Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը հետընթաց է գրանցել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում

Հունվար 20,2016 17:44

«Կարծում եմ, Սյուզի Գևորգյանին ծեծի ենթարկելու փաստն անպայման տեղ կգնի միջազգային զեկույցներում, մանավանդ՝ սա երկրորդ դեպքն է նրա նկատմամբ. մեկն էլ անցյալ տարի էր եղել»,- Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում կազմակերպված փորձագիտական կլոր սեղանին հայտարարեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Aravot.am-ի հարցին՝ արդյոք այս միջադեպը կազդի՞ ՀՀ վարկանիշի վրա, պարոն Իշխանյանը պատասխանեց. «Վարկանիշն ինձ այնքան էլ չի հետաքրքրում: Ինձ ավելի շատ հետաքրքրում է այն, որ դրա հետ կապված հասարակությունը պետք է ոտքի կանգներ, ինչը չարեց: Փաստորեն, խնդիրը մեր մեջ է»:

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչն է պատճառը, որ հասարակության զգոնությունը նման խնդիրների նկատմամբ բթացել է, Ավետիք Իշխանյանը պատասխանեց. «Իշխանությունները ոչ թե իրենք են ուժեղ, այլ հասարակությունն է թույլ: Այսինքն՝ իրենց ուժը հասարակության թուլության մեջ է»:

Մեր դիտարկմանը՝ դեկտեմբերի 6-ի հանրաքվեի օրը դիտորդների, վստահված անձանց նկատմամբ եղած բռնությունները հաշվի առնելով՝ կարո՞ղ ենք ասել, որ ունենք հետընթաց, և այդ բռնություններն աննախադեպ էին, պարոն Իշխանյանը պատասխանեց. «90-ականներին հենց այս մեթոդներն էին իրականացվում: 2000-ականներին ավելի քաղաքակիրթ դարձան. ընտրակաշառք, վարչական ռեսուրսի կիրառում: Այս անգամ վերադարձ եղավ 90-ականներին: Այդ տեսակետից աննախադեպ էր , բայց աննախադեպ չէր ընդհանուր ՀՀ պատմության մեջ»:

Հարցին՝ հաշվի առնելով այս հանգամանքները՝ արդյոք հետընթա՞ց ենք գրանցում ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, Ավետիք Իշխանյանը պատասխանեց. «ՀՀ-ում մարդու իրավունքների վիճակը համակարգային խնդիր է, քանի որ չկա անկախ դատական համակարգ և իշխանության տարանջատում: Բայց քանի որ ՀՀ-ն չունի բռնապետության ռեսուրս՝ նավթ, գազ, ՀՀ-ում որոշակի մարդու իրավունքներ, այնուամենայնիվ, գործում են»:

Պարոն Իշխանյանը նկատեց, որ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրավիճակը վատթարանում է ընտրությունների և հետընտրական շրջանում: Միտումների մասին պարոն Իշխանյանը նշեց հետևյալը. «2013-ից մինչև հիմա մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ունենք հետընթաց, 2011-2013-ին իրավիճակը բարելավվել էր»:

Մեր այն դիտարկմանը՝ գուցե պատճառն այն է, որ արևմտյան կառույցները ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված, ավելի պասիվ են սկսել գործել մեր երկրում, պարոն Իշխանյանը այդ հանգամանքը չբացառեց ու նշեց. «Բայց միայն դրա հետ կապված չէ: Ամեն դեպքում ՀՀ-ն ֆինանսական միջոցներ հայթայթում է Արևմուտքից և այդ բնագավառում ունի պարտավորություններ»:

Իրավապաշտպանն այս համատեքստում կասկած է հայտնում, թե երբ կար միջազգային դիտարկում ՀՀ-ում մարդու իրավունքների վիճակի հետ կապված, երբ ՀՀ-ն գնում էր դեպի ասոցացման համաձայնագիր, արդյոք այդ շրջանում ընտրությունները նորմա՞լ անցան՝ ոչ, իշխանության մտածողությունը փոխվե՞լ էր, թե՞ ուղղակի ձևեր էին թափում միջազգային հանրության առաջ:

Նա նկատեց. «Խնդիրն այն է, որ իշխանությունները չեն ուզում մտածողություն փոխել: Բայց մյուս կողմից արդյոք հասարակության մեջ ազդեցիկ մյուս ուժերն ունե՞ն այդ մտածողությունը, սրանք հռետորական հարցեր են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031