Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ-ում բարդացել է ազատ և անկախ լրագրություն իրականացնելու ցանկություն ունեցող մարդկանց վիճակը

Հունվար 20,2016 19:00

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում կազմակերպված փորձագիտական կլոր սեղանին նշեց մի շարք սահմանափակումներ խոսքի ազատության ոլորտում:

Պարոն Նավասարդյանն առանձնացրեց երեք հիմնական խնդիր. «Մենք ոչ մի ձև չենք կարողանում բացել հեռարձակող լրատվամիջոցների դաշտը, որ անվերահսկելի և ազատորեն կարողանան զարգանալ, գործել: Ընդունված փոփոխությունները ՀՀ հեռուստատեսության ու ռադիոյի մասին օրենքում ամրագրում են հետևյալ իրավիճակը. միայն խոշոր գործատերերի կողմից հնարավորություն զարգացնել իրենց հեռուստաընկերությունները, և դա բավականին լուրջ սահմանափակում է դնում խոսքի ազատության զարգացման վրա, քանի որ դեռ հեռուստատեսությունն ունի իրականում զանգվածային մեծ լսարան»:

Մյուս խնդիրը, ըստ պարոն Նավասարդյանի՝ իշխանության տարբեր օղակների անպատժելիությունն է լրագրողների նկատմամբ բռնություններ, մասնագիտական գործունեության սահմանափակումներ  իրականացնելու համար, ինչը խոսում է նրա մասին, որ ոչ թե լուծվում են ամենակարևոր հարցերը, այլ ավելի բարդ է դառնում ազատ և անկախ լրագրություն իրականացնելու ցանկություն ունեցող մարդկանց վիճակը:

Խնդիրներից մեկն էլ քարոզչական դաշտում է. «Լուրջ խնդիր է քարոզչական պատերազմի ազդեցությունը ՀՀ-ի վրա և բացակայությունն այնպիսի որակյալ և պատասխանատու ԶԼՄ-ների, որոնք կկարողանային ներկայացնել ամբողջ աշխարհի և միջազգային զարգացումների վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվությունը: Ուստի այս իրավիճակը հնարավորություն է տալիս օտար երկրների քարոզչությունն ավելի արդյունավետ իրականացնել, և այդ առումով ՀՀ տեղեկատվական անվտանգությունն այսօր բավականին լուրջ խնդիր է դարձել»:

Պարոն Նավասարդյանի կարծիքով՝ կարծես թե ակնհայտ խոչընդոտներ ազատ խոսելու և արտահայտվելու համար ՀՀ-ում չկան, բայց ինստիտուցիոնալ հիմքեր՝ օրենսդրությունը, անկախ կարգավորման մարմինը, լրատվամիջոցը, որը որպես կառույց ու մոդել կարողանար ներկայացնել այն, ինչ պետք է անի ազատ լրատվամիջոցը, այդ հանգամանքի բացակայությունը խոսքի ազատության բավական արդյունավետ պայմաններից զրկում է:

Այս առիթով պարոն Նավասարդյանը նշեց. «Պետք է հասկանանք, որ խոսքի ազատությունը ոչ միայն ԶԼՄ-ների և լրագրողների համար է, այլ ամբողջ հանրության համար, որ կարողանա հանրությունը ԶԼՄ-ներն օգտագործել իր խնդիրները, կարծիքներն ու պահանջները իշխանություններին ներկայացնելու համար և հասնի նրան, որ իշխանությունը զգայուն լինի դրանց նկատմամբ: Քանի որ այդ պահանջը հասարակության կողմից նույնպես ակտիվ ներկայացված չէ, նույնիսկ խոսքի ազատության առկայությունը չի բերում ԶԼՄ-ների արդյունավետ գործելու իրավիճակին»:

Մեր այն հստակեցմանը՝ խոսքի ազատության և ժողովրդավարության ոլորտում հետընթացի միտում տեսնո՞ւմ է, պարոն Նավասարդյանը պատասխանեց. «Տեսնում եմ հստակ հետընթաց կապված հեռուստատեսության և ռադիոյի՝ օրենքի փոփոխություններում: Եթե մինչ այդ թվայնացմամբ պայմանավորված հեռարձակվող  ԶԼՄ-ների հեռանկարն ու աշխատանքը անորոշ էր, հիմա որոշակիացավ և որոշակիացավ այնպես, որ հեռանկարներ ազատ լրատվամիջոցների զարգացման համար այսօր շատ քիչ են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031