«Կարեւորվում է զոհաբերվող սիրո խորհուրդը, որն անհրաժեշտ է յուրաքանչյուր քրիստոնյայի փրկության համար: Ամեն օր խոսում ենք աստվածային սիրո դրսեւորումների մասին, բայց երբեք չենք կարող ասել՝ այնքան շատ խոսեցինք, որ թեման սպառված է: Այդ սիրով պետք է ապրել, դա ամբողջ կյանքի համար է»,-այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում, խոսելով Սուրբ Սարգսի տոնի խորհրդի մասին՝ ասաց Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Նա ընդգծեց, որ Սուրբ Սարգիսն առանձնահատուկ է մեր ժողովրդի համար. «Մարդիկ հաճախ են ապավինել նրա բարեխոսությանը, երբ դժվարության մեջ են եղել: Սուրբ Սարգսի նահատակության պատճառը պատմության ակունքներում է: Երբ Սուրբ Սարգիսն անցավ Պարսկաստան, հալածանքները շարունակվեցին, քանի որ նա քրիստոնյա էր: Բնականաբար, նա չհամաձայնեց երկրպագել հեթանոս կուռքերին: Նահատակությունը նրա հավատքի հետեւանքն է: Հաճախ մարդիկ սխալ պատկերացում ունեն քրիստոնեության հանդեպ: Այն խեղճության կրոն չէ: Դրա վառ օրինակը Սուրբ Սարգիսն է, որը ոչ միայն քաջ ու հզոր զորավար էր, այլեւ քրիստոնեության քարոզիչ»:
Տեր Եսային փաստեց, որ արդեն 11 տարի Արարատյան հայրապետական թեմի նախաձեռնությամբ Սուրբ Սարգսի տոնը նշվում է ոչ միայն եկեղեցական ծիսակարգով, այլեւ ավանդույթներով. «Մեզ համար կարեւոր է, որ այս միջոցառումների շնորհիվ տոնը դառնա յուրաքանչյուրի ուրախությունը եւ հոգեւոր վերապրումը: Վերջին 11 տարում նոր ավանդույթներ են կազմավորվել: Միամտություն է կարծել, թե եկեղեցին ավանդույթ է ձեւավորում եւ պարտադրում ժողովրդին: Այս տարիները ցույց տվեցին, որ մարդիկ իրենցն են դարձրել խաչերթը, որը սկսվում է Սուրբ Սարգիս եկեղեցուց եւ ավարտվում Սիրահարների այգում: Բացի այդ, ժողովուրդը սպասում է մեկ այլ կարեւոր ավանդույթի, երբ Մայր Աթոռից Սուրբ Սարգիս եկեղեցի է բերվում սրբի մասունքը»:
Բանախոսը տեղեկացրեց, որ այս տարի եւս տոնը նշվելու է մի շարք մշակութային եւ կրթական միջոցառումներով. նորույթը զինվորների պարգեւատրման արարողությունն է. «Տոնի օրը պատարագից հետո կպարգեւատրվեն ՀՀ պետական սահմանին ներկայումս ծառայող այն ժամկետային զինծառայողները, որոնք լավագույնս են դրսեւորվել հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու ընթացքում: Ցուցակը տրամադրել է Պաշտպանության նախարարությունը: Մեզ համար կարեւոր է, որպեսզի զինվորները համոզված լինեն՝ մենք միշտ նրանց կողքին ենք: Սահմանում չենք ֆիզիկապես, բայց յուրաքանչյուրս հայրենիքի պաշտպան-զինվոր ենք»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Սուրբ Սարգսի տոնի ժողովրդական ավանդույթներին, Տեր Եսային նկատեց, որ երիտասարդներն ավելի շատ են հարցնում՝ երբ է աղի բլիթ ուտելու օրը, երբ է պատարագը, ինչպես մասնակցել խաչերթի. «Աղաբլիթին եկեղեցին դեմ չէ, դա ժողովրդական ավանդույթ է, եկեղեցին ոչ խրախուսում է, ոչ արգելում: Պարզապես հորդորում ենք աղաբլիթի հետ գուշակություններ չկապել»:
Հավելենք, որ Սուրբ Սարգսի տոնն այս տարի նշվելու է հունվարի 23-ին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ