Ով ՀՀԿ-ի հետ կոալիցիա է կազմում, հեղինակազրկվում է: Նման կարծիք այսօր «Հայելի» ակումբում հայտնեց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Նա զարմանում է՝ ինչու է խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ խոսք գնում կոալիցիայի մասին, երբ սովորաբար ողջամիտ կոալիցիաները ձեւավորվում են ընտրություններից հետո:
«Ցանկացած ընտրության ժամանակ իշխանությունները խփում են այնքան, որ կոալիցիայի կարիք էլ չունեն»,-ասաց Անահիտ Բախշյանը:
«Դա էլ է շնորհք»,-շարունակեց ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
«Իհարկե, կեղծելը, նկարելը ընտրությունների ժամանակ, դա մեծ շնորհք է»,- հեգնեց Անահիտ Բախշյանը:
Կարդացեք նաև
Սուքիաս Ավետիսյանն էլ ասաց, որ երեկոյան է իմացել կոալիցիայի շուրջ բանակցությունների մասին. «Ես ոչինչ չգիտեմ, բանակցություններին չեմ մասնակցել: Մենք ողջունում ենք ցանկացած կոալիցիա: Միշտ էլ ասել ենք, որ պատրաստ ենք կոալիցիաներին: Կառուցողական ուժերի հետ կոալիցիա կազմելուն պատրաստ ենք՝ երկրի հետագա կառավարման ընթացը կազմակերպենք»:
Անահիտ Բախշյանն էլ կարծիք հայտնեց, որ խորհրդարանական ընտրություններից առաջ կոալիցիայի ձեւավորմամբ ձեւում են ապագա խորհրդարանը. «Որ համապատասխան թվերը խփեն: Կողմնակից եմ համագործակցության, բայց իդեալական տարբերակը կլինի, եթե 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ողջամիտ կոալիցիա ձեւավորվի: Բայց հիմա ողջամիտ կոալիցիայի հետքն էլ չեն թողնում: Մի տարի առաջ բազարների մասին եք խոսում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ