Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր-Պետրոսյանի պնդումը՝ «Արեւմուտքը Սերժ Սարգսյանի հզոր հովանավորն է, «կռիշան»

Հունվար 21,2016 16:00

Ինչու առաջին նախագահը կծու խոսք չի ասում ՌԴ-ի հասցեին

«Իսկ այժմ դառնանք Սերժ Սարգսյանի հզոր հովանավորին կամ «կռիշային»՝ մեր սիրելի Արեւմուտքին: Ամբողջ խնդիրն այն է, որ երրորդ աշխարհի երկրներին Արեւմուտքը վերաբերվում է ոչ թե այդ երկրների ժողովուրդների շահերի, այլ նրանցում հաստատված ռեժիմների վարքագծի տեսակետից։ Հակառակ հռետորական դատարկաբանություններին, Արեւմուտքի արտաքին քաղաքականության մեջ ժողովուրդ, ազատություն, արդարություն, ժողովրդավարություն հասկացությունները գոյություն չունեն։ Ամեն ինչ ենթարկվում է գեոպոլիտիկայի եւ տնտեսական շահերի տրամաբանությանը… Այն ամենը, ինչ ասվեց երրորդ աշխարհի երկրների ռեժիմների եւ ժողովուրդների մասին, հավասարապես տարածվում է նաեւ Հայաստանի վրա։ Արեւմուտքը ոչ թե հայ ժողովրդի, այլ Հայաստանի հանցավոր վարչախմբի, այսինքն՝ մարդասպանների, ավազակների եւ ընտրակեղծարարների բարեկամն է եւ, որպես այդպիսին, ուղղակի մեղսակցություն ունի մեր երկրում տիրող ահավոր կոռուպցիայի, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոտնահարման երեւույթների արմատավորման գործում». սա առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն է, որը նա արել է տարիներ առաջ՝ 2009-ի հունիսի 12-ի հանրահավաքում՝ մեղադրելով Արեւմուտքին, որ գորովալից ու հովանավորչական վերաբերմունք ունի Սերժ Սարգսյանի եւ նրա վարչախմբի հանդեպ։
Այն ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը դա ասել էր, քանի որ քաղաքապետի ընտրություններում Եվրոպայի դիտորդները, իր խոսքերով, քվեարկության օրը «կերուխում» էին արել ու ասել, թե ընտրություններն անցել են եվրոպական չափանիշներին համապատասխան:

Այս տարիների ընթացքում ունեցել ենք խորհրդարանական, նախագահական, Երեւանի քաղաքապետի ընտրությունները, նաեւ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: «Առավոտը» ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց՝ Դուք դեռ կիսո՞ւմ եք այդ տեսակետը, որ Արեւմուտքը Սերժ Սարգսյանի հզոր հովանավորն է, «կռիշան»:

«Լեւոն Տեր-Պետրոսյանն այդպիսի բան չի ասել: Ինքը մեղադրել է Արեւմուտքին, որ համարժեք արձագանք չի եղել, որ աչք է փակվել ժողովրդավարության եւ մարդու իրավունքների խախտումներին: Բայց ինքը երբեք չի ասել, որ Արեւմուտքը Սերժ Սարգսյանին հովանավորում է: Գրած է հովանավո՞ր, ո՞ր թվին է տենց բան ասել: Ես կճշտեմ»,- այսպես արձագանքեց պարոն Զուրաբյանը:

Երբ պնդեցինք, որ առաջին նախագահի այդ հայտարարությունը տեղադրված է նաեւ ՀԱԿ-ի պաշտոնական կայքում, նա պատասխանեց. «Եթե նման բան եղել է, եղել է քաղաքապետարանի ընտրություններից հետո: Քանի որ հերթական անգամ Արեւմուտքը աչք է փակել, հա, ինքը կարող էր նման գնահատական տալ»:

Մենք ճշտեցինք՝ Դուք չե՞ք կիսում այդ տեսակետը, որ Արեւմուտքը Սերժ Սարգսյանի հովանավորն է՝ նա պատասխանեց. «Ինչ-որ իմաստով՝ հա, ճիշտ է: Եթե ինքը աչք է փակել, ուրեմն հովանավորի դերում է հանդես եկել: Ուզում եք ինձ համոզել, որ հովանավո՞րն է: Այնքանով, ինչքանով աչք է փակել ու փակելու է՝ այդքանով՝ հա, հովանավորն է»:
Լեւոն Տեր-Պետրոսյանն իր այդ հայտարարության մեջ նաեւ բացատրում է, թե ինչու մի կծու խոսք չի ասում ՌԴ-ի հասցեին՝ քննադատելով Արեւմուտքին: Ըստ առաջին նախագահի՝ նախագահական, քաղաքապետարանի ընտրությունների ժամանակ Ռուսաստանը բացարձակապես չի խառնվել մեր երկրի ներքին գործերին. «Ռուսաստանն, ի տարբերություն Արեւմուտքի, երբեւէ չի ասել, որ Հայաստանն արժանի է Սերժ Սարգսյանի պես նախագահի»:

Լեւոն Զուրաբյանի մեկնաբանությամբ՝ ամբողջ խնդիրն այն է, որ ՌԴ-ն չի խոսում ժողովրդավարության, մարդու իրավունքների մասին, իսկ Արեւմուտքը խոսում է, ու երբ անօրինական ընտրությունները որակում է եվրոպական չափանիշներին համապատասխան՝ հակասում է ինքն իրեն:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031