Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի բողոքն ընդդեմ Երեւանի դատախազի որոշման, որով վերացվել էր իր եւ փաստաբան Նազելի Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ քրեական գործը կարճելու մասին քննիչի որոշումը:
Հիշեցնենք, որ հարուցված քրեական գործի շրջանակներում փաստաբանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում փաստաբանը բողոքարկում էր քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու և քրեական գործ հարուցելու մասին Երևանի դատախազի որոշումը:
Դատարանն ավելի վաղ բողոքի քննությունը վերսկսելու մասին որոշում էր կայացրել ՝ որոշակի փաստաթղթեր պահանջելով և դիմումատու անձին բողոքի քննությանը մասնակից դարձնելու համար: Ավելի ուշ պարզվել էր, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բողոքը ժամկետում չի ստացվել: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ այն ստացվել է 2013թ. նոյեմբերի 19-ին:
Փաստաբանը պատրաստվում է վերաքննիչ բողոք ներկայացնել, բայց դեռ պետք է ուսումնասիրի դատարանի որոշումը. «Բայց որեւէ տրամաբանական պատճառաբանություն հնարավոր չէ տալ այդ որոշմանը: Դատախազն ինքն էր ներկայացնում, որ գլխավոր դատախազությունում բողոքը ստանալու վերաբերյալ կա կնիք նոյեմբերի 19 –ին, ակնկալում էինք, որ այդքանից հետո դատարանը պետք է բավարարեր մեր բողոքը, բայց ճիշտ հակառակը եղավ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ