Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի /ԵԽԽՎ/ ձմեռային նստաշրջանի նախաշեմին, որի ժամանակ նախատեսվում են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ երկու բանաձևերի քննարկումներ, ԼՂՀ ոչ կառավարական կազմակերպությունները դիմում են հղել ԵԽԽՎ անդամներին։
Քաղաքացիական հասարակության առաջնորդների դիմումի մեջ, մասնավորապես, ասվում է. «Միլիցա Մարկովիչի և Ռոբերտ Ուոլթերի նախապատրաստած զեկույցների վերնագրերն արդեն իսկ խոսում են դրանց կանխակալության և ադրբեջանամետ բնույթի մասին։ Անաչառությամբ աչքի չեն ընկնում նաև այդ զեկույցների հիման վրա պատրաստված բանաձևերի նախագծերը։ Լինելով տարբեր մակարդակներով խաղաղ երկխոսության և համագործակցության կողմնակիցներ՝ ափսոսանք ենք հայտնում, որ փաստաթղթերի տեքստերը կազմվել են առանց ԵԽԽՎ զեկուցողների Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու և հանրապետության իշխանությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հաղորդակցության ու փոխգործակցության»։
ԼՂՀ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները ԵԽԽՎ անդամներին նախազգուշացրել են, որ բանաձևերի նախագծերի հնարավոր ընդունումը խիստ բացասական ազդեցություն կունենա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա։ «Ձեր քննարկմանը ներկայացված փաստաթղթերն ընդհանուր ոչինչ չունեն խաղաղ գործընթացի հետ, հետապնդում են քարոզչական նպատակներ և կարող են որոշակի առավելություններ տալ Ադրբեջանի իշխանություններին, որոնք հակառակ ստանձնած պարտավորություններին, չեն բացառում ուժային մեթոդների կիրառումը քաղաքական հիմնախնդիրների լուծման ժամանակ, մշտապես և կոպտորեն խախտում են հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին համաձայնագիրը, իրենց երկրում հետապնդումների են ենթարկում քաղաքացիական ակտիվիստներին, այդ թվում նաև՝ խաղաղարար նախագծերի մասնակիցներին»,- նշում են դիմումի հեղինակները։
Արցախի քաղաքացիական հասարակության առաջնորդները համոզմունք են հայտնել, որ ԵԽԽՎ-ն կարող էր օժանդակել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, բացառապես հակամարտող բոլոր երեք երկրներում քաղաքացիական հասարակության կայացմանը և զարգացմանը աջակից լինելու միջոցով։ «Ժողովրդավարական առումով զարգացած Ադրբեջանի, ԼՂՀ-ի և Հայաստանի Հանրապետության համար զգալիորեն դյուրին կլիներ ընդհանուր արժեհամակարգի հիման վրա խաղաղ և երկարաժամկետ լուծում գտնել ադրբեջանա-ղարաբաղյան ձգձգված հակամարտության համար»,- ասված է փաստաթղթում։
Կարդացեք նաև
Արցախի ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները խնդրանքով դիմել են ԵԽԽՎ անդամներին՝ ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԽԽՎ ներկայացված բանաձևերի ընդունումից, որոնք ուղղված են ինչպես ԵԱՀԿ հովանու ներքո պաշտոնական բանակցային գործընթացի (TrackI), այնպես էլ ժողովրդական դիվանագիտության (TrackII) խափանմանը։ Փաստաթղթի հեղինակների կարծիքով, «Բանաձևերի նախագծերը, որոնք հակասում են Եվրոպայի խորհրդի հռչակած արժեքներին, կարող են կապերի վերջնական խզման պատճառ դառնալ քաղաքացիական հասարակությունների համար, որոնք հանդես են գալիս որպես հակամարտության խաղաղ փոխակերպման կրողներ»։
ԵԽԽՎ-ին հղված Արցախի ոչ կառավարական կազմակերպությունների դիմումի պատճենները ուղարկվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության խորհրդարաններ և արտաքին քաղաքական գերատեսչություններ։