Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կասի Պուտինը

Հունվար 21,2016 16:30

Մասնագետները գոհ են. ՀՀ իշխանությունները
դիմել են ՌԴ իշխանություններին՝ գազի գինը նվազեցնելու խնդրանքով

«Հայաստանը, օրինակ, գազի հարցում կախվածության մեջ է ՌԴ-ից, եւ միանգամայն նորմալ է, որ կառավարությունը փորձելու է բանակցություններ վարելով՝ հասնել գների նվազեցման: Որքան որ հնարավոր լինի գազի գինը նվազեցնել, այնքան լավ արտադրողների համար, քանի որ տվյալ ապրանքի ինքնարժեքի հաշվին արդեն հնարավոր կլինի մրցունակություն ապահովել»,- «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց տնտեսագետ Համլետ Թադեւոսյանը:

Հիշեցնենք, որ օրերս վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է կենցաղային ապրանքների եւ սննդամթերքի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող մի շարք տնտեսվարողների՝ իրենց խնդրանքով: Հայրենական արտադրողները ներկայացրել են իրենց մտահոգությունները՝ տեղական արտադրանքի մրցունակության եւ աշխատատեղերի պահպանման վրա էներգակիրների բարձր գների բացասական ազդեցության մասով: Ելնելով էներգակիրների գների համաշխարհային հետընթաց դինամիկայից՝ նվազումից, գործարարները խնդրել են վարչապետին ԵՏՄ անդամակցության շրջանակներում դիմել Հայաստանի Հանրապետության ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությանը` ներմուծվող գազի սակագնի նվազեցման եւ արտադրողների համար ազգային արժույթով գնագոյացման խնդրանքով: Վարչապետը տեղեկացրել է, որ ՀՀ իշխանությունները այդ հարցով դիմել են ՌԴ իշխանություններին, եւ հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության հետ մեր գործընկերության ռազմավարական բնույթը՝ ակնկալում են ստանալ հարցի դրական լուծում:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Հովիկ Աբրահամյանն առաջարկել էր նաեւ ԵՏՄ շրջանակներում էներգակիրների առեւտուրը ռուբլով անել: Ավելի ուշ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատկան գերատեսչություններին հանձնարարեց դիտարկել հնարավորությունները:

Այդ հանդիպման ժամանակ վարչապետն ասել է նաեւ, որ կառավարությունը պատրաստ է տարբեր գործիքներով աջակցել մեր արտադրողներին՝ աշխատատեղերի պահպանման եւ ձեռնարկությունների զարգացմանը նպաստելու համար, անթույլատրելի է համարել որեւէ աշխատատեղի կրճատումը: Համլետ Թադեւոսյանը չի կիսում այն դիտարկումը, որ այսպիսով, փաստորեն, շուկայական պայմաններում տնտեսության զարգացման պարագայում կառավարությունը մասնավոր հատվածի գործունեությանը միջամտություն է ցուցաբերելու: «Կառավարությունը մեկ կազմակերպության համար չի բանակցում: Եթե, ասենք, գազն էժանանա, բոլորի համար է էժանանալու: Այլ հարց կլիներ, եթե, ասենք, կառավարությունը միջնորդեր գազի գնի իջեցում միայն կոնյակի արտադրության համար: Կստացվեր, որ մեկ կազմակերպության համար գազն էժան էր, մյուսի համար՝ թանկ: Իսկ այս տարբերակը միանշանակ ընդունելի է»,- ասաց նա: Հետաքրքրվեցինք՝ որքա՞ն է հավանականությունը, որ ՌԴ-ն ընդառաջ կգնա, մանավանդ որ՝ եթե անգամ սահմանին գազի գնի վերանայում լինի, միեւնույն է՝ ներսում էլ, փաստացի, ռուսական ընկերությունն է գազ վաճառողը եւ գին սահմանողը: Մեր զրուցակիցը կարծում է, որ այս պարագայում հավանաբար կգործի նման տարբերակ՝ արտադրական նպատակներով օգտագործվող գազի համար որոշակի զեղչային մեխանիզմներ կմշակվեն: Ասենք, տասը հազար մետր խորանարդ գազ սպառելու դեպքում, ենթադրենք, հիսուն դոլարով գազի գինը կնվազեցվի: Ժամանակին, ի դեպ, նման մեխանիզմ գործել է:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը եւս կողմնակից է, որ պետությունն իրականացնի իրեն վերապահված կարգավորիչ գործառույթը: Ավելին՝ նա կարծում է, որ այս փուլում կառավարությունը դա պետք է «ակտիվ» անի՝ մինչեւ շուկայի կայացումը: «Ես ողջունում եմ կառավարության ռիսկային, բայց գործարարների համար բավական նպաստավոր դիրքորոշումը»,- ասաց Թաթուլ Մանասերյանը՝ զուգահեռներ տանելով հետխորհրդային Ղրղըզստանի հետ, որտեղ չափից ավելի նեոլիբերալ հայացքների պատճառով տեղական արտադրությունը վերացել է: «Այս դեպքում պետությունը պիտի սատար կանգնի գործարարներին: Իսկ սատար կանգնելը միայն ֆինանսավորել չէ, արտոնություններ չեն: Նաեւ՝ կազմակերպական հարցեր են: Օրինակ՝ ասենք, տնտեսական մրցակցության հանձնաժողովը նույն կանոնները կիրառելիս երբեմն պետք է նաեւ տարբերակված մոտեցում ցուցաբերի: Այն տնտեսվարողներին, ոչ առաջին անհրաժեշտության ապրանքների մասով, որոնք, օրինակ, բարձրացնում են շահույթի նորման եւ, իրենց հաշվարկներով, նաեւ արտահանման գծով են ինչ-ինչ գումարներ ակնկալում, որը հետո պիտի վերազինման համար օգտագործեն, կարելի է մի քիչ տարբերակված մոտեցում ցուցաբերել: Եղել են դեպքեր, երբ առկա ստանդարտները կիրառելով՝ տույժեր ու տուգանքներ են նշանակվել: Նման հարցերում պետք է մի քիչ անհատական մոտեցումներ ցուցաբերել՝ ըստ տվյալ օրինակի: Նույնը վերաբերում է հարկային քաղաքականությանը: Պետք է կարողանալ գտնել այն հարկային դրույքաչափը, որից վերեւ բեռ է դառնում գործարարի համար, որից ներքեւ էլ պետական գանձարանի համար գումար չենք կարողանում ապահովել. այս ոսկե միջինը պետք է փորձել գտնել: Դա դժվարագույն հարց է, որեւէ պետություն չունի այդ դեղատոմսը»,- ասաց մեր զրուցակիցը: Տնտեսագետն ասում է, որ բազմաթիվ նման ոլորտներ կարելի է թվարկել, բայց իր համար այս ամենում դրվատանքի արժանին ու կարեւորը հետեւյալն է. «Անկեղծ եւ շիտակ դիրքորոշում է ձեւավորվում: Եթե կառավարությունը հետեւողական լինի, պետություն-մասնավոր հատված համագործակցությունը կկայանա՝ տալով դրական պտուղներ»:

Հարցին առավել ամբողջական լուծում տալու համար Թաթուլ Մանասերյանը ոչ պակաս կարեւոր է համարում մասնագիտացված հասարակական-քաղաքացիական հատվածի մասնակցությունն այս համագործակցությանը: Նման կազմակերպություններ մեզ մոտ շատ կան, նույնիսկ մրցակցային սկզբունքով են գործում: «Կարող են նաեւ տնտեսագիտական վերլուծական կենտրոններ լինել, որոնք եւ գործարարներին, եւ կառավարությանը կօգնեն իրենց գիտական հիմնավորումներով՝ մշակելու համար արդյունավետ տնտեսական քաղաքականություն: Եռակողմ համագործակցությունն ավելի արդյունավետ կլինի, քանի որ պետություն-մասնավոր հատված համագործակցության մեջ, որքան էլ դրական ակնկալիքներ կան, չպետք է բացառել, որ պետական չինովնիկն ու գործարարը կարող են համաձայնության գալ՝ ի վնաս պետական շահի: Մինչդեռ անաչառ հասարակական կառույցի առկայությունն ավելի դրական էֆեկտ կապահովի»,- կարծում է մեր զրուցակիցը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031