Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սիմպատիայի, անտիպատիայի հարց չկա». ԱԺ-ում կարգազանց պատգամավորների դիմումին ընթացք են տվել (Տեսանյութ)

Հունվար 20,2016 14:55

Այսօր ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովում քննարկվեց լրագրող Լիլիթ Լալայանի դիմումը՝ ՀՀԿ եւ ԲՀԿ 7 պատգամավորների հարցով, որոնք ԱԺ արտահերթ նստաշրջանում քվեարկել էին ուրիշի փոխարեն: Դիմումին կից լրագրողը ներկայացրել էր նաեւ տեսանյութեր ու հրապարակումներ:

Նա խնդրել է քննել Սպարտակ Մելիքյանի, Համլետ Հարությունյանի, Բազմասեր Առաքելյանի, Կարեն Սարիբեկյանի, Սեյրան Սարոյանի, Առաքել Մովսիսյանի եւ Արշակ Մխիթարյանի կողմից ԱԺ կանոնակարգ-օրենքի 6.1 հոդվածով նախատեսված էթիկայի կանոնները խախտելու հարցը եւ կայացնել համապատասխան որոշում:

Էթիկայի հանձնաժողովի նիստում միաձայն որոշում է կայացվել դիմումին ընթացք տալ, եւ զեկուցող է նշանակվել Թեւան Պողոսյանը:

Tevan_Pogosyan

Լրագրողների հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Վահան Բաբայանն ասաց, որ արդեն իսկ բոլոր փաստերը ներկայացված էին եւ հանձնաժողովը որեւէ հիմք չուներ մերժելու այն. «Կանոնակարգ օրենքում գրված է, որ պատգամավորը քվեարկում է ինքնուրույն: Քանի որ կա փաստ, որ պատգամավորները քվեարկել են ոչ իրենց փոխարեն, ավտոմատ ընդունվում է վարույթ»:

Թե ինչ է սպասվում կարգազանց պատգամավորներին՝ Վահան Բաբայանն ասաց, որ այս տարի անպայման պետք է ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների գնան, որպեսզի ԱԺ էթիկայի հանձնաժողովի որոշումներով նաեւ կարողանան պատասխանատվության ենթարկել պատգամավորներին. «Դա ավելի կզգոնացնի, կկարգավորի ոլորտը: Ցավալի է, որ պատգամավորները կարող են ասել՝ դե, էթիկայի հանձնաժողովն արձանագրեց, ի՞նչ դրանից: Իրենք ճիշտ են, բացի արձանագրելուց, էթիկայի հանձնաժողովը այլ լիազորություն չունի»:

Հարցին՝ դիմումում նաեւ ԲՀԿ պատգամավորների խախտման մասին խոսք կա, դա Ձեզ չի՞ կաշկանդում, որպես հանձնաժողովի անդամ, օբյեկտիվ որոշում կայացնել՝ Վահան Բաբայանը պատասխանեց. «Անձամբ ինձ համար որեւէ տարբերություն չկա: Բոլորն էլ իմ ընկերներն են, գործընկերներն են, բայց կա փաստ: Եթե զբաղվում ենք այս գործունեությամբ, եթե կան խախտումներ, մեզ դիմում են, որեւէ անձնական, սիմպատիայի, անտիպատիայի հարց չկա»:

Փետրվարի 1-ին հանձնաժողովում կքննարկվի ինչպես այս հարցը, այնպես էլ ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանի հետ կապված դիմումը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031