«Ընդհանրապես գրիպի դեմ պատվաստումներն ունեն 1 տարվա պաշտպանական հատկություն, որը պայմանավորված է վիրուսի բազմազանությամբ»,-«Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իմունո-կանխարգելման ազգային ծրագրերի ղեկավար Գայանե Սահակյանը:
Նրա խոսքերով, պատվաստանյութի մեջ ներառված է միայն առավել շրջանառվող ենթատեսակը, եւ Հայաստանում կոնկրետ ներառված է H1N1, Ա տեսակի H3N2 եւ Բ տեսակը:
Տիկին Սահակյանը նշեց, թե քանի որ վիրուսն ունի արագ փոփոխվելու հատկություն, այդ պատճառով 100 տոկոսով արդյունավետություն այն երբեք չի կարող ապահովել: «Դա կապված է եւ պատվաստանյութի, եւ օրգանիզմի առանձնահատկության հետ: Փոխարենը, վարակվելու դեպքում մարդը ծանր բարդություններից կարող է խուսափել: Մոտ 95-98 տոկոսով սեզոնային գրիպի պատվաստումը կանխում է ծանր բարդությունները` թոքաբորբերը, մահվան դեպքերը»,-ասաց տիկին Սահակյանը` ավելացնելով, որ չնայած բոլոր պատվաստումներն անվճար են, բայց հիմա առաջնայնությունը տրվում է քրոնիկ հիվանդներին` շաքարային դիաբետի, շնչառական, սիրտ-անոթային համակարգերի հիվանդներին, երիկամային անբավարարություն ունեցողներին, քանի որ այսպիսի մարդիկ, երբ հիվանդանում են՝ նրանց մոտ ելքը սարսափելի է լինում:
Տիկին Սահակյանը ներկայացրեց նաեւ Հայաստանում պլանային պատվաստումների արդյունավետությունը` ասաց, որ 2015 թվականի ամփոփ թվերով՝ 1 տարեկանների 92 տոկոսը ստացել են իրենց տարիքի համար անհրաժեշտ պատվաստումները։
Կարդացեք նաև
Նա նշեց նաեւ, որ 2008 թվականի համեմատությամբ՝ 2012 թվականին այս տարիքային խմբում ցուցանիշը բարելավվել է 86 տոկոսից մինչև 95 տոկոսի, որից հետո, կապված ռոտավիրուսային (աղիքային վիրուս) պատվաստումների ներդրման հետ, ցուցանիշը նվազել է մինչև 92 տոկոսի։ «Եթե այս տարիքին բնորոշ մնացած պատվաստումների համար տարիքային սահմանափակում գոյություն չունի, եւ երեխաները կարող են սահմանված ժամկետից ուշ պատվաստվել, ապա ռոտավիրուսային պատվաստումների համար կա հստակ տարիքային սահմանափակում. 1-ին դեղաչափը մինչեւ 15 շաբաթականը, 2-րդ դեղաչափը` 32 շաբաթականը»,- ասաց տիկին Սահակյանը։
Տիկին Սահակյանի խոսքերով, ավելի բարձր տարիքային խմբերում պատվաստումների ցուցանիշները համեմատաբար բարձր են՝ 2 տարեկանների մոտ 95 տոկոսը ստացել են իրենց անհրաժեշտ բոլոր պատվաստումները, իսկ 7 տարեկաններինը՝ մոտ 97 տոկոսը։
«Նշված ցուցանիշների դինամիկան բարենպաստ ազդեցություն է ունեցել հիվանդությունների վերահսկման եւ մանկական մահացության նվազեցման վրա: Հայաստանում կառավարելի հիվանդություններից երկար տարիներ չեն գրանցվում դիֆթերիան, փայտացումը, պոլիոմիելիտը, իսկ կարմրուկը եւ կարմրախտը տեղական տարածում չունեն»,- նշեց տիկին Սահակյանը` ավելացնելով, որ կառավարելի վարակիչ հիվանդություններից կապույտ հազը եւ խոզուկը գրանցվել են եզակի դեպքերի տեսքով։
Գայանե Սահակյանը նշեց, որ զգալի արդյունավետություն է դիտվում ռոտավիրուսային պատվաստումների արդյունքում։ «Եթե յուրաքանչյուր տարի ռոտավիրուսային վարակների,սեզոնային առավելագույն բարձրացման (հունվար-մարտ) ընթացքում մինչև 5 տարեկան երեխաների շրջանում գրանցվում էր 50-60% հոսպիտալացում, ապա պատվաստումների ներդրումից հետո` 2015 թվականի սեզոնին բոլոր տարիքային խմբերում 2012 թվականի համեմատությամբ հոսպիտալացման մակարդակը նվազել է 3.7 անգամ:
«2015 թվականի դեկտեմբեր ամսին մինչեւ 5 տարեկան երեխաների շրջանում ռոտավիրուսային վարակներով պայմանավորված հոսպիտալացումը կազմել է ընդամենը 1.55 տոկոս»,-ասաց Գայանե Սահակյանը:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ