Հարցազրույց Հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ առաջնորդ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ
-Քաղաքական կոալիցիաների ստեղծումը մեզանում հետաքրքիր նախապատմություն ունի. ոգեւորությամբ միանում են, բայց դրան հաջորդում են ցավոտ ապահարզանները: Այսօր խոսվում է ՀՀԿ-ՀՅԴ հնարավոր կոալիցիայի մասին։ Ձեր գնահատականը:
-Հնարավոր կոալիցիան վերլուծենք նախ կուսակցական տեսակետից: Այսօր ՀՀԿ-ն Ազգային ժողովում ունի մեծամասնություն, այսինքն՝ ՀՀԿ-ն չունի կոալիցիայի անհրաժեշտություն: Մեծամասնություն ունենալու խնդիրը կառաջանա նոր ընտրությունների ժամանակ միայն:
Բայց այսօր ստեղծելով կոալիցիա՝ ՀՀԿ-ն կլինի ապահովված, որ դաշտն իրենն է: Այսինքն` իր կոալիցիոն գործընկերների հետ ԱԺ մեծամասնություն դառնալը ավելի հեշտ կլինի, ավելի երաշխավորված:
Կարդացեք նաև
-Փաստորեն այդպիսով դրվում է այդքան չարչրկված կայուն խորհրդարանական մեծամասնության ձեւավորման հի՞մքը:
-Ես չեմ ուզում այդ վերլուծության մեջ խորանալ, բայց ստեղծվող կոալիցիան ոչ թե ուղղված է այս պահին ինչ-որ բան անելուն, այլ երաշխավորում է այդ կուսակցությունների տեղերը 2017-ին եւ հանգիստ քաղաքական կյանքը, այսինքն՝ լուծվում է ընտրությունների հետ կապված հարցեր` ապահովելու ընտրական հաղթանակ:
Այսպիսով ՀՀԿ-ն կոալիցիա ստեղծելով՝ լուծում է ոչ թե այս պահի, այլ եկող ընտրությունների հարցը:
Եթե ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն մինչեւ ընտրությունները լինեն մեկ կոալիցիայի մեջ, կարեւոր չէ՝ դաշինքով կգնան թե առանձին-առանձին, բայց կարեւորն այն է, որ այդ քայլով իշխող քաղաքական ուժը կկարողանա ապահովել իր ապագա հաղթանակը` դժվարացնելով ընդդիմադիր դաշտում հանդես եկողների գործը:
Իսկ ի՞նչ են ստանում ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն այս կոալիցիայից: Նրանք կստանան իշխանական պորտֆելներ, որոնք իրենց կուսակցությունների կառուցման համար թերեւս կլինեն օգտակար:
Կոալիցիայի ստեղծումը դիտարկելով Հայաստանի շահերի տեսանկյունից՝ ուզում եմ հարցնել. երբ ՀՀԿ-ն կոալիցիայում էր, եւ երբ ՀՀԿ-ն միայնակ էր, դա Հայաստանի իրավական, տնտեսական զարգացման մեջ ի՞նչ կտրուկ փոփոխությունների է հանգեցրել։ Պատասխանը միանշանակ է` նման փոփոխություն չի եղել: Հետեւաբար չունեմ սպասումներ, որ ստեղծվող կոալիցիան ինչ-որ բան կփոխի Հայաստանում:
Ինչ վերաբերում է քաղաքական դաշտի վրա ներգործությանը, ապա, այո, կոալիցիայի ստեղծումը քաղաքական դաշտի վերաձեւավորման հարցում շատ մեծ նշանակություն կունենա:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում