Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանից «ձեռք չքաշել», բայց արտահանումը դիվերսիֆիկացնել

Հունվար 21,2016 15:00

Առաջարկում է տնտեսագետ Վազգեն Սաֆարյանը

Ռուսաստանյան ռուբլու աննախադեպ արժեզրկումը, տնտեսագետների համոզմամբ, ավելի մեծ վնասներ կհասցնի արտահանմամբ զբաղվող հայաստանցի գործարարներին, եթե նրանք չփորձեն «ձեռք քաշել» ռուսական շուկայից եւ այլ շուկաներ փնտրել: Արդեն երկրորդ օրն է՝ փոխանակման կետերում մեկ ռուսական ռուբլին գնվում է 6 դրամով: Մասնագետների կանխատեսմամբ՝ ռուբլին դեռ էլի է իջնելու՝ հաշվի առնելով նավթի գների ամենօրյա անկումը:

«Առավոտը» տնտեսագետ, «Հայրենական ապրանքարտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանից, որը ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ջատագովներից էր, հետաքրքրվեց, թե հիմա է՞լ է կարծում, որ Հայաստանի համար ԵՏՄ-ն, մասնավորապես՝ ռուսական շուկան է փրկությունը, եւ այն մեծ հեռանկարներ է բացելու մեր տնտեսության, գործարարների համար:

Պարոն Սաֆարյանի համոզմամբ՝ «մեր գլխավոր առեւտրային գործընկերը եղել եւ մնում է Ռուսաստանը, որովհետեւ մենք եւ Ռուսաստանը գտնվում ենք միեւնույն արտադրատեխնոլոգիական միջավայրում, որը նախապայման է մեր արդյունաբերական ապրանքները ռուսական շուկայում լավագույնս իրացնելու եւ համագործակցելու»:
Ըստ նրա՝ Հայաստանն իր էներգակիրները, որը մեր տնտեսության կարեւորագույն հումքն է, հիմնականում Ռուսաստանից է ներկրում, եւ բացի այդ՝ արտաքին առեւտրով Ռուսաստանը մնում է մեր գլխավոր գործընկերը: Վազգեն Սաֆարյանի տվյալներով՝ մեր արտահանման ծավալների մեջ դեպի Ռուսաստան արտահանումը կազմել է 14,6 տոկոս, իսկ ներմուծումը Ռուսաստանից՝ մոտ 30 տոկոս. «Մեր պատրաստի արտադրանքի արտահանման հիմնական շուկան շարունակում է մնալ Ռուսաստանը: Եվրոպական շուկա մենք պատրաստի արտադրանք չենք կարողանում արտահանել եւ միայն հումք ենք արտահանում»:

Վազգեն Սաֆարյանը գտնում է, որ Ռուսաստանը ոչ միայն մեր արտաքին առեւտրի գլխավոր գործընկերն է, այլեւ ռազմավարական գլխավոր դաշնակիցը. «Երբ մենք մտնում էինք ԵՏՄ, հանրապետության նախագահն ասաց, որ չի կարելի անվտանգության խնդիրները լուծել մեկ համակարգում, իսկ տնտեսական խնդիրները՝ մեկ այլ»:

«Հայրենական ապրանքարտադրողների միության» նախագահը գտնում է, որ ռուսական շուկայում նավթի գնի տատանումները անցողիկ երեւույթներ են, եւ դրանք կնպաստեն, որ Ռուսաստանը մեծ ուշադրություն դարձնի սեփական արտադրության զարգացմանը:
Ըստ նրա՝ այդ ճգնաժամը կբերի նրան, որ Ռուսաստանը ներմուծմանը փոխարինող տեղական արտադրանքի զարգացում կունենա: Վազգեն Սաֆարյանի խոսքերով՝ կարճ ժամանակամիջոցում Ռուսաստանի բյուջետային քաղաքականությունը, որի մուտքերի գերակշիռ մասը պայմանավորված են եղել ածխաջրածինների արտահանմամբ, կփոխարինվեն արդյունաբերական ապրանքների արտահանմամբ. «Դրա համար էլ մենք, որ ասում էինք՝ պետք է մտնենք Եվրասիական միություն, խնդիր էինք դրել, որ Ռուսաստանի արդյունաբերության հետ պետք է ինտեգրված քաղաքականություն տանենք: Դժվարությունները ժամանակավոր են, իսկ մեր համագործակցության ուղղությունը՝ մշտական»:

Մեր այն հարցին, թե մինչ Ռուսաստանն իր արդյունաբերությունը կզարգացնի, Հայաստանն իր տնտեսության մեջ Ռուսաստանի պատճառով մի քանի քայլ հետ չի՞ գնա, պարոն Սաֆարյանն ասաց. «Հայաստանն իր տնտեսության մեջ հետ գնալու տեղ չունի, մենք այնքան ենք հետ գնացել, որ միայն պետք է առաջ գնանք: Եթե Ռուսաստանի արդյունաբերությունը կազմալուծվել էր 50 տոկոսով, ապա Հայաստանի արդյունաբերությունը կազմալուծվել է 90 տոկոսով: Այսինքն՝ մենք հետ գնալու տեղ չունենք»:

Վազգեն Սաֆարյանից նաեւ հետաքրքրվեցինք, թե ռուսական ռուբլու արժեզրկման պատճառով որքա՞ն վնասներ են կրել մեր գործարարները: Ըստ մեր զրուցակցի՝ այն գործարարները, որոնք գինի, կոնյակ կամ պահածոներ են արտահանում, անցյալ տարի կամ չեն արտահանել, կամ էլ նախորդ տարիների համեմատությամբ քիչ ծավալի արտահանում են իրականացրել եւ այդ պատճառով էլ մեծ վնասներ չեն կրել. «Օրինակ՝ Ծառուկյանը հայտարարեց, որ ինքը, եթե նախանցյալ տարի 450 մեքենա է արտահանել, անցյալ տարի արտահանել է 7 մեքենա: Հաշվարկել են, որ վնասներ կկրեն, դրա համար չեն արտահանում»:

Մեր այն դիտարկմանը, թե չարտահանելն արդեն չի՞ նշանակում, որ վնասներ են կրում, քանի որ իրենց բիզնեսի ուղղություն ընտրել են արտահանումը, պարոն Սաֆարյանն ասաց. «Չարտահանելով վնասներ են կրում տեղում, վնասները նրանում են, որ խաղողը մթերում են եւ չեն կարողանում իրացնել, որպեսզի այդ մթերած խաղողը վերածեն գինու, գինին վերածեն փողի եւ կարողանան իրենց դրամական շրջանառությունն ապահովել, խաղողագործներին, գործարանում աշխատող բանվորներին վճարեն: Այդ իրավիճակը մյուս կողմից՝ տեղական արտադրողին դրդում է, որպեսզի նրանք մտածեն դիվերսիֆիկացիայի մասին, որում պետք է մեծ լինի նաեւ պետության դերակատարությունը: Որոշ գործարարների դա արդեն հաջողվում է»:

Իսկ թե ռուբլու արժեզրկումից որքան վնասներ են կրել մեր գործարարները, Վազգեն Սաֆարյանն ասաց, որ այդ թվերը վերջնական ամփոփված չեն, սակայն արդեն պարզ է, որ արտահանման ծավալները, 2014 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների համեմատությամբ, 2015-ի նույն ժամանակահատվածի համար նվազել են 4,7 տոկոսով (արտահանումը կազմել է 1 միլիարդ 345 միլիոն դոլար):

«Բայց դա խոսում է այն մասին, որ թեեւ Ռուսաստան մենք պակաս ենք ապրանք արտահանում, որոշ տնտեսվարող սուբյեկտներ կարողացել են դիվերսիֆիկացնել իրենց արտահանման շուկաները՝ Իրաք, Չինաստան: Դեպի Չինաստան արտահանման աճը ավելացել է մոտ 10 տոկոսով»,- ասաց մեր զրուցակիցը:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031