Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ջրացատկորդները կպայքարեն օլիմպիական 1-ից 2 վարկանիշի համար

Հունվար 21,2016 13:00

Մրցաշրջան 2015-ում Հայաստանի ջրացատկորդները միջազգային ասպարեզներում փոփոխական հաջողություններ ունեցան: Եղան ձեռքբերումներ, միջին, ինչպես նաեւ չհաջողված մրցելույթներ: Այս գնահատականները «Առավոտի» հետ զրույցում տվեց Հայաստանի ջրացատկի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը:

– Պարոն Չանդիրյան, գո՞հ եք անցած տարի մեր առաջատար ջրացատկորդների ընդհանուր մրցելույթներից:

– Մրցաշրջան 2015-ում ունեցանք մեծահասակների եւ երիտասարդների մի քանի մրցում: Ապրիլ ամսին մեր տղաները գերազանց հանդես եկան Դրեզդենում կայացած երիտասարդների աշխարհի առաջնությունում, որին մասնակցում էր 30 երկիր: Վլադիմիր Հարությունյանը նվաճեց չեմպիոնի կոչումը, իսկ նրա երկվորյակ եղբայրը՝ Ազատ Հարությունյանը, արժանացավ բրոնզե մեդալի: Եթե մեր ջրացատկորդները մեկնեին Բաքու, եւ Վլադիմիր Հարությունյանը նույն արդյունքները ցույց տար Եվրոպական խաղերում, մեդալների գլխավոր հավակնորդների մեջ կլիներ:

– Մեծահասակների առաջնությունների մասին ի՞նչ կասեք:

– Մեծահասակների ամենակարեւոր մեկնարկը հուլիս-օգոստոս ամիսներին Կազանում կայացած աշխարհի առաջնությունն էր, որտեղ Լեւ Սարգսյանի 29-րդ եւ Վլադիմիր Հարությունյանի 42-րդ հորիզոնականները աշտարակացատկում անհաջող եմ համարում: Դրանից առաջ Եվրոպայի առաջնությունն էր, որտեղ մերոնց մրցելույթները նույն դիսցիպլինում գնահատում եմ միջին: Լեւ Սարգսյանը զբաղեցրեց 11-րդ, Վլադիմիր Հարությունյանը՝ 16-րդ տեղը: Այսքանով մեծահասակների առաջնությունները մեզ համար ավարտվեցին:

– Բայց տարին, որքան տեղյակ եմ, ավարտեցիք լավ արդյունքներով:

– Տարեվերջին երեք ջրացատկորդներով ուսումնամարզական հավաքի էինք մեկնել Մինսկ: Այն համընկավ Բելառուսի գավաթի բաց առաջնությանը: Մասնակցեցինք եւ, կարելի է ասել, բավականին լավ: Թե Լեւը, թե Վլադիմիրը եւ թե Ազատը 10 մետր աշտարակի մենացատկերում մտան եզրափակիչ՝ մեծահասակների մրցման համար հավաքելով առավելագույն միավորներ: Լեւ Սարգսյանը առաջին տեղով էր մտել եզրափակիչ, որտեղ, ի վերջո, պայքարն ավարտեց երկրորդ հորիզոնականում: Նա զիջեց միայն Եվրոպայի մեծահասակների արծաթե մեդալակրին, որին առավոտյան մրցահերթում հաղթել էր: Ընդ որում, Սարգսյանը վաստակեց իր մարզական կարիերայի առավելագույն բալերը, որը կբավականացներ օլիմպիական ուղեգիր նվաճելուն: Ինչ վերաբերում է եղբայրներին, Վլադիմիրը գրավեց երրորդ, Ազատը՝ հինգերորդ, թե վեցերորդ տեղը՝ արդեն չեմ հիշում: Եղբայրները հանդես եկան նաեւ աշտարակի ու 3 մետր ոստնակի զուգացատկերում ու երկուսում էլ ցույց տվեցին 2-րդ արդյունքը: Այստեղ պետք է արձանագրեմ, որ մենք Հայաստանում զուգացատկերի պայմաններ չունենք: Այս առումով նրանց ցուցանիշը կարեւոր է այնքանով, որ նրանք մրցումից առաջ ընդամենը մի քանի փորձ էին արել:

– Հետաքրքիր է՝ ի՞նչ կլիներ, եթե Մինսկի արդյունքները գրանցվեին աշխարհի առաջնությունում:

– Լեւ Սարգսյանը կմտներ եզրափակիչ՝ 12 լավագույնների մեջ, ու մենք այսօր արդեն օլիմպիական մեկ ուղեգիր կունենայինք:

– Օլիմպիական տարում ի՞նչ կարեւոր մեկնարկներ եք նախատեսել:

– Մարզումները վերսկսել ենք հունվարի 7-ից, եւ ամբողջ նախապատրաստությունն ուղղված է Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Աշխարհի գավաթին, որտեղ խաղարկվելու են օլիմպիական վարկանիշներ: Ուղեգիր նվաճելու համար այնտեղ անհրաժեշտ է մտնել կիսաեզրափակիչ (1-ից 18-րդ տեղեր): Կմասնակցեն Լեւ Սարգսյանն ու Վլադիմիր Հարությունյանը: Նրանք հանդես կգան աշտարակացատկում: Իսկ մինչ այդ՝ հունվարի 27-ին, կմեկնենք Գերմանիա՝ մեծահասակների «Գրան Պրի» մրցաշար, որը վերջին ու գլխավոր ստուգատեսը կլինի վարկանիշային մրցաշարի շեմին: Տարվա ընթացքում՝ օլիմպիական խաղերից առաջ, էլի բարձրակարգ մրցաշարեր ենք նախատեսել՝ Եվրոպայի երիտասարդների ու մեծահասակների առաջնությունները: Բայց գերխնդիրը վարկանիշային մրցաշարն է:

– Ռիոյում ուղեգրի հույս ունե՞ք:

– Այո: Երկուսից էլ: Բայց եթե մեկը հաջողվի, էլի մեր պլանները կատարած կհամարենք:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031