Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանը իր վստահելիների դավաճանությանը խիստ պատիժներով է պատասխանել. «Ժողովուրդ»

Հունվար 21,2016 11:24

Հունվարի 20-ի լուսադեմին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցի խանութներից մեկի դիմապակին անհայտ անձը պայթեցրել էր։ Խանութի սեփականատիրոջ կինը հրապարակավ կասկած է հայտնել, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է կազմակերպել այն։ Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել։

Խանութի սեփականատեր Արսեն Արսենյանի կինը՝ տիկին Սուսաննան, հայտնել էր, թե սա առաջին դեպքը չէ, որ անհայտ մարդիկ փորձել են գազի բալոններով պայթեցնել խանութը։

Իսկ ի՞նչ կապ կա Սամվել Ալեքսանյանի եւ Արսեն Արսենյանի միջեւ։

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դեռեւս 2004 թվականին Սամվել Ալեքսանյանի քեռու տղաները՝ Սամվելը, Ռուդոն, Արսեն Արսենյանը, Արմեն Իսրայելյանը, որը հայտնի է Ձուկ մականունով, աշխատել են Սամվել Ալեքսանյանի թիմում, եղել են նրա տարբեր բիզնեսների «փողեր հավաքողները» կամ այսպես ասած՝ «նազիր-վեզիրները»։ Ի դեպ, ըստ լուրերի՝ Ձուկն ու Արսենը միմյանց հետ ծանոթացել են կալանավայրում։

Եվ Ալեքսանյանի մոտ լինելով ու հաճախ մեծ գումարների հետ առնչվելով՝ այս «հրաշալի քառյակը» չի դիմացել գայթակղությանը եւ որոշել է պատգամավորի միլիոններից ձախ բաժին ունենալ։

Հերթական մի օր, երբ պատգամավորի բիզնես գումարները հավաքած՝ նրանք վերադարձել են մայրաքաղաք, որոշել են 170 հազար ԱՄՆ դոլար գումարը «մեջ-մեջ անել»։

Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Գյումրի-Երեւան ավտոճանապարհին տղաները ավազակային հարձակում են բեմադրել՝ Սամվել Ալեքսանյանին պատմելով, թե իբրեւ դիմակավորված անձինք իրենց սպառնացել են սպանել՝ պահանջելով մոտների եղած գումարը։ Ըստ ամենայնի, Սամվել Ալեքսանյանը հավատացել է տղաներին, քանի որ 2004 թվականին տեղի ունեցած դեպքը այդպես էլ չի բացահայտվել ո՛չ իրավական, ո՛չ էլ քրեական ճանապարհով։ Ու կարելի է ասել՝ պատմությունը փակվել էր։

Տպավորությունն այնպիսին է, որ այսքանից հետո տղաները պետք է վայելեին իրենց «աշխատանքի պտուղները», քանի որ հա՛մ փողն էին կիսել, հա՛մ շարունակում էին աշխատել Ալեքսանյանի հետ՝ լկտի պահվածքով աչքի ընկնելով։ Սակայն պատգամավորի քեռու տղաների՝ Սամվելի, Ռուդոյի, Արսեն Արսենյանի եւ Արմեն Իսրայելյանի՝ Ձկան «ջրերը սկսել են մի առվով չհոսել», նրանք, հավանաբար, լավ չեն կիսել ավարը։ Ու վեճն այն աստիճան է թեժացել, որ «ռազբոյից» 10 տարի անց Արսեն Արսենյանը գնացել եւ Սամվել Ալեքսանյանին պատմել է ողջ եղելությունը՝ հավատարմության այդ քայլի դիմաց ներում հայցելով։

Բայց, ինչպես դասականն էր ասում, «խիյարը թարս բուսնեց», եւ Սամվել Ալեքսանյանը իր վստահելիների դավաճանությանը խիստ պատիժներով է պատասխանել՝ նրանց ձեռքից վերցնելով իր կողմից տրված մեքենաները, տները, տարածքները եւ այլն։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031