Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եթե Այվազովսկու գողացված կտավը գտնվի, ժառանգներն այն կհանձնեն Ազգային պատկերասրահին (Տեսանյութ)

Հունվար 20,2016 13:53

«2015թ. Հայաստանի ազգային պատկերասրահ է այցելել 84 հազարից ավելի մարդ»,-այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում լրագրողներին հայտնեց պատկերասրահի գիտքարտուղար Արմինե Գաբրիելյանը:

Ամփոփելով տարին՝ նա ներկայացրեց կազմակերպված միջոցառումները. «Ունեցանք 20-ից ավելի ցուցահանդեսներ: Մասնավորապես, Կոմիտասի 145-ամյակին նվիրված ցուցահանդեսում ներկայացվեցին ժամանակակից ստեղծագործողների աշխատանքներ, որոնք նվիրաբերվեցին Կոմիտասի թանգարան-ինստիտուտին: Գրիգոր Աղասյանին նվիրված ցուցահանդեսի միջոցով այցելուները ճանաչեցին հին Երեւանի քնարերգուին, ով անդրադարձել է նաեւ ցեղասպանությանը: «Ոչ ցեղասպանությանը» խորագրով մանկական ցուցահանդեսն էլ նվիրված էր ցեղասպանության ժամանակ սպանված երեխաներին: Սեդրակ Առաքելյանի ծննդյան 130-ամյակին նվիրված ցուցահանդեսում էլ առաջին անգամ ցուցադրվեցին նրա մեծ թվով աշխատանքներ, տպագրվեց պատկերագիրք»:

Պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը հայտնեց, որ առաջիկայում ընդլայնվելու է կոլեկցիոներների հետ գործակցությունը՝ նախկինում չցուցադրված աշխատանքները այցելուներին ներկայացնելու համար:

Հիշեցնենք, որ Եղիշե Թադեւոսյանի 145-ամյակին նվիրված ցուցահանդեսը ներառում էր Վահագն Գրիգորյանի անհատական հավաքածուն, որի շնորհիվ շատ արխիվային նյութեր բերվեցին Հայաստան ու ցուցադրվեցին առաջին անգամ՝ Ազգային պատկերասրահում:

«Մենք նաեւ նոր էջ ենք բացում՝ ներկայացնելով սփյուռքահայ արվեստագետներին, որոնց մասին շատ քիչ բան գիտենք: Պատրաստելու ենք սփյուռքահայ նկարիչների ցուցահանդեսների շարք»,- տեղեկացրեց Արման Ծատուրյանը:

Նա անդրադարձավ նաեւ պատկերասրահից թանգարանային նմուշների գողության դեպքերին՝ ասելով, որ դրանք բացառելու նպատակով առաջիկայում հաստատության ֆոնդերում եւ միջանցքներում կտեղադրվեն 120 տեսախցիկներ:

Ծատուրյանի փոխանցմամբ՝ ներկայումս էլ ընթացքի մեջ են մի քանի քրեական գործեր:

Հիշեցնենք, որ 2009 թվականի մարտի 30-ի լույս 31-ի գիշերը պատկերասրահի Հրազդանի մասնաճյուղից գողացել են 19 ստեղծագործություններ, այդ թվում՝ Այվազովսկու «Նավաբեկությունը»: «Պետությունը փորձում է վերադարձնել այդ կտավը: Ժառանգներն ասել են, որ եթե գտնվի, կվերադարձվի Ազգային պատկերասրահին»,- ասաց պարոն Ծատուրյանը:

Հավելենք, որ արդեն չորս քանդակ է վերադարձվել Ազգային պատկերասրահին. գնորդները չեն իմացել, որ դրանք թանգարանային առարկաներ են: Դրանք առգրավվել են եւ ի պահ հանձնվել պատկերասրահին:

Ի դեպ, այս տարի մշակութային հաստատությունում նախատեսվում է ստեղծել մասնավոր հավաքածուների բաժին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031