«Փորձենք ավելացնել իրանական գազի սպառման մեր ծավալները: Իրանի գազը Վրաստանին մատակարարելու համար ոչ փող է պետք, ոչ մի բան: Մի պաշտոնյա մի քանի օր առաջ ասում էր`նրբություններ կա, մեզ չեն խնդրել: Իսկ ո՞վ պիտի մեզ խնդրի: Մենք պիտի նախաձեռնող լինենք»,- այսօր «Հայացք» մամուլի ակումբում իր վրդովմունքը բարձրաձայնեց քաղաքագետ, «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Գրիգորյանը`խոսելով Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման ֆոնին առաջացող հնարավորությունների մասին:
«Ամբողջ աշխարհի տանկերները կանգնած են Իրանում, որպեսզի նավթը տանեն իրենց երկրներ: Սանկցիաները հանելու մասին խոսակցություններից սկսած բոլորը լցվեցին Թեհրան: Մենք հարեւան ենք, ոչինչ չարեցինք: Ես չեմ ասում, մենք մեծ հավակնություններ դրսեւորենք, բայց բազմաթիվ մանր ծրագրեր կան, որոնց հարցում մեր նման փոքր երկրները կարող են գործոն լինել: Արագ է պետք արձագանքել եւ օգտագործել հնարավորությունները: Եթե մենք իրանական գազը արագ չտանք Վրաստանին, Ադրբեջանը կանի եւ հետո անօգուտ կլինի»,- շարունակեց քաղաքագետը`հավելելով, որ Իրան-Հայաստան երկաթգիծը շատ կարեւոր է, բայց մեծ ներդրումներ են պետք, լուրջ հարցեր կան քննարկելու եւ ինքն այս հարցում չի մեղադրում կառավարությանը, որ հեշտ եւ արագ չի գնում լուծումների:
Իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստանին մատակարարելու հարցում նա տեսնում է ՌԴ-ի գործոնը: «Բայց մենք ի վերջո կարո՞ղ ենք մեկ անգամ սուվերեն որոշում կայացնել»,- ասաց նա: Դիտարկմանը, որ գազատարը պատկանում է «Գազպրոմին» նա հակադարձեց. «Գազպրոմին» մենք պետք է բացատրենք, որ դա իրենց էլ է ձեռնտու: Եթե ՌԴ-ն դեմ լինի, մենք պե՞տք է դա իրականացնենք, թե՞ ոչ: Վա՞տ է տասը տոկոս գազ կմնա մեզ` գազի կամ գումարի ձեւով»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ