Անցած տարվա հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում լրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստերով հարուցված քրեական գործը քննելու համար քննչական խմբի ձեւավորումից հետընթաց է տեղի ունեցել: Այս մասին «ԼՈՖԹ» ինքնազարգացման կենտրոնում հայտարարեց փաստաբան Տիգրան Սաֆարյանը:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն այսօր հանդիպում էր կազմակերպել, որին մասնակցում էին հունիսի 23-ին տուժած լրագրողները, լրատվամիջոցների ներկայացուցիչները եւ իրավաբանները: Հանդիպման ընթացքում քննարկվեցին լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու շուրջ հարուցված քրեական գործերի ընթացքը եւ հետագա անելիքները:
Մինչեւ քննչական խմբի ձեւավորումը՝ գործն ընդամենը մեկ քննիչ էր քննում: Փաստաբան Տիգրան Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ այդ մեկ քննիչը միայնակ ավելի արդյունավետ էր աշխատում. «Հաղորդումներ ունենք ներկայացրած ակտիվիստներից, ցուցարարներից, որոնց առնչությամբ մեզ հայտնել են, թե կցվել են գործին: Լրագրողների գործով մի քննիչը մի քանի օրում բոլորին կանչում էր, տուժող էր ճանաչում»:
Կարդացեք նաև
Հունիսի 23-ին տուժած iLur.am կայքի լրագրող Հակոբ Կարապետյանը նշեց, որ քննչական խմբի ստեղծվելուց հետո որեւէ հարցաքննություն կամ առերեսում չի եղել: «Իմ նախաձեռնությամբ, Տիգրան Սաֆարյանի օգնությամբ, հարցեր կազմեցինք, ուղարկեցինք Հատուկ քննչական ծառայություն: Ստացված պատասխանում երկու նախադասությամբ նշված է, որ տուժող են ճանաչվել ԶԼՄ-ների 18 ներկայացուցիչներ: Այլ տեղեկություններ նպատակահարմար չէին գտել հայտնել»:
Lragir.am-ի լրագրող Թեհմինե Ենոքյանը տեղեկացրեց, որ վերջին անգամ փաստաթղթերն է նայել, ծանոթացել է, թե ինչ փորձաքննություններ է եղել: «Անգամ իմ ներկայացրած տեսանյութը, որ ներկայացրել եմ, գործին կցել են, բայց փորձաքննության չեն ենթարկել եւ ցուցակում չկար որպես դիտված կամ մշակված: Միայն ստորագրել ենք, որ ծանոթացել ենք փորձաքննության արդյունքներին»:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասաց, որ լրագրողների վնասված տեխնիկայի փոխհատուցման գործում խտրականություն կա. «Ոստիկանապետը խոսք էր տվել նրանց բոլորի կրած վնասները փոխհատուցել: Ես տեղյակ էի, որ մի շարք լրագրողների տեսախցիկների հիշողության քարտերը չեն փոխհատուցվել: Ես ոստիկանապետին նամակ գրեցի, որ այս հարցում խտրականություն է դրսեւորվում եւ պետք է այդ բացը լրացնել: Հարցս այն էր, թե արդյոք Ոստիկանությունը պատրաստվում է լրացնել այդ բացը եւ եթե այո, ի՞նչ ժամկետներում»:
Աշոտ Մելիքյանին Ոստիկանությունից պատասխանել են, որ ծառայողական քննության արդյունքում iLur.am կայքի լրագրողի թղթակցի ֆոտոխցիկի վնասման կամ առգրավման վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել. «Ուստի վնասի հատուցման վարույթ չի կարող իրականացվել: Ուրեմն, այն հրապարակումները եւ հաղորդումն այն մասին, թե չիպը կվերադարձնենք, եթե բողոքը հետ վերցնես, նրանց համար հիմք չի ծառայել փաստորեն: Epress.am-ի լրագրողների տեսախցիկների հիշողությունների քարտերի առգրավման կամ վնասման վերաբերյալ էլ տեղեկացրել են, որ դիմում չեն ստացել»:
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ