրջանում գրիպի պատճառով դասեր չեն ընթանում 17 դպրոցում: Նիստն ամփոփեց շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Ա. Մխիթարյանը՝ շնորհակալություն հայտնելով ելույթ ունեցողներին, քննարկելով մի քանի հարցեր ես:
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ