Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀՅԴ-ի քայլը կարելի է ողջունել, ունի ճիշտ քաղաքական դիրքորոշում». Թեւան Պողոսյան

Հունվար 20,2016 21:20

«Ամենասկզբից, երբ սկսեցին մեր երկրում կոալիցիաներ ձեւավորել՝ այդ կոալիցիաների կարիքը չկար: Մեզ մոտ շատ արհեստական ձեւով սկսեցին դա անել: Կոալիցիա ձեւավորում են, երբ մարդիկ ունեն, ասենք, 30 տոկոս ձայն, պետք է 50 տոկոս ձայն, այն 20-ի համար գնում կոալիցիա ես ձեւավորում: Եթե դու դրա կարիքը չունես, ինձ համար կոալիցիա ձեւավորելը արհեստական է ու անտեղի: Մենք ձեւավորեցինք անհասկանալի, բացասական այդ մշակույթը»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում Ժառանգություն խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն այսպես պատասխանեց մեր հարցին, թե ի՞նչ խնդիր է լուծում ՀՀԿ-ն՝ փորձելով կոալիցիա կազմել ՀՅԴ-ի հետ:

Ըստ նրա, կոալիցիաները մեր երկրում հեշտությամբ փլուզվում են, որովհետեւ կողմերը շահագրգռված չեն պահելու այն, հանգիստ դուրս են գալիս. «Մեկը ցանկանում է կոալիցիայի մեջ մտնել, որ իշխանության մեջ լինի, մեկը ցանկանում է պետական կառավարման մեջ փորձ ձեռք բերել, մեկն ուզում է իր կուսակցությունն ամրապնդել, ինչը փոքր ուժերի համար դրական տեսակետից կարող ենք գնահատել: Բայց գլխավոր ուժի համար արհեստական կոալիցիա ստեղծելով մարդկանց վերցնելու քայլը շատ ժամանակ սխալ օրենքների պատասխանատվության լղոզման խնդիր է բերում:

Պատասխանատվությունը կարող ես կիսել, երբ դու չունես այդ ռեսուրսը, կարիք ունես մարդկանց: Բայց եթե դու այսպես թե այնպես ունես մեծամասնություն եւ ուրիշ ուժ ես ներգրավում, նշանակում է դու պատասխանատվությունը լղոզում ես: Փոքր կուսակցությունների համար կոալիցիան դրական կողմ ունի, իրենց տեսլականներն են իրականացնում: Դաշնակցությունը միշտ ուզեցել է Սահմանադրական փոփոխություններ, դրա պատճառով ինքը կարողացել է իր տեսլականը կյանքի կոչել, ինքը ունի ճիշտ քաղաքական դիրքորոշում: Նույնիսկ ստանալով այդ 5-6 տոկոս ձայնը՝ հանրության կողմից քվեն, նա իր տեսլականը կյանքի է կոչել եւ կարելի է ողջունել: Բայց մյուս ուժը, որը չունի դրա կարիքը ու դրան գնում է, դա արդեն մի քիչ արհեստական է: Դու պատասխանատվությունը ոչ թե կիսում ես, այլ լղոզում ես»:

Մեր դիտարկմանը, որ խորհրդարանական կառավարման պարագայում, եթե ՀՀԿ-ն մեծամասնություն կազմի, կայուն մեծամասնության համար իրենց պետք է համագործակցություն այլ ուժերի հետ՝ Թեւան Պողոսյանը պատասխանեց. «Երբ ընտրությունները կլինեն՝ կտեսնենք: Չեմ ընդունում այն խնդիրը, երբ բոլորը տեսնում են, որ անպայման հաջորդ ընտրություններին ամեն ինչ պետք է ՀՀԿ-ի շրջանակներում լինի: Մոլդովայում այն ուժը, որը վերցրել էր հարաբերական մեծամասնություն, այսօր փոքրամասնության մեջ է: Իսկ ո՞վ ասաց, որ խորհրդարան անցած մյուս բոլոր փոքր ուժերը չեն միավորվի եւ ավելի շուտ չեն անցնի 54 տոկոսի շեմը Ինչո՞ւ ենք մենք վախերով ապրում, ոչ թե ապագային նայելով փորձում հասկանալ, որ կան հնարավորություններ»:

 Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031