Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանափոխությունը սկսված է»

Հունվար 21,2016 10:14

Մոտ մեկ տարի առաջ՝ անցած տարվա փետրվարի 5-ին, «Շանգրիլա» ժամանցի կենտրոնում տեղի ունեցավ ԲՀԿ-ի նախաձեռնությամբ հրավիրված համաժողով, որին մասնակցում էին տարբեր տրամաչափի ընդդիմադիր քաղաքական գործիչներ, չէր մասնակցում ՀԱԿ-ը: Հնչեցին թե՛ կառուցողական եւ թե՛ «ազատ գեղարվեստական» ելույթներ. օրինակ՝ երկրորդ նախագահի առավել ագրեսիվ կողմնակիցները խոսել են իշխանության փամփերսների եւ կովի կրծկալների մասին: Մթնոլորտն այնպիսին էր, որ շատերը համոզված էին՝ եթե ոչ վաղը, ապա մյուս օրը անպայման տեղի կունենա իշխանափոխություն, եւ հիմա այն պահն է, երբ պետք է որքան հնարավոր է համոզիչ «ուշունց» տալ իշխանություններին՝ «ռեժիմի դեմ» առավել ակտիվ պայքարողների շարքում հայտնվելու եւ ապագայում երկրի ճակատագիրը որոշելու համար: Մինչ այդ ընդդիմադիր կամ, ինչպես այդ ժամանակ ընդունված էր ասել՝ «ոչ իշխանական» Եռյակը բազմիցս հայտարարել էր, որ «իշխանության վերջնահաշվարկը սկսված է»:

Սա ջուրը չտեսած բոբիկանալու ոչ առաջին, ոչ էլ, վստահ եմ, վերջին դեպքն է: Բազմաթիվ բացասական հետեւանքներով հանդերձ՝ ցանկալին իրականի տեղ դնելը բերում է (մի՛ զարմացեք) հասարակությունից կտրված վիճակի: Օրինակ՝ քանդվում է «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը: (Եկեք իրերն իրենց անունով կոչենք` էստակադան քանդելուց հետո աշտարակն այլեւս բանի պետք չի լինելու` ոչ գեղարվեստական, ոչ էլ ֆունկցիոնալ առումով): Բայց կուսակցություններին եւ իշխանություններին «ուշունց տվողներին» դա չի հետաքրքրում` շատ «համոզիչ» պատճառաբանությամբ. «Դա մասնավոր հարց է, այնինչ խնդիրը համակարգային է: Այս իշխանությունների օրոք շենքերը միշտ քանդվելու են: Ա՛յ, որ վաղը կամ մյուս օրը իշխանափոխություն լինի, ոչ մի շենք էլ չի քանդվի»:

Խնդիրն իսկապես համակարգային է. 2000 թվականից սկսած՝ քանդած շենքերի տեղը կառուցապատող եւ եկամուտ ստացող գործարարները կա՛մ հենց իրենք` իշխանավորներն են, կա՛մ նրանց մտերիմները, կա՛մ մարդիկ, որոնք իշխանավորների հետ ունեն ինչ-ինչ (նաեւ «փողային») ստվերային պայմանավորվածություններ: Բայց դա ամենեւին չի նշանակում, որ պետք չէ պայքարել համակարգային խնդրի կոնկրետ դրսեւորումների դեմ ու սպասել, մինչեւ լինի իշխանափոխություն` հավատացնելով, որ դա տեղի կունենա մոտակա օրերի, շաբաթների կամ ամիսների ընթացքում:

Միակ կուսակցությունը, որն ակտիվ էր հենց հասարակության հարցերը բարձրացնելու առումով, «Ժառանգությունն» էր, երբ նրա խորհրդարանական խմբակցությունում էին Լարիսա Ալավերդյանը, Անահիտ Բախշյանը, Ստեփան Սաֆարյանը, Արմեն Մարտիրոսյանը: Իհարկե, կոնկրետ մի ոլորտում ինչ-որ բան փոխելը, ինչ-որ մի խնդիր լուծելը բարդ է, հսկայական մտավոր եւ հոգեւոր ջանքեր, ինչպես նաեւ ժամանակ է պահանջում: Շատ ավելի հեշտ է մոտալուտ իշխանափոխությունից խոսելը եւ օդի մեջ խարազանող բառեր ասելը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ներկա Հայաստանում դեպի Մոսկվա նայող ո՛չ մի քաղաքական ուժ «ընդդիմադիր» չի կարող լինել: 125 տարի «հող ազատագրել» խոստանալը կամ նվազագույն աշխատավարձն ու խաղողի մթերման գինը բարձրացնել ցանկանալը (աշխարհա)քաղաքական գաղափարախոսություն չէ՛: Ոչ էլ «ավելի լավ նախագահ» լինել խոստանալն է քաղաքական գաղափարախոսություն:

    Պայքարիր նաև փողոցում: Ընտրությունները հսկող անկախ դիտորդներիդ թիվը շատացնել ձգտիր: Այս նպատակի համար միավորված ֆոնդ ստեղծիր ու սփյուռքահայերին էլ փորձիր ներգրավել: Այս բոլորը լավ է և ճիշտ :

    Բայց հիշիր, որ Հայաստանում խաղաղ իշխանափոխության միակ ուղին երկրում երկբևեռ (կամ բազմաբևեռ) աշխարհաքաղաքական կողմնորոշվածության քաղաքական դաշտ ունենալն է: Հենց ա՛յս պատճառով Վրաստանում (ընտրությունների միջոցով) խաղաղ իշխանափոխություն եղավ:

    • Հ.Շ. says:

      Վրաստանում պարզապէս արտաքին ուժերի ձեռքով իշխանափոխութիւն եղաւ, ժողովուրդը բաւարար ազգային ջիղ չունէր որ դէմ դնէ այդ օտար ու խորթ ձեռնավարութեան, եւ նաեւ՝ երկիրը կորսնցուց մօտ քարորդ տոկոս տարածքաշրջան, Ջավախքի յատուկ պարագան ալ որ նկատի առնենք, եւ արդէն «Վրաստան»ը կը դառնայ մի երեւակայական յղացք, շնորհաւորութիւն վրացիներին, այդ հոյակապ յեղափոխութեան համար…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031