Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 20-ին քննվում է նաեւ նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված խմբի անդամ Վաղինակ Ստեփանյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու նախաքննական մարմնի միջնորդությունը:
Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան, Վաղինակ Ստեփանյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը իրեն մեղավոր չի ճանաչում. «Վաղինակ Ստեփանյանը ազատամարտիկ է, բազմաթիվ պարգեւներ է ստացել, շատ մեծ մարտական ուղի ունի անցած: Եվ այս հոդվածը, այս մեղադրանքը իրականության հետ կապ չունի: Վաղինակը իրեն մեղավոր չի ճանաչում եւ մինչեւ վերջ էլ պնդելու է»:
Նա նշեց, որ դատական նիստի ընթացքում դատարանին ներկայացնելու է գրավ կիրառելու միջնորդություն: Մարինե Ֆարմանյանը հավելեց, որ զրույցների ընթացքում պարզ է դարձել, որ Վաղինակ Ստեփանյանը Արթուր Վարդանյանի հետ շփվել է «Հայոց վահան» կազմակերպության շրջանակում. «Որոշել են, որ պետք է Քեսաբ գնան, Քեսաբի պաշտպանությանը մասնակցեն, հետո Լեռնային Ղարաբաղի պաշտպանության վերաբերյալ խոսակցություններ են եղել, այդքանը: Վաղինակը որեւէ առնչություն չունի պետական հեղաշրջման հետ կապված ծրագրերի հետ: Այո՛, Արթուր Վարդանյանին ճանաչել է, չի ժխտում այդ փաստը»:
Փաստաբանը ընդգծեց, որ երբ հարցրել է Վաղինակ Ստեփանյանին, թե հնարավո՞ր է, որ նա կապ ունենա այդ գործի հետ, նա պատասխանել է, որ ոչ մի պարագայում, ինքը հայի վրա ձեռք չի բարձրացնի:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ