Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը, Արարատ լեռը և կրեմլյան պրոպագանդան

Հունվար 21,2016 11:05

Շաբաթներ առաջ ստիպված ենք եղել հանդես գալ հրապարակմամբ, ուր մանրամասն անդրադարձանք EADaily.com կայքի կողմից տարածվող ապատեղեկատվությանը: Այն ժամանակ, հիշեցենք, կայքը, հղում տալով լիբանանական հեռուստաալիքի վրա, հայտարարել էր, որ Ռուսաստանը Հայաստանում իր զորամիավորումը կլրակազմի 7 հազար զինծառայողներով ու զրահատեխնիկայով… Ընդ որում, կայքն այդ նյութը տարածելու համար գումար չէր խնայում և շռայլորեն օգտվում էր Facebook-ի վճարովի ծառայություններից:

Ցավոք սրտի, շաբաթներ անց տեսնում ենք իրավիճակի գրեթե նույնական կրկնում: Եվ քանի դեռ Ռուսաստանի ազգային արժույթը հերթական հոգեվարքն է ապրում, այդ երկրի քարոզչական օղակները առավել մեծ եռանդով են նետվում գործի:

Այսպիսով, orer.am կայքը, իսկ այնուհետև նաև նախկինում քչերին հայտնի PandaNews.ամ կայքը հանդես է եկել «Պուտինը վերադարձնում է Արարատ լեռը. ՇՏԱՊ!» ռուսալեզու հրապարակմամբ: Կայքերից և ոչ մեկը մյուսի վրա հղում չի տվել: Կարճ որոնում կատարելուց հետո պարզ է դառնում, որ ռուսական համացանցում կան ճիշտ նույնաբովանդակ հարյուրավոր հրապարակումներ, որոնց սկզբնաղբյուրը, ցավոք սրտի, չգտանք: Սակայն այս նյութը, արդեն հազարներով, կա Vkontakte, Odnoklassniki սոցիալական կայքերում ու բլոգերում:

Հրապարակմամբ խոսվում է, թե իբր Ռուսաստանը Գյումրիի ռազմակայանում տեղադրել է S-400 հակաօդային կայաններ և մտադիր է խզել Ղարսի ու Մոսկվայի պայմանագրերը: Տառ առ տառ նույնաբովանդակ նյութը հրապարակած կայքերից յուրաքանչուրը նշում է, որ հենց իր աղբյուրներ են հայտնել տեղեկատվությունը:

Դժվար է ասել, թե այդ Կրեմլին մոտ կանգնած ի՞նչ աղբյուրներ ունեն հիմնականում իրարից նյութեր տանելով զբաղված «լրատվական» կայքերը (ընդ որում՝ բոլորը), սակայն փաստ է, որ տեղեկատվության տարածումը ամենևին պատահական ու ինքնաբուխ չէ:

Այդ մասին է խոսում նաև այն, որ կայքերից շատերը (օրինակ՝ PandaNews-ը) այդ հրապարակումը տարածում էին օգտվելով Facebook-ի վճարովի գովազդի ծառայություններից, որոնք, այդքան էլ էժան չեն: Բացի այդ, ասվածին պետք է գումարել նաև այն, որ դեռևս 2012 թվականից Ռուսաստանում գործում են կազմակերպություններ, որոնց հարյուրավոր աշխատակիցներ հաստիքով զբաղված են պրո-կրեմլյան նյութերի տարածմամբ՝ առաջին հերթին հենց բլոգոլորտում ու ռուսական սոցիալական կայքերում (Odnoklassniki և Vkontakte): Այդ կազմակերպությունների հիմնական գործը, ըստ նախկին աշխատակիցների, Պուտինի, Շոյգու, Մեդվեդևի ու այլ պաշտոնյաների իմիջի բարձրացումն է և Ուկրաինայի, արևմուտքի ու ռուսական ընդդիմության զրպարտումը:

Սակայն, եթե նախկինում այդ հաստիքավոր բլոգերները աշխատում էին միմիայն Ռուսաստանի և Ուկրաինայի տարածքում և երբեք չէին մնում հայկական լրատվական դաշտ, ապա այժմ, ըստ ամենայնի, իրավիճակը փոխվել է: Ու թեև մի համազարկը դեռ պատերազմ չէ, սակայն այնպիսի տպավորություն է, որ կրեմլյան համացանցային պրոպագանդան Հայաստանում ռազմաճակատ է բացում:

Համենայնդեպս, փաստ է, որ կրեմլյան քարոզչական օղակները արդեն սկսել են առաջին արշավները Հայաստանի վրա: Ընդ որում, սկսել են խոցելով հայ ազգի համար ամենացավոտ տեղերը՝ Արարատ լեռ, Ղարս և այլն: Առանձնապես զարմանալի չի լինի, եթե վաղը ռուսական պրոպագանդան հայտարարի, թե, ասենք, «Երևանում ամերիկացին դեռահաս աղջկա է առևանգել և բռնաբարել» կամ «գերմանացին նորածին հայ երեխա է կերել»: Նմանօրինակ նյութերը մեծ հաջողությամբ տարածվում են տարբեր երկրներում ու արդյունքում անգամ ստանում տեղացի որոշ խմբերի աջակցություն (ինչպես որ եղավ Գերմանիայում իբր «առևանգված ու բռնաբարված» 13 ամյա ռուս աղջկա դեպքում, ում, ինչպես պարզվեց, ոչ առևանգել, ոչ էլ բռնաբարել էին:

Ամեն դեպքում առաջիկայում կտեսնենք, թե որքա՞ն խոցելի է հայրենի լրատվական դաշտը և արդյո՞ք Հայաստանի հանրությունը ունի ապատեղեկատվության դեմ իմունիտետ:

Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031