Պատրաստեք ատամնամածուկ` բուսական յուղից եւ աղից
Բերանը գեղեցիկ է՝ առողջ ատամներով: Եթե հասուն մարդու ատամների առողջությունը կախված է դրանց խնամքից եւ սննդից, ապա ապագա փոքրիկի ատամների համար նախապես հոգ է տանում մայրիկը: Ահա թե ինչու հղիության ժամանակ կնոջը խորհուրդ են տալիս որքան հնարավոր է՝ շատ օգտագործել վիտամիններ եւ հանքային նյութեր:
Առողջ ատամներ ունենալու համար շատ կարեւոր է ֆոսֆորով, C եւ D վիտամիններով հարուստ սնունդը: Օգտակար է նաեւ ժամանակ առ ժամանակ ծամել կիտրոնի, նարնջի ու մանդարինի կեղեւ: Ցիտրուսային այս մրգերի կեղեւը պարունակում է ատամների համար անհրաժեշտ ֆիտոնցիտային նյութեր:
Ատամներն ամրացնելու համար պետք է սննդի մեջ ավելացնել աղացած, փոշիացրած թարմ տնական ձվի կճեպ:
Հաճախ կարելի է լսել. քաղցրեղեն շատ մի օգտագործեք, որ ատամները շուտ չփչանան: Քաղցրի օգտագործումից անմիջապես հետո անհրաժեշտ է բերանը մաքուր ջրով ողողել: Իսկ ատամները կանոնավոր լվանալուց հետո օգտակար է բերանը ողողել դաղձի թուրմով. 1 ճաշի գդալ դաղձը լցնել 1 բաժակ եռման ջրի մեջ, թողնել 1 ժամ եւ օգտագործել:
Կարող եք ինքներդ պատրաստել ատամնամածուկ եւ դրանով էլ մաքրել ձեր ատամները: Այն անվանում են յոգերի ատամնամածուկ, քանի որ պատրաստվում է բուսական յուղից եւ աղից: Մի քանի կաթիլ բուսական յուղ լցնել սուրճի բաժակի մեջ, ավելացնել մեկ պտղունց աղ եւ խառնել: Ցուցամատով ու միջնամատով ատամների ու լնդերի երկայնքով մերսել մոտ երկու րոպե:
Ատամները բուժելու համար օգտագործում են նաեւ 2 տեսակի օղեթուրմ.
1. խնկեղեգի օղեթուրմ. 0,5 լիտր օղին (40%) լցնել 0,5 բաժակ խնկեղեգի արմատի վրա:
2. ակնամոմի օղեթուրմ. 0,5 լիտ,ր օղին (40%) լցնել 10-20 գրամ ակնամոմի վրա:
Երկու օղեթուրմերն էլ պետք է մեկ շաբաթ թողնել, ապա օգտագործել միասին եւ միաժամանակ: Հիվանդ ատամները ողողելու համար մեկ ճաշի գդալ խնկեղեգի օղեթուրմը խառնել մեկ թեյի գդալ ակնամոմի օղեթուրմին եւ ողողել 1-3 րոպե: Օգտագործել մեկ ամիս: Խնկեղեգը ցավազրկում է ատամի արմատը, ակնամոմը` պլոմբում միկրոճաքերը:
Կարեւոր են ինչպես գեղեցիկ եւ առողջ ատամները, այնպես էլ բերանի տհաճ հոտի բացակայությունը: Բերանի տհաճ հոտի հիմնական պատճառներն են վատ մարսողությունը, փորկապությունը, օրգանիզմում թույների առկայությունը, ինչպես նաեւ փչացած ատամների առկայությունը: Անհրաժեշտ է բերանի խոռոչը պահել մաքուր եւ ատամները լվանալ ուտելուց անմիջապես հետո: Դա նպաստում է սննդի մնացորդների հեռացմանը, մերսում լնդերը: Ցուցամատով եւ միջնամատով ատամներն ու լնդերն ամեն օր մերսել մոտ երկու րոպե:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
20.01.2016