Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր պատասխանելով այն հարցին, թե կիջեցնի՞ Ռուսաստանը գազի գինը Հայաստանի համար, ասաց, որ եթե գնի իջեցման նախադրյալ չլիներ, ՀՀ կառավարությունը դժվար թե դիմեր ռուսական կողմին:
Ըստ էկոնոմիկայի նախարարի, էներգակիրների գինը տնտեսության համար կարեւոր նշանակություն ունի հատկապես այն տնտեսվարողների համար, որոնք գազի ու էլեկտրաէներգիայի մեծ սպառողներ են. «Այդ հնարավորությունը չօգտագործելը կամ չփորձելը ճիշտ չէր լինի»:
Այն հարցին էլ, եթե Ռուսաստանը մերժի եւ Հայաստանի համար չիջեցնի գազի գինը, հնարավո՞ր է Հայաստանը որոշի հրաժարվել ռուսական գազից ու Իրանից գազ ներկրելու ծրագիր սկսի, պարոն Ճշմարիտյանը պատասխանեց. «Դրանք բանակցությունների թեմաներ են: Երկուսն էլ մեր գործընկեր երկրներն են: Մանավանդ Իրանի վրայից հիմա հանվում են որոշակի պատժամիջոցները, եւ Հայաստանի համար նոր հնարավորություններ են ստեղծվում: Դա լրացուցիչ թթվածին կարող է լինել մեր տնտեսության համար»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ