Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիականի ռեկտորը՝ համալսարանի տեսլականի, Արարատի հմայքի ու Հին Երեւանի մասին

Հունվար 21,2016 14:00

Լրացավ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստի պաշտոնավարման 100 օրը: «Առավոտի» հետ զրույցում պարոն Լավեստը նշեց, որ թեեւ այդ 100 օրը շատ արագ է անցել, բայց ինքն այդ ընթացքում հասցրել է ընդհանուր պատկերացում կազմել Ֆրանսիական համալսարանի գործունեության, ուժեղ կողմերի ու առաջխաղացման հնարավորությունների, ինչպես նաեւ ուսումնատենչ ուսանողների մասին: Ջերմ տպավորություն ունի նաեւ Հայաստանի վերաբերյալ, ասում է. «100 օր է՝ այստեղ եմ ապրում, տեղափոխվել եմ ընտանիքիս հետ: Շատ էի լսել, որ հայերը սիրալիր ու հյուրասեր ժողովուրդ են, հիմա արդեն սեփական փորձով կարող եմ փաստել, որ այդպիսին են»:

Ռեկտորից հետաքրքրվեցինք՝ արդյոք ինքն ավելի հակվա՞ծ է համալսարանում ուժեղացնելու գիտական բաղադրիչը, հետազոտական կողմը եւ ընդհանրապես՝ այդ առումով ի՞նչ ծրագրեր ունի:

«Չէի ասի, թե շեշտը ուզում եմ դնել միայն գիտական եւ հետազոտական ուղղության վրա, կասեմ, որ մեր համալսարանի առաջնային նպատակը այնպիսի կրթություն տալն է, որ մեր շրջանավարտները պահանջված լինեն աշխատաշուկայում: Մյուս կողմից էլ գիտական թեզերը շատ կարեւոր են եւ առավելություն են համալսարանի համար: Գիտական ուղղվածությունը գրավիչ է դարձնում համալսարանը տարածաշրջանի համար, դա շատ կարեւոր է, այլ երկրներից էլ կգան այստեղ ուսանելու: Դա նաեւ հնարավորություն կտա ավելացնելու ոչ միայն ուսանողական համակազմը, այլեւ պրոֆեսորադասախոսական անձնակազմը:

Այդպես մեր ուսանողները հնարավորություն կունենան գիտական թեզեր պաշտպանելով՝ համալրել Ֆրանսիական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը: Թեմայի վերաբերյալ արդեն խոսել ենք ԿԳ նախարարի հետ եւ փաստաթղթերը պատրաստելու փուլում ենք, որպեսզի գործին ընթացք տրվի, եւ հնարավորինս շուտ լուծվեն ասպիրանտուրայի հարցերը, այդ թվում՝ զինվորական ծառայությունից տարկետմամբ տեղերի: Այդ նախագծի հաջողությունը պայմանավորված է մագիստրատուրայի մեր ուսանողների բարձր որակով: Այդ ամենը իրականություն կդառնա մեր հիանալի գործընկերների, մասնավորապես՝ Լիոն 3 համալսարանի ու նրա դասախոսների շնորհիվ, որոնք այստեղ կդասավանդեն ու կպատրաստեն մեր ուսանողներին՝ հետագայում այստեղ ունենալով շատ ուժեղ ասպիրանտուրա: Մենք անընդհատ հանդիպումներ ենք ունենում ֆինանսական, իրավական, տնտեսական ոլորտների ձեռնարկությունների ու կազմակերպությունների հետ, որպեսզի միասին որոշենք ասպիրանտուրայի ծրագրերը, քանի որ իրենք Հայաստանի համապատասխան ոլորտներին ավելի ծանոթ են: Մի բան հստակ է՝ Հայաստանը հզոր մտավոր ներուժ ունեցող երկիր է, եւ հայերը կարող են հնարավորություն ընձեռել, որ դրանից օգտվեն նաեւ օտարազգիները»,- կարծում է մեր զրուցակիցը:

Ֆրանսիականի ռեկտորը, վկայակոչելով Իրանի դեմ արգելքներն ու պատժամիջոցները, որոնք օրերս են հանվել, ինչպես նաեւ տարածաշրջանային կրթական զարգացումները, համոզված է, որ Հայաստանը կարող է այդ ամենից օգուտներ քաղել, օրինակ՝ գիտակրթական ոլորտում ներգրավելով ուսանողների եւ երիտասարդ գիտնականների հարեւան երկրներից:

Ժան-Մարկ Լավեստն ընդհանուր գծերով ներկայացրեց Ֆրանսիական համալսարանի առաջիկա 10 տարիների տեսլականը. «Մենք երբեք չենք մոռանում, որ Ֆրանկոֆոն համալսարան ենք, դրա մասին է փաստում Ֆրանկոֆոնիայի գծով Սենգորի ամբիոնի գոյությունը մեր համալսարանում: Այո, Սենգորի ամբիոնը մուտք է տալիս դեպի Ֆրանկոֆոն մշակույթ, բայց Ֆրանսիական համալսարանը մտածում է ընդլայնվել՝ նաեւ անգլոֆոն ծրագրեր առաջարկելով՝ ըստ պահանջարկի: Իմ պաշտոնավարման 100 օրերի ընթացքում ես մտածել եմ ՀՖՀ-ի՝ առաջիկա 10 տարիների ստրատեգիական ուղղությունների մասին, ինչը կանվանենք «ՀՖՀ (Հայաստանում Ֆրանսիական Համալսարան)-2025»: Նախանշել ենք, թե որն է լինելու մեր առաքելությունը՝ կրթության ոլորտում ուղղությունները… Ու քանի որ հարեւան երկրների համար էլ ՀՖՀ-ն կարող է դառնալ տարածաշրջանային կրթական հզոր կենտրոն, արդյոք այդ համատեքստում մենք կառուցվածքային փոփոխությունների կարիք ունե՞նք: Զարգացումները պետք է իրականացնել՝ հաշվի առնելով սոցիալ-տնտեսական միջավայրը, գործընկերներին, աշխատաշուկայի պահանջները, եւ ամեն ինչը պետք է դիտարկվի 10 տարվա կտրվածքով… Առաջիկայում կպարզենք, թե մեր չորս ֆակուլտետներից որ մեկի ուղղությամբ ենք ուզում ընդարձակվել»:

Պարոն Լավեստը հավելեց, որ իր պաշտոնավարման հաջորդ 100 օրերի ընթացքում արդեն կունենան իրենց բուհի նորացված ներքին կանոնակարգը, ձեւավորված ռազմավարական զարգացման ուղղությունները, հստակ կլինի, թե կոնկրետ ինչ ուղղվածության եւ ծրագրերի շուրջ են աշխատելու Իրանի հետ:

Զրույցի ընթացքում նա բավականին դրական արտահայտվեց բուհի ուսանողների վերաբերյալ, ասաց, որ նրանք ցանկացած ծրագրի իրականացման խթան ու գրավական են. «Տարբեր երկրների շատ ուսանողների հետ եմ շփվել, հայ ուսանողները շահեկանորեն տարբերվում են, նրանք ուղղակի կլանում են գիտելիքը ու անսահման աշխատասեր են: Մեկ ամսից 35 ուսանող է մեկնելու մեկամսյա պրակտիկայի Ֆրանսիա, իմ կանխատեսումներով՝ հաջորդ տարի այդ թիվը կհասնի 50-ի»:

Ռեկտորը նշեց, որ Երեւանում կան բոլոր պայմանները աշխատանքից հետո հաճելի հանգիստն ապահովելու համար, ասաց, որ իրեն հին Երեւանն է գրավում: Ժան-Մարկ Լավեստի ձեւակերպմամբ՝ հին շենքերում ոգի կա, դրանք պատմություն են, ու ցանկացած երկիր իրապես ճանաչելու համար նախ նրա հնությունը պետք է ճանաչես: Նա տպավորված է հայ ստեղծագործ երիտասարդներով. «Այսօր հանդիպել եմ երիտասարդ նկարիչ Անի Հովակի հետ; Հիացած եմ, որ Հայաստանում շատ են երիտասարդ նկարիչները, քանդակագործները, երաժիշտները, նրանք են ձեւավորում երկրի դիմագիծը»:
Մեր հետաքրքրությանը՝ Ֆրանսիա վերադառնալիս ի՞նչ կտաներ իր հետ Հայաստանից՝ իբրեւ տիպիկ հայկական հուշանվեր, հուշ, ֆրանսիացի ռեկտորը պատասխանեց, որ հիացած է Արարատի գեղեցկությամբ. «Այն, ինչ կտանեմ ինձ հետ, դա Արարատի պատկերն է, որ տեսնում եմ ամեն օր աշխատանքի գալիս: Արարատն ամեն օր ուրիշ տեսք ունի: Այն տեսնելիս մաքրության, ուժի, հզորության զգացողություն ես ունենում»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031