Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է դանդաղում կառավարությունը. Ստեփան Գրիգորյանը վրդովված է

Հունվար 20,2016 11:49

«Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը Հայաստանի առջեւ կանգնած հիմնական մարտահրավերներից է համարում ԵՄ-ում ճգնաժամը: «Այն լուրջ է նաեւ միգրանտների հետ կապված: Ու այն մեր շահի հետ է կապված, քանի որ Հայաստանի գլխավոր «հովանավորը» ԵՄ-ն է, մասամբ նաեւ ԱՄՆ-ը»,- այսօր «Հայացք» մամուլի ակումբում իր կարծիքը բարձրաձայնեց քաղաքագետը:

Նա ոչ պակաս մարտահրավեր է համարում ՌԴ-ում խորացող տնտեսական, Թուրքիայում եւ Ադրբեջանում ներքին ճգնաժամերը: «Մարդու իրավունքների, սոցիալ-տնտեսական խնդիրները Ադրբեջանում կարող են անդրադառնալ ԼՂՀ հարցի վրա`այդ ճգնաժամը պատերազմով կոմպենսացնելով»,- ասաց նա:

Քաղաքագետը զարմացած է. Ուկրաինայի համար, որի հետ ՌԴ-ն պատերազմի մեջ է, ավելի էժան է գազի գինը`100 խորանարդ մետրի համար 200 դոլար, մինչդեռ Հայաստանը 280 դոլարով է գազ գնում իր ռազմավարական գործընկերոջից:

«Շատ լավ է, որ կառավարությունը դիմել է «Գազպրոմին»`գազի գինը իջեցնելու համար, բայց դա պետք է առնվազն երկու ամիս առաջ արված լիներ, երբ ձեւավորվեց նավթի գների անկման միտումը: Մենք պետք է սովորենք արագ արձագանքել այդ հարցերին: ԵՄ-ի հետ բանակցությունները վերսկսվեցին, հիմա խոսում են մեկ տարվա մասին, երբ երեք ամսում կարելի է փաստաթուղթ ստորագրել: Պայմանագիրը պատրաստ է, դրանից ազատ առեւտրին վերաբերվող մի քանի կետեր պիտի հանել: Արագ պետք է արձագանքել իրավիճակին: Փաստ է, որ ռուսական շուկան փակվեց: Քաղաքական պատասխանատվության հարց կա, ո՞ւր են այն մարդիկ, ովքեր երկու ձեռքով կողմ էին ԵՏՄ-ին: «Գազպրոմին» դիմելը, ԵՄ-ի հետ բանակցությունների վերսկսումը ցույց տվեց, որ ԵԱՏՄ մտնելը սխալ էր: Հիմա պետք է արագ անել ամեն ինչ, ինչի՞ են սպասում կամ ձգձգում: Մոտ ժամանակներս նոր մարտահրավերներ կծնվեն: Պետք է սովորենք ՌԴ-ի հետ աշխատել, ես չեմ կարծում, որ այդքան վատ է մեր սուվերենության հարցը: ՌԴ-ի ազդեցությունը մեծ է, ես համաձայն եմ, բայց պետք է աշխատել այդ երկրի հետ, բացատրել, հասկացնել եւ այլընտրանք ստեղծել»,- իր վրդովմունքը հայտնեց քաղաքագետը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031