Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փոստանջյանը՝ ՀՅԴ-ին. «Սերժ Սարգսյանը կարիք ունի գործիքների, իր հանցավոր խմբի անդամներն են եղել»

Հունվար 20,2016 15:46

«Ոչ մի խնդիր չունի Սերժ Սարգսյանը ՀՅԴ-ի կամ ինչ-որ մեկի տրամադրությունները, ցանկությունները բավարարելու: Խնդիրը գործող հանցավոր խմբակի կյանքը երկարաձգելն է, եւ ինքը կարիք ունի լրացուցիչ գործիքների: Խնդիրն է, թե ոնց անենք՝ մեր կյանքը երկարաձգենք: Իսկ երկարաձգելու համար պետք է բազմաբեւեռ գործիքների օգտագործման հնարավորություն: Դրանից են փորձում այսպիսի քաղաքականություն իրականացնել»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսպես մեկնաբանեց ՀՅԴ-ի՝ ՀՀԿ-ի հետ հնարավոր կոալիցիա կազմելու մասին լուրը:

Մեր հարցին՝ սա արդյոք նշանակո՞ւմ է, որ անգամ Սահմանադրական փոփոխություններն անցկացնելուց հետո Սերժ Սարգսյանն իրեն ապահով եւ պաշտպանված չի զգում՝ տիկին Փոստանջյանը պատասխանեց. «Միանշանակ, որովհետեւ դու չես կարող հավերժ նույն կարգավիճակում գործել, դու կարիք ունես լրացուցիչ գործիքների, հատկապես, եթե դու հանցավոր ռեժիմի ներկայացուցիչ ես: Լրացուցիչ գործիքների համալրման խնդիր կա»:

Մեր հարցին՝ իսկ ինչո՞ւ է Սերժ Սարգսյանին հաջողվում ընդդիմադիր դաշտից իր համար գործիքներ ընտրել, ընդդիմությունը չի դիմանում գայթակղությանը՝ նա պատասխանեց. «Եկեք գնանք ակունքներ՝ արդյոք այն ուժերը, որոնց վրա մատը դնում է Սերժ Սարգսյանը, նրանք ընդդիմադիր են կամ այլակարծիք են Սերժ Սարգսյանին: Եթե դա այդպես լիներ, ես կփորձեի հիմքերը փնտրել՝ ինչու է  այդպես լինում, բայց ակունքում նրանք ոչ մեկն էլ ընդդիմադիր չեն եղել: Նրանք իր հետ, իր հանցավոր խմբի անդամներն են եղել: Այդ բոլորին, ում մենք մատնանշում ենք, նրանք իրենց դեմքը ցույց տվեցին 2008-ի մարտի 1-ից հետո, կուլմինացիան դա էր: Իրենք սպանություններից հետո արյան մեջ թաթախված մարդկանց հետ կազմեցին գործընկերություն: Դա փաստ է»:

Մեր դիտարկմանը, որ ընդդիմադիր ուժերը, որոնք կոալիցիա են կազմում կամ ինչ-որ կերպ համագործակցում են իշխանության հետ, բացատրում են, որ իրենք խոստումներ են տվել հանրությանը եւ իրենց պարտքն է կյանքի կոչել դրանք, որոնք առանց լծակների անհնար է, սա զուտ արդարացում է՝ իշխանական «կերակրատաշտի՞ն» մոտ գտնվելու համար՝ Զարուհի Փոստանջյանն արձագանքեց. «Սրանք ուղղակի ծիծաղելի բացատրություններ են, նույնիսկ արդարացում չեն դրանք: Դու եթե անդամակցում ես հանցավոր խմբին, եւ եթե քո նպատակներն անկեղծ են,դրանք չեն կարող համընկնել, հանցավոր խմբի միջոցով դու չես կարող արդար նպատակներ իրականացնել»:

Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց, որ ինքը քառյակ-եռյակի ժամանակ էլ բացարձակ չէր հավատում ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի կեցվածքին. «Ոչինչ չի փոխվել, ոչինչ չի պատահել: Ես հենց սկզբից էլ չեմ հավատացել իրենց եռյակներին ու քառյակներին»:

Թե ինչու է ՀՀԿ-ն այնուամենայնիվ, հիմա որոշել կոալիցիայի հարց լուծել, երբ ընտրությունների համար բավականին երկար ժամանակ կա, դաշինք կազմելու անհրաժեշտություն չկա՝ Զարուհի Փոստանջյանը մեկնաբանեց. «Ցանկացած հանցավոր խմբակցություն խոցելի է ի վերջո, նոր արյուն է պետք, որ կարողանա գոյատեւի»:

Մեր հարցին՝ ՀՀԿ-ն ներսում խնդիրնե՞ր ունի, գոյատեւելու խնդի՞ր ունի՝ նա պատասխանեց. «Միանշանակ, կան խնդիրներ: Չի կարող չլինել: Այս տնտեսական ճգնաժամի պարագայում նա չի ցանկանում հանձնել, կիսել: Նա ցանկանում է միանձնյա ղեկավարել այս հանցավոր խմբակցությունը, եւ իրեն լիցքեր են պետք: Դրան էլ միտված է այս կոալիցիան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    իսկ դուք որո՞ւ գործիքն էք արդեօք, Տիկին Փոստանջյան

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031