Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ նաեւ պատկերասրահի գիտական գծով նախկին փոխտնօրեն Անուշ Հակոբյանի՝ աշխատանքից հեռանալու որոշմանը, եւ հայտնեց, որ այդ պաշտոնում նշանակվել է Սամվել Հովհաննիսյանը: Անուշ Հակոբյանն ամիսներ առաջ էր աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրել:
«Նորմալ է, որ մարդիկ մի տեղ աշխատում են, հետո գնում մեկ այլ տեղ: Ոչ մի պատճառ չի եղել: Սուրճ էի խմում, եկավ, ասաց՝ ուզում եմ ուրիշ տեղ աշխատեմ, ճահճացել եմ այստեղ: Ասաց, որ ուզում է ոլորտը փոխել եւ դասախոսություններով զբաղվել: Անակնկալ որոշում էր, դիմում էր գրել արդեն: Հասուն մարդ է, ես ի՞նչ պետք է ասեմ՝ դա իր որոշումն է»,-այսպես մեկնաբանեց նախկին փոխտնօրենի քայլը Արման Ծատուրյանը:
Ինչ վերաբերում է նոր փոխտնօրենին՝ Սամվել Հովհաննիսյանին, Արման Ծատուրյանն ասաց, որ նա եղել է պատկերասրահի նախկին գիտքարտուղարներից. «Վստահ եմ, որ կառուցողական աշխատանք կվարի, նա բազմափորձ է»,-եզրափակեց տնօրենը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ