Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպանությունը կազմակերպելու եւ կատարելու համար որեւէ անձի մեղադրանք առաջադրված չէ»

Հունվար 21,2016 14:30

Ասում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ Սիմոնյանը

«Անհայտ անձը, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն կատարելու դիտավորությամբ, դեռեւս չճշտված եւ ապօրինաբար ձեռք բերված պայթուցիկ սարքեր է նախապես տեղադրել Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ Կամո Վաղարշակի Ղալթախչյանի անձնական օգտագործման «Տոյոտա Քեմրի» մակնիշի «P948EH50» RUS հ/հ ավտոմեքենայի տակ, եւ երբ Կամո Ղալթախչյանն իր ընկեր Հայկ Վարդապետյանի հետ իր տնից նշված ավտոմեքենայով 2013թ. սեպտեմբերի 22-ին, ժամը 09:10-ի սահմաններում, երթեւեկել է դեպի Աչաջուր գյուղի գյուղամեջ, անցնելով շուրջ 150 մետր ճանապարհ` պայթուցիկ սարքերը գործել են, սակայն, հանցավորի կամքից անկախ պատճառներով, Կ. Ղալթախչյանը եւ Հ. Վարդապետյանը կյանքից չեն զրկվել, իսկ պայթյունի հետեւանքով վնասվել է մեքենայի աջ անիվը եւ վերջինիս շրջակա հատվածը»:
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարեւորագույն գործերով ավագ քննիչ Վ .Հովհաննիսյանի վարույթում է գտնվում թիվ 38107113 քրեական գործը՝ սպանության փորձերի հետ կապված, ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով:

2014թ. հունիսի 3-ին քրեական գործի վարույթը կասեցվել էր, իսկ 2015թ. հունվարի 21-ի որոշմամբ քրեական գործի վարույթը վերսկսվել է:

Նշված քրեական գործով Կամո Վաղարշակի Ղալթախչյանը տուժող է, իսկ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ Սիմոնյանը նրա ներկայացուցիչն է:
Նույն ավագ քննիչ Վ. Հովհաննիսյանի վարույթում է գտնվում նաեւ մեկ այլ՝ թիվ 69102615 քրեական գործը: Քննիչը քրեական գործ հարուցելու մասին որոշումը ձեւակերպել է այսպես. «Անհայտ անձը 2013թ. փետրվարի 25-ին, ժամը 22-ի սահմաններում, Տավուշի մարզի Աչաջուր գյուղի սկզբնամասում գտնվող «Կրիվոյ» կոչվող վայրում, Հ. Ղալթախչյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, իրական վտանգի տակ դնելով նաեւ Հովհաննես Ղալթախչյանին պատկանող եւ վերջինիս վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի 77 OV 707 հ/հ ավտոմեքենայի ուղեւորներ` նույն գյուղի բնակիչներ Արամ Աթարբեկյանի, Մհեր եւ Համբարձում Սաքանյանների կյանքը՝ ապօրինի կերպով ձեռք բերված եւ իր մոտ գտնվող ինքնաձիգից կրակահերթ է արձակել հիշյալ ավտոմեքենայի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ արձակված գնդակները նպատակին չեն հասել, այլ դիպել են ավտոմեքենայի թափքի տարբեր մասերի»:

Այլ կերպ ասած՝ երկրորդ քրեական գործը Կամո Ղալթախչյանի որդու՝ Հովհաննես Ղալթախչյանի եւ նրա մեքենայում գտնվողների նկատմամբ արված սպանության փորձերի մասին է:

Լիպարիտ Սիմոնյանն «Առավոտին» ասում է, որ «թեեւ այժմ քրեական գործով առկա է ապացույցների բավարար համակցություն` Տաթեւ Գասպարյանին եւ Մեխակ Մելիքբեկյանին մեղադրանք առաջադրելու համար, սակայն վարույթն իրականացնող մարմինը՝ հանձին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ ՔԳՎ ՀԿԳ ավագ քննիչ Վ. Հովհաննիսյանի, նրանց նկատմամբ ցուցաբերում է լոյալ վերաբերմունք եւ համապատասխան հոդվածներով մեղադրանք չի առաջադրում:

Այսպես, նշված քրեական գործերով ձեռք են բերվել ապացույցներ այն մասին, որ Կամո եւ Հովհաննես Ղալթախչյանների նկատմամբ սպանության փորձերը կազմակերպել եւ պատվիրել է Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ Տաթեւ Գասպարյանը, իսկ իրականացրել է նույն գյուղի բնակիչ Մեխակ Մելիքբեկյանը: Նախաքննության ժամանակ Գագիկ Ալավերդյանը ցուցմունք է տվել այն մասին, որ մի քանի դեպքերում ինքն է կանխել, որպեսզի տեղի չունենան այդ սպանությունները»:

Գ. Ալավերդյանը, տուժողի ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանի տեղեկացմամբ, հայտնել էր, որ Աչաջուրի մուտքի մոտ Տաթեւ Գասպարյանի հանձնարարությամբ Հովհաննես Ղաթախչյանին սպանելու նպատակով նրա մեքենայի վրա կրակոցներ է արձակել Մեխակ Մելիքբեկյանը, մեքենայի մեջ են գտնվել նաեւ Մհեր եւ Համբարձում Սաքանյանները, Արամ Աթարբեկյանը:

Ըստ նրա՝ գործով ձեռք բերված ապացույցները խոսում են այն մասին, որ 2013թ. սեպտեմբերին Ղալթախչյաններին պատկանող «Տոյոտա» մեքենան պայթեցվել է նույնպես Տաթեւ Գասպարյանի հանձնարարությամբ:

«Տաթեւ Գասպարյանը վկայի ներկայությամբ զենքը տալով Մեխակ Մելիքբեկյանին՝ նրան հանձնարարել է, որպեսզի վերջինս սպանի գյուղապետարանի մոտ ծառի տակ կանգնած Հովհաննես Ղալթախչյանին, սակայն վկան կարողացել է կանխել դա՝ թույլ չտալով Մ. Մելիքբեկյանին կրակել: Տաթեւ Գասպարյանի հանձնարարությամբ՝ Նոյեմբերյանի ճանապարհին Կամո Ղալթախչյանին սպանելու նպատակով դարանակալել են, սակայն ինքը դա նույնպես կարողացել է կանխել»,- ասում է փաստաբանը:
Ի դեպ, Տ. Գասպարյանի կողմից այդ հանցագործությունների կազմակերպման եւ Մ. Մելիքբեկյանի կողմից դրանք կատարելու մասին Գագիկ Ալավերդյանը պատմել էր նաեւ տուժողին՝ Կամո Ղալթախչյանին:

Լիպարիտ Սիմոնյանը «Առավոտին» ասաց, թե վարույթն իրականացնող մարմնի մոտ է գտնվում մի տեսաձայնագրության սկավառակ, որտեղ Մեխակ Մելիքբեկյանը նույնպես հայտնել է Տաթեւ Գասպարյանի կողմից կազմակերպված եւ իր կողմից իրականացված հանցագործությունների, այդ թվում` Հովհաննես Ղալթախչյանին սպանելու նպատակով նրա ավտոմեքնայի վրա կրակելու, Նոյեմբերյանի ճանապարհին Կամո Ղալթախչյանին սպանելու նպատակով դարանակալելու եւ այլ հանցագործությունների մասին:
Մեխակ Մելիքբեկյանն այդ ամենի մասին պատմել է բազմաթիվ անձանց՝ Հայկ Վարդապետյանի, Աշոտ Աբազյանի, Մհեր Սաքանյանի, Սաշա Ղալթախչյանի, Արտակ Մանուչարյանի եւ այլոց ներկայությամբ:

«Նշված հանցագործությունների վերաբերյալ փաստական տվյալները 11 ամսից ավելի գտնվում են ավագ քննիչ Վ. Հովհաննիսյանի տրամադրության տակ, Գագիկ Ալավերդյանն այդ ամենը նաեւ պնդել է Մեխակ Մելիքբեկյանին եւ Տաթեւ Գասպարյանին առերես հարցաքննության ժամանակ, սակայն նման պայմաններում էլ քննիչը ցուցաբերում է անգործություն՝ Տաթեւ Գասպարյանի եւ Մեխակ Մելիքբեկյանի գործողություններին իրավական գնահատական չի տվել»,- ասում է փաստաբանը:
Վերջինս զուգահեռ անցկացրեց Մեխակ Մելիքբեկյանին առեւանգելու ենթադրյալ դրվագով միայն շահագրգիռ անձ հանդիսացող Մ. Մելիքբեկյանի ցուցմունքի հետ, երբ այդ ցուցմունքի հիման վրա մեղադրանք է առաջադրվել 5 անձի, որոնց նկատմամբ առկա են կալանավորման որոշումներ, սակայն մի քանի սպանության փորձերի վերաբերյալ քրեական գործերով, երբ առկա են բազմաթիվ ապացույցներ, վկայություններ, այն կազմակերպելու եւ կատարելու համար որեւէ անձի մեղադրանք առաջադրված չէ, թեեւ թե կազմակերպիչը եւ թե կատարողը հայտնի են:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031