«Վերջին տարիներին համատեղ հսկայական աշխատանք է կատարվել։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մենք գտնվում ենք միասնական տնտեսական եւ անվտանգության միություններում։ Հատկապես անվտանգության համակարգը միասին ենք կառուցում եւ միասին ավելացնում ենք մեր զինված ուժերի ու մեր երկրների պաշպանական ներուժը»,- այս հայտարարությունն այսօր արեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Այսօր ՀՀ Պաշտպանության նախարարությունում տեղի էր ունենում Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը։ Սեյրան Օհանյանն իր բացման խոսքում նշեց, որ այս տարիներին Ռուսաստանի Դաշնության կողմից մեծ աշխատանք է կատարվել, եւ օգնություն է ցուցաբերվել մեզ տեխնիկա մատակարարելու գործում:
«Այժմ կա հստակ պայմանագրերի եւ իրավական բազա, որոնց միջոցով մենք կկարողանանք զարգացնել մեր հարաբերությունները։ Ամենակարեւորն այն է, որ մենք հնարավորություն ենք ստեղծել մեր ձեռնարկատերերի, հոլդինգների, հասարակության եւ տարբեր կազմակերպությունների համար, որպեսզի նրանք կարողանան անմիջական կապ հաստատել, համագործակցություն ստեղծել, համատեղ ձեռնարկություններ ստեղծել»,- ասաց նախարարը։
Կարդացեք նաև
Նա նաեւ հավելեց, որ ամենակարեւորն անվտանգության ապահովումն է «հատկապես Հայաստանի համար, որը կտրված է ընդհանուր սահմաններից, նույնիսկ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից եւ Ռուսաստանի ներքին գներով ժամանակակից զենք գնելու հնարավորությունը։ Դա հենց Հարավային Կովկասում զսպման համակարգ ստեղծելու հնարավորություն է տալիս»։
Պաշտպանության նախարարության տրամադրած տեղեկանքում նշված է, որ նիստի ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության նորմատիվ-իրավական բազայի կատարելագործման, Հայաստանի տարածքում սպառազինության եւ ռազմական տեխնիկայի վերանորոգման ու տեխնիկական սպասարկման համար սերտիֆիկացված սպասարկման կենտրոնների ստեղծման ոլորտում համագործակցության իրականացման, ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման եւ այլ հարցեր։
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ