ՀԱՐՑԱԶՐՈՅՑ «ԵՐԿԻՐ ԵՒ ՄՇԱԿՈՅԹ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԻ ՀԵՏ
«Սփիւռքահայերը ոչ միայն բարոյական պատասխանատուութիւն են կրում պահպանելու իրենց նախնիների մշակոյթն ու ժառանգութիւնը, այլեւ՝ պէտք է ակտիւ ֆիզիկական դերակատարում ստանձնեն իրենց նախնիների հողի զօրացման գործում», այս կարգախօսով շուրջ 40 տարի առաջ Ֆրանսիայում բնակուող մի խումբ երիտասարդներ հիմնեցին «Երկիր եւ Մշակոյթ»կազմակերպութիւնը, որ տարիների ընթացքում համալրուեց տարբեր երկրներց համախոհներով եւ դարձաւ համազգային կառոյց: Միութեան հիմնական գործունէութիւնն է Հայաստանում, Արցախում եւ հայերին պատմականօրէն պատկանած այլ տարածքներում եկեղեցիների եւ պատմա-մշակութային նշանակութեան կոթողների վերականգնումն ու պահպանումը աշխարհասփիւռ երիտասարդ կամաւորների միջոցով:
«Ներդրում ունենալով հայրենիքում, մեր երիտասարդները իւրատեսակ կապ են հաստատում մայր հողի հետ՝ դառնալով նաեւ պատմութեան շարունակողը», զրոյցում նշում են Ամերիկայում «Երկիր եւ Մշակոյթ»ի հիմնադիրները՝ ազգային հարցերի բազմամեայ նուիրեալներ, յայտնի բարեգործներ Նազարէթ Գեւոնեանը, դոկտոր Հայկ եւ Հիլդա Մանջիկեան ամոլը: Շուրջ երեսուն տարի, նրանք անձնուիրաբար համակարգում եւ ղեկավարում են «Երկիր եւ Մշակոյթ»ի գործունէութիւնը Միացեալ Նահանգներում՝ կազմակերպելով դրամահաւաքի ձեռնարկներ ու խրախուսելով երիտասարդներին ներգրաւուել հայրենանուէր գործում: Նրանց ջանքերով, սփիւռքահայ հազարաւոր երիտասարդներ, եւ առաջինը իրենց զաւակները, հնարաւորութիւն ունեցան վերագտնելու ազգային ինքնութիւնը՝ մերձենալով մայր հողին: «Կարեւոր է, որ Սփիւռքում ունենանք եկեղեցի եւ դպրոց, բայց պէտք է գիտակցենք, որ մնայուն է միայն հայրենիքը: Այս մտայնութիւնից ելնելով, պէտք է իւրաքանչիւրս մեր գործունէութեան առնուազն տասը տոկոսը հայրենիքում իրականացնենք»: Ոգեւորիչ եւ յուզիչ էր հետեւել երեք տասնամեակից աւելի նոյն նուիրումով գործող Գեւոնեանի ու Մանջիկեանների զրոյցին, որոնց տարիների աշխատանքը՝ վերականգնուած եկեղեցիներն են ու Հայաստանի եւ Արցախի գիւղական համայնքները:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Որո՞նք էին «Երկիր եւ Մշակոյթ» համազգային բարեգործական կազմակերպութեան տեղծման հիմնանպատակները:
ՀԻԼԴԱ ՄԱՆՋԻԿԵԱՆ.- «Երկիր եւ Մշակոյթ» կազմակերպութիւնը ստեղծուել է 1977 թուականին Ֆրանսիայում, երբ մի խումբ ֆրանսահայ երիտասարդներ Գեղամ Գեւոնեանի նախաձեռնութեամբ որոշում են զբաղուել հայ մշակութային կոթողների պահպանութեամբ ու վերականգնմամբ: «Երկիր եւ Մշակոյ»չի հիմնադիրները համոզուած էին, որ հայ մշակոյթի միջոցով է պահպանւում ազգային ինքնութիւնը, իսկ կոթողները՝ մեր պատմութեան ու մշակոյթի վառ վկայութիւնն են: Առաջին նպատակակէտը լինում է Իրանի Ատրպատականի շրջանում գտնուող պատմական նշանակութեան եւ ԵՈՒՆԵՍՔՕի Ժառանգութեան ցուցակում գրանցուած Սուրբ Թադէի վանքը, որ սկսուել էր քայքայուել ջրից: Նոյն նպատակով աշխատանքներ են կազմակերպւում Իրանի նախկին հայաբնակ շրջաններում. Արաքս գետի ափին գտնուող Սուրբ Ստեփանոս Նախավկայի վանքն է վերանորոգւում եւ Ծործորի Սուրբ Աստուածածին եկեղեցին, որը «Երկիր եւ Մշակոյթ» կազմակերպութեան գաղափարով քար առ քար նոյնութեամբ տեղափոխւում է աւելի բարձր վայր, որպէսզի չվնասուի ջրամբարի կառուցման պատճառով: Այդ տարիներին, կազմակերպութեան գործունէութեանը ծանօթանում է այն ժամանակ Նիւ Եորքի առաջնորդ Մեսրոպ արք. Աշչեանը, եւ նրա նախաձեռնութեամբ 1987թ.ին հիմնւում է կազմակերպութեան Ամերիկայի մասնաճիւղը՝ սկսելով գործունէութիւնը դրամահաւաքի ձեռնարկների անցկացումով:
ՆԱԶԱՐԷԹ ԳԵՒՈՆԵԱՆ.- Իրան այցերը, որ հնարաւոր էին Շահի ժամանակաշրջանում, յեղափոխութիւնից յետոյ սահմանափակուեցին: Հայաստան նոյնպէս դիւրին չէր գնալ խորհրդային տարիներին: Սակայն «Երկիր եւ Մշակոյթ» կազմակերպութեան անդամների համոզումն ու մղումն անսասան էր, եւ որոշուեց աշխատանքները շարունակել Քեսապում՝ Կիլիկիայից մնացած միակ գիւղում: Այնտեղ շատ վանքեր ու մշակութային կոթողներ չկային, բայց ժողովուրդ կար, ովքեր ապրում էին իրենց մեծ պապերի տներում՝ հայկական աւանդոյթներով ու ազգային մշակոյթով: Սակայն Քեսապում բնակուող ոչ մեծ թուով հայերի նոր սերունդներն էլ կամաց-կամաց հեռանում էին՝ վաճառելով իրենց տները, առանց գիտակցելու, թէ մշակութային ինչպիսի արժէք ունեն այդ օջախները հայերի համար, եւ յատկապէս եկեղեցուն յարող թաղամասը: «Երկիր եւ Մշակոյթ»կազմակերպութիւնը որոշում է գնել վաճառուող տները եւ առաջին ձեռքբերումը՝ մի քանի հարիւր տարուայ կիսախարխուլ տուն էր, որը վերանորոգուեց: 1982 թուականից Քեսապում սկսուած աշխատանքները ներառում են նաեւ Սուրբ Ստեփանոս մատուռի վերանորոգումը: Մեր ծրագրերում կամաւոր հիմունքներով ընդգրկւում էին բազմաթիւ երիտասարդ տղաներ ու աղջիկներ՝ վերանորոգելու եւ վերականգնելու Քեսապը, եւ սա բաւական ոգեւորիչ էր, ու մեծ ազդեցութիւն ունեցաւ տեղի բնակիչների համար: Նրանք էլ սկսեցին վերարժեւորել ունեցածը, միացան մեզ ու ամէն տարի անհամբերութեամբ էին սպասում:
Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Նյութի մանրամասները կարդացեք Asbarez -ի կայքում