Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը սրտնեղել է՝ մտավորականների ձայնը լսելի չէ:
«Մենք փոքր կորիզ ենք կազմում ու այսօր փաստի առաջ ենք կանգնել, մեր ձայնը հասանելի չէ»,- «Հայելի» ակումբում ասաց քանդակագործը:
Նկարիչ Հաղթանակ Շահումյանն էլ նկատեց, որ Երեւանի դիմագիծը վերջին տարիներին փոխվել է. «Երբևէ չենք գնահատել մեր ունեցածն ու ոչնչացրել ենք: Ամեն ինչ թողել են սեփականատիրոջ կամքին, իշխանությունները դերակատարություն չունեն»:
Քանդակագործն էլ անդրադարձավ «Զվարթնոց» օդանավակայանի աշտարակին, որի քանդման որոշում կա. «Շատ գեղեցիկ կառույց է։ Ճարտարապետությունը պետք է իր մեջ կենդանի շունչ ունենա, ջերմացնի քեզ, սակայն վերջին տարիներին Երևանում կառուցվող շենքներն այդ կենդանությունը չունեն։ Մի շնչով ավերում են ամեն ինչ։ Էլիտար կոչված շենքերում ո՛չ հոգի կա, ո՛չ կյանք։ Վախենում եմ, որ Արամի փողոցն էլ հիմնահատակ քանդվի։ Աստված տա՝ գոնե Արամ Մանուկյանի տունը պահպանվի: Տեսնում ենք՝ հին Երեւանից բան չի մնացել»:
Կարդացեք նաև
Պարոն Թոքմաջյանը դժգոհեց, որ հիմա ամեն ինչ քանդում են սեյսմիկ անկայուն լինելու պատրվակով. «Սեսմակայունությունը այնպիսի մի բառ է դարձել, որ ինչ ուզում են քանդել, ասում են՝ սեյսմիկ անկայուն վիճակում է: Զվարթնոցի գմբեթը սեյսմիկ կայուն վիճակում է, ինչ-որ մեկը տարածքը վերցրել է, պարզապես իրեն այդ հատվածը պետք չէ»:
Հաղթանակ Շահումյանն էլ շարունակեց՝ հնարավոր է , որ որպես օդանավակայան այն չի բավարարում այսօրվա չափանիշներին, բայց. «Կարելի է օգտագործել չէ՞, մեր պատմությունը հո չենք ջնջելու»:
Իսկ Լևոն Թոքմաջյանն էլ օդանավակայանի վարձակալ Էդուարդո Էռնեկյանին դիմեց կոչով. «Հապճեպ որոշումներ չկայացնել և «Զվարթնոց»-ի հին շենքը ապամոնտաժելուց առաջ մասնագետների հետ շենքի շահագործման լուրջ նախագծեր մշակել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ