Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը վստահեցնում է՝ վերջին երկու տարում «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի քանդման մասին ավագանին որոշում չի քննարկել:
«Հավանական է, որ այս հարցը որոշվել է ոչ թե Երևանի քաղաքապետարանում, այլ վերևներում: Կարծում եմ՝ այս հարցը նույնիսկ կառավարության մակարդակով չի որոշվում: Գործն անթաքույց կերպով առաջ են տանում օրենքներից վեր կանգնած մարդիկ։ Եթե «Զվարթնոցի»-ի վարձակալ Էդուարդո Էռնեկյանը մի բան է ուզում, Հայաստանում նրան «ոչ» ասող չի լինում։ «Ոչ» ասող չի եղել նաև Աբովյան-Արամի խաչմերուկում գտնվող հին շենքը գիշերը գաղտագողի քանդած անձին»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Անահիտ Բախշյանը:
Ըստ նրա, քանդեցին «Սևան» հյուրանոցը, Երիտասարդական պալատը, Ամիրյան փողոցի վրա տեղակայված Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը և ուրիշ շատ այլ շենքեր.« Եվ սա վերևում կանգնած մի քանի մարդու համար, ում համար ոչ օրենք կա, ոչ ՝ Կառավարություն: Ով ուժեղ է, ով զորավոր է, կարող է հին շենքեր քանդել»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն էլ վստահ է, որ ամեն ինչ օրենքի շրջանակում է, խորհուրդ տվեց չմտահոգվել: Իսկ Արամի 30 հասցեում նախորդ օրը քանդված շինության ճակատագրին չցանկացավ անդրադառնալ. «Ես ոչ քաղաքապետարանի, ոչ ավագանու անդամ եմ, եթե հարցը վերաբերվի օրենքի մեկնաբանությանը, կարող եմ մեկնաբանել, մնացած հարցերը տվեք քաղաքապետարանին, քաղաքաշինության նախարարությանը»:
Կարդացեք նաև
Ըստ նրա քանդվող շենքերը միգուցե աչքի համար հաճո են, բայց սեյսմոլոգիական խնդիրներ ունեն, պահպանման համար լուրջ ծախսեր են պետք, որոնք չեն կարող իրականացնել սեփականատերերը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ