Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տեսականորեն ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունները կարող են եւ համաձայնությամբ չավարտվել. «Հայոց աշխարհ»

Հունվար 20,2016 11:19

Ինչ-որ տեղ, իհարկե, զարմանալի է, որ բանակցությունների նախնական փուլում կողմերից մեկն առնվազն մի փակագիծ բացում է: Զարմանալի է, քանզի տեսականորեն այդ բանակցությունները կարող են եւ համաձայնությամբ չավարտվել: Սակայն Հրանտ Մարգարյանն էլ քաղաքականության մեջ, կներեք, նորելուկ չէ եւ, բնականաբար, հենց այնպես նման հայտարարություն չէր անի: Ելնելով նրանից, որ բանակցությունների նախնական դրության պայմաններում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը նման հայտարարություն է անում, կողմերն արդեն իսկ որոշակի սկզբունքների շուրջ համաձայնություն ունեն:

Այդ համաձայնությունը կարող է վերաբերել ինչպես նոր մշակվելիք ու ընդունելիք Ընտրական օրենսգրքի սկզբունքներին, այնպես էլ տեսանելի ապագային, օրինակ՝ 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո կոալիցիա կազմել-չկազմելուն:
Ինչ վերաբերում է կոնկրետ Ընտրական օրենսգրքին, ապա արդեն իսկ եղել է տեղեկատվություն, որ քաղաքական ուժերը, համենայն դեպս ՀՅԴ-ն, որոշակի մոտեցումներ է մշակել, որոնց շուրջ ոչ հրապարակային քննարկումներ են տեղի ունենում: Այդ մոտեցումները առնչվում են ինչպես լիովին համամասնական ընտրակարգի անցնելուն, այնպես էլ ընտրատարածքների խոշորացմանը, սահմանադրական փոփոխությունների ընթացքում այնքան արծարծված «կայուն մեծամասնության» եւ, անհրաժեշտության դեպքում՝ ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելուն:

Մի կողմից, իհարկե, կարելի է դիտարկել նախընտրական դաշինքի տարբերակը, քանզի ընտրություններից առաջ կոալիցիա կազմելը հենց նման դաշինք է ենթադրում: Սակայն նախընտրական դաշինքի տարբերակը թերեւս քիչ հավանական է: Առավել ընկալելի է ընտրություններից հետո ըստ արդյունքների կողմնորոշվելը եւ կոալիցիա կազմելը: Այդ առումով իրավացի է Հրանտ Մարգարյանը՝ նշելով, որ իրական կոալիցիան այն է, երբ կուսակցություններն իսկապես մեկը մյուսի կարիքն ունեն:

Ճիշտ է, հիմա շատերը զբաղված են, այսպես ասած, «պորտֆելների բաշխման» ու այդօրինակ այլեւայլ տեղեկություններ հայթայթելով կամ պարզապես դրա մասին ճշմարտանման լուրեր հորինելով, սակայն, կարծում ենք, առանցքային հարցը դա չէ:

Վերջին հաշվով, պորտֆելների, այսինքն՝ պաշտոնների շուրջ համաձայնեցումների մասին կարելի է խոսել, երբ կառավարության կազմը փոփոխվում է, երբ կոալիցիոն համաձայնություն է կնքվում, կամ խորհրդարանական ընտրություններից հետո՝ ըստ արդյունքների: Առայժմ նշվածներից ոչ մեկը տեղի չի ունեցել. Կառավարության կազմն իր տեղում է, կոալիցիոն համաձայնություն կնքված չէ, ընտրություններին էլ դեռ մոտ մեկուկես տարի կա:

Այստեղ էականը քաղաքական դաշտի որոշակի հստակեցումն է: Այսինքն՝ եթե արտառոց ոչինչ տեղի չունենա, իսկ «նախնական բանակցություններն» էլ հանգուցալուծվեն համաձայնությամբ, ապա ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն համաձայնեցված մոտեցմամբ են հանդես գալու այս կամ այն կարեւոր հարցում՝ լինի դա մշակվելիք նոր Ընտրական օրենսգիրքը թե մեկ այլ բան:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031