Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ հետ
-Տարեվերջին ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը հայտ ներկայացրեց այս կամ այն ձեւաչափով մասնակցելու 2017թ. խորհրդարանական ընտրություններին։ Կարծում եք՝ «Իվանիշվիլիի ֆենոմենը» Հայաստանում կարո՞ղ է աշխատել։
-Ժամանակը ցույց կտա՝ ով ինչ տեղ կարող է զբաղեցնել Հայաստանի քաղաքական դաշտում։ Ինչ վերաբերում է կոնկրետ Արա Աբրահամյանին, Արա Աբրահամյանը, եթե չեմ սխալվում, շատ փող ունի։ Այլ արժանիքներ չեմ կարող նշել։ Հիմա, եթե այդ փողերի մի մասը որոշել է ներդնել Հայաստանում, թող ներդնի՝ խնդիր չեմ տեսնում։ Կարեւորն այն է, որ դա ամբողջությամբ տեղավորվի մեր օրենքների, առաջին հերթին՝ սահմանադրության շրջանակներում։
Ամեն դեպքում, չեմ կարծում, թե Ա. Աբրահամյանի հնարավոր մասնակցությունը շատ բան է փոխելու նախընտրական խճանկարում. Հայաստանում կան կայացած քաղաքական ուժեր, կուսակցություններ, որոնք փորձում են կայանալ, եւ կարծում եմ, հենց նրանք կլինեն մեր մրցակիցներն առաջիկա խորհրդարանական ընտրություններում։
Կարդացեք նաև
-Ա.Աբրահամյանի լայն կապերը, մասնավորապես ՌԴ նախագահի «վստահված անձը» լինելու հանգամանքը, բարենպաստ դաշտ չե՞ն ստեղծում նրա քաղաքական հավակնությունների իրացման համար։
-Դե բնական է, մեծ փողերն առանց լայն կապերի չեն լինում։ Որտեղ էլ լինի՝ Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Բուրկինա Ֆասոյում թե Հայաստանում, եթե մարդը հաջողակ է բիզնեսի մեջ, որոշակի կապեր էլ պետք է ունենա։ Բայց ամեն ինչից անկախ, ՀՀ ընտրողը եւ քաղաքացին է որոշելու՝ ում տալ իր ձայնը, այնպես որ ժամանակից առաջ չընկնենք։
Իմ կարծիքով՝ ՀՀ քաղաքացին բավականաչափ հասունացել է, որպեսզի իր ընտրությունը պայմանավորի ոչ թե այս կամ այն անհատի «արտասահմանյան կապերով», այլ նրանով, թե որքանով հայաստանակենտրոն են նրա ծրագրերը, որքանո՞վ է այդ մարդը ապրում Հայաստանի հոգսերով, ինչ ճանապարհ է անցել, կարո՞ղ է բաց ճակատով ներկայանալ ընտրողին եւ հայցել նրա քվեն։ Մնացածը երկրորդական է։
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում