Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԼՂՀ ԱԺ հանձնաժողովի հայտարարությունը Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 26-րդ տարելիցի կապակցությամբ

Հունվար 20,2016 15:55

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի
արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈԻ Ն Ը
Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի
26-րդ տարելիցի կապակցությամբ

1990թ. հունվարի 13-19-ը Բաքվում ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպվել ու իրականացվել է հայ բնակչության զանգվածային կոտորած: Միայն իր ազգային պատկանելության համար տեղի շուրջ քառորդ միլիոն հայությունը ենթարկվել է բռնությունների, կոտորածի ու տեղահանման, ինչի հետեւանքով քաղաքն ամբողջությամբ հայաթափվել է: Թալանի ու բռնագրավման է ենթարկվել Բաքվի հազարավոր հայ բնակիչների անշարժ ու շարժական գույքը: Բռնություններին զոհ է գնացել ավելի քան 400 հայ, որի մասին վկայում են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները:
Այդ օրերին Բաքվում տեղի ունեցած բռնությունները 1988թ. փետրվարին Սումգայիթում, իսկ այնուհետեւ՝ Ադրբեջանի հայաշատ այլ բնակավայրերում չդատապարտված ջարդերի շարունակությունն էին, որոնք իրականացվել են ԽՍՀՄ ղեկավարության իմացության եւ թողտվության պայմաններում ու Ադրբեջանի իշխանությունների կողմից պետական մակարդակով տարածվել նաեւ Լեռնային Ղարաբաղում:
Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն նենգափոխում են «սեւ հունվարի» էությունը, այլեւ լռության ու մոռացության են մատնում «երեք ջարդերի մայրաքաղաքի» պատմությունը՝ փորձելով կոծկել Բաքվում 1905թ., 1918թ. եւ 1990թ. կոտորածների ու ադրբեջանահայության հանդեպ իրականացրած ցեղասպանության քաղաքականության ակնհայտ հետեւանքները:
Բաքվի հայության դեմ իրականացված սոսկալի կոտորածը մինչ օրս համարժեք գնահատական չի ստացել: Ավելին, վերջին քսանվեց տարիներին օգտվելով անպատժելիությունից՝ Ադրբեջանի ղեկավարությունը հետեւողականորեն իրականացնում է հայատյացության պետական քաղաքականություն, որն ուղեկցվում է զինադադարի պարբերաբար խախտումներով եւ պատերազմի վերսկսման սպառնալիքներով:
Հարգելով Բաքվի ջարդերին ու բռնատեղահանությանը զոհ գնացած անմեղ հայերի հիշատակը ու դատապարտելով այլատյացության, ծայրահեղականության եւ ահաբեկչության ցանկացած դրսեւորում՝ ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը.
վերահաստատում է, որ Բաքվի ջարդերը լիովին համապատասխանում են ՄԱԿ-ի 1948թ. «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ պատժելու մասին» կոնվենցիայով սահմանված ցեղասպանության հանցագործության իրավական ձեւակերպմանը,
պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը հետեւողական է լինելու, որպեսզի ադրբեջանահայության ցեղասպանությունը կազմակերպողներն ու իրականացնողները, համաձայն միջազգային նորմերի, ենթարկվեն պատասխանատվության,
կոչ է անում քաղաքակիրթ աշխարհին եւ խորհրդարանական կառույցներին՝ դատապարտել Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերը, դրանց տալ իրավական գնահատական:

20 հունվարի, 2016թ.
ք. Ստեփանակերտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031