Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր քաղաքը». Պատասխան՝ քանդարարներին

Հունվար 20,2016 14:38

ԶԼՄ-ների միջոցով ստացանք ՀՀ քաղաքաշինության նախարարության արձագանքը․ «Ն. Սարգսյանը տվյալ շենքի քանդման թույլտվության հետ որևէ առնչություն չունի, ավելին՝ այդ մասին տեղեկացել է ԶԼՄ-ներից: Ինչ վերաբերում է ազգային պատկերասրահի քանդման վերաբերյալ պարբերաբար հնչող «ահազանգերին», բազմիցս ասվել է՝ նման հարց օրակարգում չկա և չի եղել: Դա այդ թեման բարձրացնողների հիվանդ երևակայության արդյունքն է»:

Ենթադրենք՝ Ն․ Սարգսյանը մեր մայրաքաղաքում որևէ շենքի քանդման հետ առնչություն չունի և իր գործին վերաբերող իրադարձությունների մասին տեղեկանում է ԶԼՄ-ներից։ Այնուամենայնիվ, դեռևս 2012 թվականին տված հարցազրույցներից մեկում նա հստակ նշել էր, որ Արամի 30 հասցեում գտնվող շենքի տարածքի հաշվին նախատեսվում էր լայնացնել Աբովյան և Արամի փողոցները, սակայն այդ պահին շենքը չէր խանգարում շինարարությանը։

Գիտակցելով, որ հստակության բացակայությունը անօրենների ձեռագրի կարևոր յուրահատկությունն է՝ նշենք, որ եթե նույնիսկ այսօրվա օրակարգում չկա այլ շենքերի քանդման ծրագիր և դրանց վտանգ չի սպառնում, ապա Արամի 30–ի դառը ճակատագրից դատելով՝ դա չի նշանակում, որ վտանգ առհասարակ չկա և չի լինելու։ Հիվանդ մտքի արգասիքներն անկանխատեսելի են, և եթե մեկն ասի, թե մնացյալ հուշարձանների պահպանությունը երաշխավորված է, ապա կարող ենք պատասխանել մեջբերելով նույն Ն․Սարգսյանի խոսքերը. «տպավորությունն է այդպիսին, բայց իրականությունը այդպիսին չէ»։

Իսկ Աշոտ Ալեքսանյանի ձևակերպած «բարի նպատակով քանդել»  հասկացություն մեզ համար գոյություն չունի։ Բարի նպատակով կարելի է ոչնչացնել միայն արատը կամ թերությունը, օրինակ` քաղաքի պատմական շենքերի հաշվին փողոց լայնացնելու արատավոր գործելակերպը, որը, ցավոք, նաև իր նմաններն են որդեգրել։

Դիմում ենք քաղաքային իշխանություններին, վերոհիշյալ նախարարության անձնակազմին և տխրահռչակ կառուցապատողին․ կարծում եք պատահակա՞ն զուգադիպություն է այն, որ «Իսլամական պետության» խմբավորումները ավերում են Սիրիայի Պալմիրա քաղաքի հուշարձանները, իսկ դուք այստեղ՝ Հայաստանում ջնջում եք դարավոր Երևանի պատմական շերտերը։ Եվ արդյոք «հուշարձան» կարգավիճակը ինչ-ինչ անփառունակ հանձնաժողովների փաստաթղթերով է որոշվում։

2800-ամյակին ընդառաջ Երևանի հնությունները ոչնչացնելու մոլուցքը նույնիսկ ձեր գործակատարներն են փորձում բացատրել՝ հարցնելով․ «իսկ Երևանդ քանի՞ տարեկանա,․․ըստեղ գյուղ ա եղել»։ Գյուղը, եթե ոչ գոմը, գուցե այն վայրն է, որտեղից շատերը եկել են Երևան ու հիմա ջնջում են հին երևանցու հիշողությունները։ Եվ միանգամայն բնական է, որ մայրաքաղաքի անցյալը զրոյացնելու այդ դիրքորոշումը պաշտպանում են ներկայիս ոչ երևանցի ղեկավարները, որպեսզի հոգեբանորեն ճնշեն իրենց թերարժեքության զգացումը և ոմանց էլ համոզեն, թե իրենց՝ պազիկներով Երևան հասնելուց առաջ այստեղ քաղաքակրթություն չի եղել։

Իսկ Արամի 30-ի հանդեպ իրականացված հանցագործության ականատես քաղաքացի Լևոն Վխկրյանին իր «հոգատար լինելու համար շնորհակալություն» հայտնելու փոխարեն , քաղաքապետարանի աշխատակիցները պարտավոր էին, մեր՝ հարկատուներիս ստեղծած բյուջեից իրենց տրվող աշխատավարձի դիմաց կատարել իրենց պարտավորությունները, ներառյալ` քաղաքի պատմական շենքերի պահպանությունը և դրանց վերականգնումը գալիք սերունդների համար։ Սակայն ինչպես ասում են՝ գայլի գլխին ավետարան կարդալն անիմաստ է։

Երևանի պատմական դիմագծի աղճատման պատասխանատուների համար քաղաքի անեծքից ազատվելու միակ ճանապարհը իրենց իսկ քանդած շենքերը նույն տեղում բեկոր առ բեկոր վերակառուցելն է, սակայն նրանք, իհարկե, կծիծաղեն այդ մտքի վրա՝ այնպես, ինչպես մենք ենք դառը ծիծաղում նրանց տգիտության, սնափառության և քաղաքաշինական համանման հանցագործություններից առաջ Թամանյանի անունը հիշատակելու սովորության վրա։

«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031