Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ էր ժամանել ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան

Հունվար 21,2016 15:30

ԱՄՆ-ը հակված չէ Հարավային Կովկասն
ամբողջությամբ հանձնել ՌԴ շահերի սպասարկմանը

Կայուն, ժողովրդավարական Հայաստան, որը խաղաղ կգոյակցի իր հարեւանների հետ

Օրերս Հայաստան եւ Ադրբեջան էր այցելել ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյա` ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի գործերով պատասխանատու, Եվրոպայի հարցերով ԱՄՆ նախագահի գլխավոր խորհրդատու Չարլզ Կուպչանը: Նրա այցը, տարածաշրջանային ուշագրավ զարգացումների ֆոնին, արժանի է դիտարկման, քանի որ պաշտոնական Վաշինգտոնի վերջին քայլերը բավական հետեւողական են եւ ուղղված են մեր տարածաշրջանում իրական ԱՄՆ-ի հետաքրքրությունների ու շահերի արտահայտմանը:

Սերժ Սարգսյանն ընդունել էր Չարլզ Կուպչանին եւ հույս էր հայտնել, որ նրա այցը իր նպաստը կբերի երկկողմ փոխգործակցության զարգացմանը: «Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին՝ Հայաստանին ցուցաբերվող օժանդակության համար, որի արդյունքում եղել են ձեռքբերումներ տարբեր ոլորտներում: Նախագահը կարեւորել է ՀՀ տնտեսական զարգացմանը, բարեփոխումներին, ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության կայացմանը ցուցաբերված ԱՄՆ աջակցությունն ու տարածաշրջանում կայունության ապահովմանն ուղղված ԱՄՆ կառավարության շարունակական ջանքերը»,- ասվում էր պաշտոնական հաղորդագրությունում:

Հանդիպման ժամանակ անդրադարձ էր եղել անվտանգության ոլորտում համագործակցությանը, Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությանը, խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցությանը, միջազգային արդի խնդիրներին ու մարտահրավերներին, տարածաշրջանում առկա իրավիճակին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին, ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարին եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի: Չարլզ Կուպչանը նշել էր, որ Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Հայաստանի հանձնառությունը աշխարհում խաղաղության եւ անվտանգության ապահովման գործում ստանձնած միջազգային պարտավորություններին եւ գոհունակությամբ է փաստել, որ Հայաստանն այդ առումով պատրաստակամ է նպաստել ՆԱՏՕ-ի միջազգային եւ բազմակողմ ձեւաչափով այլ կազմակերպությունների ջանքերին:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը Չարլզ Կուպչանը նշել էր. «Ուրախ եմ այս հնարավորության համար՝ քննարկելու մեր երկրների միջեւ արդեն իսկ գոյություն ունեցող ամուր ու բազմակողմանի կապերի առավել ամրապնդման ուղիները, ինչը թույլ կտա հասնել մեր ընդհանուր նպատակին, այն է` ազատ, բարեկեցիկ եւ անվտանգ Հայաստան, որը խաղաղ գոյակցում է հարեւանների հետ»: Նալբանդյանն ու Կուպչանն անդրադարձել էին հայ-ամերիկյան օրակարգի բազմաթիվ հարցերի, մտքեր էին փոխանակվել հրատապ միջազգային խնդիրների շուրջ, նշել էին, որ 2015-ը բավականին դինամիկ տարի էր՝ երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից. ուժի մեջ է մտել Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնությունը, անցյալ տարվա մայիսին ստորագրվել է ՀՀ եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագիրը, որի հիման վրա ստեղծված առեւտրի եւ ներդրումների խորհրդի անդրանիկ նիստը կայացել է անցյալ նոյեմբերին Երեւանում, գումարվել է նաեւ տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստը։ «Հանդիպմանը քննարկվեցին միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների, ահաբեկչության դեմ պայքարի, հակամարտությունների կարգավորման ուղիների, խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Էդվարդ Նալբանդյանն ու Չարլզ Կուպչանն անդրադարձան ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացին»:

Չարլզ Կուպչանը Երեւանում հանդիպել էր նաեւ Ազգային ժողովի մի շարք պատգամավորների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունից տեղեկանում էինք. «Քննարկումները կենտրոնացած էին այն հանգամանքի վրա, թե ինչպես մեր երկու երկրները կարող են շարունակել բացահայտել նոր ուղիներ մեր ընդհանուր նպատակին հասնելու համար, այն է՝ կայուն, բարգավաճ ու ժողովրդավարական Հայաստան, որը խաղաղ գոյակցում է իր հարեւանների հետ: Ազգային անվտանգության խորհուրդը (ԱԱԽ) այն հիմնական մարմինն է, որի միջոցով Սպիտակ տունը պետական տարբեր կառույցների հետ համակարգում է ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքական հարցերը»:

Հայաստանի տնտեսական զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը հստակ է եւ հայտնի բոլորին: Ինչ վերաբերում է անվտանգության եւ արտաքին քաղաքական խնդիրներին, ապա Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցության որոշումը, ինչպես պարզվեց, խոչընդոտ չէ Հայաստանի եւ Արեւմուտքի հետ հարաբերությունները նոր հարթությունում կառուցելու հարցում:
Այսօր, երբ պարզապես անորոշ է Ռուսաստանի ֆինանսատնտեսական ապագան, իսկ Հայաստանը «հազար թելերով» կապված է Ռուսաստանին, աշխարհաքաղաքական նպաստավոր պայմաններ են ստեղծվել, որպեսզի Հայաստանը որոշակի ինքնուրույնություն դրսեւորի: Իսկ Միացյալ Նահանգներն, ինչպես երեւում է, ամենեւին էլ հակված չէ Հարավային Կովկասն ամբողջությամբ հանձնել Ռուսաստանի շահերի սպասարկմանը: Այս համատեքստում էլ պետք է դիտարկել ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի այցը Հայաստան եւ Ադրբեջան:

Ալիեւին դեռ ծանր խոսակցություններ են սպասում

Ադրբեջանում ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի՝ եվրոպական հարցերով ավագ տնօրեն Չարլզ Կուպչանը հանդիպել էր ադրբեջանական ընդդիմությանն ու Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։ Դրա մասին լրատվամիջոցին հայտնել էին դիվանագիտական աղբյուրները։ Հանդիպմանը մասնակցել էին ընդդիմադիր երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փաստաբաններ ու իրավապաշտպաններ եւ քննարկել էին ԱՄՆ-ի ու Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների զարգացումը, Ադրբեջանի ժողովրդավարական գործընթացներն ու դրանց հեռանկարները, ինչպես նաեւ քաղբանտարկյալների հարցը։

Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Չարլզ Կուպչանի հանդիպմանը, ըստ պաշտոնական տեղեկատվության, քննարկվել էին տարբեր ոլորտներում երկկողմ կապերի զարգացմանն առնչվող հարցեր, կողմերը գոհունակություն էին հայտնել բազմաթիվ ոլորտներում երկու երկրների գործընկերային հարաբերությունների կապակցությամբ եւ ընդգծել էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնման կարեւորությունը։ «Քննարկվել են նաեւ միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, անվտանգության ոլորտում համագործակցությունը, Ադրբեջանում ժողովրդավարական գործընթացներն ու դրանց հեռանկարները, տարածաշրջանում տիրող իրավիճակն ու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր»,- հայտնում էին ադրբեջանական լրատվամիջոցները։

Թե ինչ վիճակ է այսօր Ադրբեջանում ժողովրդավարության, մարդու իրավունքների ոլորտում՝ պարզ է: Մասնավորապես, ամերիկյան կազմակերպությունների ներկայացուցիչները, ամերիկացի փորձագետներն ու ԱՄՆ-ի մամուլը բարձրացնում են Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը: Այս թեման բավական թեժ է պահում, մասնավորապես, Freedom House-ի նախկին ղեկավար, Մարդու իրավունքների ու ժողովրդավարության Մաքքեյնի ինստիտուտի տնօրեն Դեւիդ Կրամերը: Վերջինս օրեր առաջ Turan լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ուշագրավ կարծիք էր հայտնել. «Եթե Ալիեւը ցանկանում է իրեն հեռացնել Արեւմուտքից, ինչը նա հաջողությամբ անում է, ապա դա նշանակում է միայն մեկ բան. Ռուսաստանն ու Իրանը կունենան ավելի մեծ ազդեցություն եւ ավելի մեծ ճնշում կգործադրեն Ադրբեջանի վրա։ Ինձ համար անկասկած է, որ նմանատիպ քաղաքականությունը սխալ եւ վտանգավոր է»,- ասել է նա։ Ապա Կրամերը հավելել էր. «Մաքուր աշխարհագրական տեսանկյունից Ռուսաստանից հեռանալն անհնար է, սակայն Ադրբեջանը կարող էր իր համար բացել ավելի մեծ հնարավորություններ՝ սերտ կապեր ունենալով ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ։ Ադրբեջանի հարեւաններն արդեն իսկ ընթանում են այդ ուղով, իսկ Բաքուն ժամանակ է կորցնում»։

Պաշտոնական Վաշինգտոնն իր հերթին առիթը բաց չի թողնում Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ անբարյացակամ վերաբերմունք արտահայտելու: Մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ Օբամայի վարչակազմի քայլերը, որոնք դրսեւորվում են ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հարցազրույցներով եւ քայլերով, մեղմ ասած՝ անհանգստացնող են պաշտոնական Բաքվի համար: Արդեն բանը հասել էր նրան, որ Ադրբեջանի խորհրդարանում Միացյալ Նահանգների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու նախագիծ էին մշակում, իսկ Ուորլիքին «հայամետ» համանախագահող անվանում: Ադրբեջանի նախագահի ջղաձիգ պահվածքը կարելի է հասկանալ: Մի կողմից՝ ամերիկացի համանախագահ Ուորլիքը ԼՂ իշխանություններին է ընդունում ԱՄՆ-ում, մասնակցում է ԼՂՀ անկախության վերաբերյալ ԱՄՆ-ում կազմակերպվող միջոցառումներին ու շփվում ամերիկացի այն կոնգրեսականների հետ, որոնք աջակցություն են հայտնում ԼՂՀ-ին: Բացի այդ, Վաշինգտոնը սպասում է Ալիեւի պատասխանին` կապված շփման գծում միջադեպերի ուսումնասիրության մեխանիզմների կիրառման հետ:

ԱՄՆ-Ադրբեջան բավական լարված հարաբերությունների ֆոնին ադրբեջանական լրատվամիջոցները օրերս հայտնեցին, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ալիեւին հրավիրել է ԱՄՆ՝ մասնակցելու միջուկային անվտանգության հարցերով չորրորդ գագաթնաժողովին, որն անցկացվելու է Վաշինգտոնում: Այս լուրը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել էր Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը:

Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների բավական ջերմ հարաբերությունները ու երկկողմ տպավորիչ համագործակցությունը տարբեր ոլորտներում, երկրի ներսում հակադեմոկրատական զարգացումները վաղուց են Ադրբեջանին ՌԴ-ի «գիրկը» նետել: Սա հստակ գիտակցում են Վաշինգտոնում: Եթե Ալիեւը մեկնի Վաշինգտոն, ապա կարելի է միայն պատկերացնել, թե ԱՄՆ-ի վարչակազմի կողմից նրա նկատմամբ ճնշումների մակարդակը ուր կարող է հասնել:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031