Հունվարի 20-ին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, Վորլդ Վիժն Հայաստանն ու ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարեցին երեխաների առողջության և սնուցման հիմնահարցերին նվիրված լուսաբանման մրցույթի հաղթողներին: Մրցույթն անցկացվել էր 2015թ. օգոստոս-հոկտեմբեր ամիսներին, նպատակ ունենալով խրախուսել երեխայի խնամքի, առողջության և սնուցման թեմաներով հավասարակշռված լուսաբանումը:
Առողջապահության և մեդիա ոլորտի ներկայացուցիչներից կազմված ժյուրին գնահատել էր 23 լրագրողական նյութ, որի արդյունքում ընտրվեցին երկու հիմնական և վեց խրախուսական մրցանակներ: Հիմնական երկու մրցանակները՝ պլանշետների տեսքով ստացան Լիանա Մարգարյանը՝ ռադիո «Վան»-ի լրատվական ծառայությունից և Աստղիկ Կարապետյանը` Իրավաբան.նեթ լրատվական կայքից: Խրախուսական մրցանակներ ստացան Լիլիթ Տերտերյանը (Հանրային հեռուստատեսություն), Տիգրան Հովակիմյանը («Քյավառ» հեռուստաընկերություն), Գայանե Մկրտչյանը (ԱրմենիաՆաու), Նելլի Բաբայանը (womennet.am), Նունե Հովսեփյանը (womennet.am) և Ամալյա Գաբրիելյանը (NEWS.amMedicine):
«Հայաստանում երեխաների 19 տոկոսն ունեն թերաճություն՝ այսինքն նրանց հասակը հետ է մնում տարիքային միջինից: Սա ոչ միայն աղքատության կամ ընտանիքի միջոցների անբավարարության հետևանք է, այլև գիտելիքների պակասի, տեղեկացվածության բացի ու դրա վստահելի աղբյուրների բացակայության արդյունք: Խնդիրների լուծման հարցում լրագրողների դերը շատ կարևոր է՝ երեխայի առողջության հարցերի վերաբերյալ հանրային իրազեկման, նաև լավագույն փորձն ու ճիշտ գործելակերպերը ներկայացնելու համար»,- նշեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի առողջապահության ծրագրի ղեկավար Միհրան Հակոբյանը:
Մրցույթը կազմակերպել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Մանուկների և վաղ տարիքի երեխաների առողջության ու սնուցման բարելավում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից՝ ՀՀ Առողջապահության նախարարության և Վորլդ Վիժն Հայաստանի աջակցությամբ: Ծրագրի նպատակն է նվազեցնել կանանց և երեխաների թերսնուցումը առաջին 1000 օրերի ընթացքում՝ հղիությունից մինչև երկու տարեկան:
Կարդացեք նաև
«Ծրագրի ընթացքում բավականին աշխատանք է կատարվել Հայաստանի բոլոր մարզերում բուժաշխատողների վերապատրասման, նրանց խորհրդատվական հմտությունների զարգացման և ծնողների իրազեկման ոլորտում: Սակայն բուժաշխատողների կողմից իրականացվող խորհրդատվությունը հասանելի է միայն սահմանափակ թվով մարդկանց: Այդ իսկ պատճառով մենք կարևորում ենք զանգվածային լրատվամիջոցների դերը հանրության լայն շրջանների իրազեկման հարցում¦,- նշեց ԱՄՆ ՄԶԳ Առողջապահական ծրագրերի ղեկավար Աստղիկ Գրիգորյանը:
Վերջին երկու տարիներին գործընկերներն աջակցել ենառողջության առաջնային պահպանման հաստատություններին բարելավելու ծառայությունների որակը, կազմակերպել հանրային իրազեկման միջոցառումներ և դասընթացներ վաղ տարիքի երեխաների ծնողների համար՝ բարելավելու երեխաների սնուցումն ու խնամքը, ինչպես նաև աշխատանքներ են տարել համայնքային, մարզային և ազգային մակարդակներում երեխայի սնուցման մոնիթորինգի և գնահատման համակարգի բարելավման ուղղությամբ:
Մամլո հաղորդագրություն