«Առավոտի» հարցազրույցը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ:
– Տիկին Զոհրաբյան, ՀՅԴ-ն պաշտոնապես հայտարարել է, որ ՀՀԿ-ի հետ բանակցում է կոալիցիայի շուրջ։ Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ ԲՀԿ-ի հետ եւս գնում են ապագա կոալիցիայի շուրջ բանակցություններ։ Կա՞ նման բան։
– Երկու օր է արդեն ես պատասխանում եմ նույն հարցին՝ ո՜չ, չկա նման բան։ Չկա որեւէ առաջարկ կոալիցիայի հետ կապված, եւ բնականաբար, չի կարող լինել նաեւ որեւէ քննարկում։
– Իսկ եթե լինի առաջարկ՝ ԲՀԿ-ն պատրա՞ստ է ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ գնալ կոալիցիայի։
Կարդացեք նաև
– Գիտեք, ես քանիցս ասել եմ՝ ոչ մի կոալիցիա չպետք է ինքնանպատակ լինի։ Ամեն ինչ կախված է նրանից, թե կունենա՞ս դու քաղաքական որոշումների վրա ազդելու հնարավորություն, թե՝ ոչ, կունենա՞ս ծրագրային քո հիմնադրույթները իրականացնելու հնարավորություն՝ թե ոչ։ Իսկ եթե կոալիցիայի նպատակը պետք է լինի այն, որ մի երկու կուսակցական դառնան նախարար ու մարզպետ, ինձ համար, որպես կուսակցության ղեկավարի, դա բացարձակ անընդունելի մոտեցում է։
– Սակայն ԲՀԿ գործարար թեւը, մեր տեղեկություններով, պնդում է կոալիցիայի տարբերակը։ Անգամ գործարար խավի մեջ կան ԲՀԿ-ական պատգամավորներ, ովքեր իրենց արդեն նախարարի եւ մարզպետի աթոռին են տեսնում։
– Կրկնում եմ, ԲՀԿ-ին որեւէ առաջարկ չի եղել, եւ ԲՀԿ-ի ներսում նման քննարկումներ չկան։ Ուստի, ո՞վ ինչ է ուզում, եւ ո՞վ իրեն որտե՞ղ է տեսնում, կարծում եմ, որ այս պահին նման խոսակցություններն ուղղակի կոռեկտ չեն։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ