Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զորամիավորման հրամանատարի տեղակալին 2-5 տարի ազատազրկում է սպառնում

Հունվար 20,2016 11:26

Հունվարի 22-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում կսկսվի Գարեգին Ասրյանի, Էդգար Մանուկյանի, Տիգրան Մանուկյանի, Սամվել Գրիգորյանի, Ռուսլան Խուդոյանի, Արման Արաբաչյանի, Արտաշես Մինասյանի եւ Միհրան Մախսուդյանի դատավարությունը: Նրանց մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Վանաձոր քաղաքի բնակիչ, 1979թ. ծնված Գարեգին Ասրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասերից մեկի վաշտի հրամանատար, վաշտի պաշտպանական շրջանում գտնվող մարտական հենակետերի պատասխանատու, պաշտոնատար անձ, պարտավոր լինելով միջոցներ ձեռնարկել եւ հսկողություն իրականացնել հենակետերի անձնակազմերի կողմից իրենց վստահված նյութական միջոցների ճիշտ եւ ժամանակին օգտագործմանը, չարաշահել է իր պաշտոնական դիրքը: Անձնական շահագրգռվածությամբ՝ իր հրամանատարության տակ գտնվող վաշտին ամրակցված «ԶԻԼ-131» եւ «ԳԱԶ-330800» մակնիշի ավտոմեքենաներում պարբերաբար արձանագրվող ավտոբենզինի պակասորդը վերականգնելու նպատակով՝ նախնական համաձայնություն է ձեռք բերել գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Սամվել Գրիգորյանի հետ: Վերջինիս կողմից գումարտակի հրամանատարի՝ թիկունքի գծով տեղակալ, մայոր Տիգրան Մանուկյանին տրված անօրինական հանձնարարությամբ՝ վաշտի պաշտպանական շրջանում տեղակայված հենակետերին՝ կացարանի տաքացման եւ հենակետերի անձնակազմերի համար կերակուր պատրաստելու նպատակով հատկացված դիզվառելիքից 2013թ. հոկտեմբերի, 2014թ. հունվարի, 2014թ. փետրվարի հերթափոխերին հենակետերից յուրաքանչյուրին 20-ական լիտր՝ ընդհանուր 240լ, 2013թ. դեկտեմբերին եւ 2014թ. ապրիլի հերթափոխերին հենակետերից յուրաքանչյուրից 15-ական լիտր, ընդհանուր՝ 120 լ պակաս հատկացված դիզվառելիքը գումարտակի հրամանատարական դիտակետ տանելուց հետո փոխանակել է 180 լ ավտոբենզինի հետ եւ այդ բենզինը լցրել «ԶԻԼ-131» ավտոմեքենայի բաքերի մեջ:

Գ. Ասրյանին 2 դրվագով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով, 2 դրվագով՝ 182 հոդվածի 1-ին մասով, 314 հոդվածի 1-ին մասով, 360 հոդվածի 2-րդ մասով, 365 հոդվածի 1-ին մասով:

Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչ, 1976թ. ծնված Միհրան Մախսուդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հրամանատար, ի պաշտոնե զորամասի տարածքում կատարված արարքների վերաբերյալ գործերով հետաքննության մարմնի պետ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն ունենալով հանցագործություններն ու դրանք կատարող անձանց բացահայտելու ուղղությամբ քրեադատավարական միջոցներ ձեռնարկելու պարտականություն, դրսեւորել է անգործություն: 2014թ. ապրիլ ամսվա կեսերին տեղեկանալով վաշտի հրամանատար, կապիտան Գարեգին Ասրյանի կողմից նույն վաշտի վարորդ, պայմանագրային զինծառայող Սամվել Նահապետյանին ամրակցված «ԳԱԶ-330800» մակնիշի ավտոմեքենայից բենզինի պակասորդ առաջանալու կապակցությամբ վերջինիս գումար շորթելու դեպքի մասին, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր ենթակա Գ. Ասրյանին քրեական պատասխանատվությունից զերծ պահելու նպատակով հանցագործության դեպքին օրենքով սահմանված կարգով ընթացք չի տվել:

Մ. Մախսուդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով (« Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը)»: Սույն հոդվածը նախատեսում է 2-5 տարի ազատազրկում:

Նշենք, որ գնդապետ Միհրան Մախսուդյանը այժմ Հայաստանի բանակային զորամիավորումներից մեկի հրամանատարի տեղակալն է:

Ըստ մամուլի հրապարակումների՝ սույն քրեական գործի հարուցումը կապված է ավտոբենզինի պակասորդի պատճառով Տավուշի մարզի զորամասերից մեկում 2014թ. մայիսի 10-ին ժամկետային զինծառայող Ներսես Կարապետյանի հրազենային վնասվածքից մահվան հետ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031